ՌԴ-ն չի կիսում Նազարբաեւի՝պայման դնելու մոտեցումը. Յուրի Նավոյան

Ն. Նազարբաեւի հայտարարությունն ընդամենը հայտարարություն է եւ չի կարող ընդհանուր գործընթացների վրա ազդել: Այս կարծիքին է «Հայ-ռուսական համագործակցություն» ՀԿ նախագահ Յուրի Նավոյանը: Ըստ Նավոյանի, չպետք է մոռանալ, որ դեռևս 1991 թ. ղարաբաղյան հարցում նա և Ելցինը կարգավորման համատեղ նախաձեռնություն ցուցաբերեցին և Ստեփանակերտ այցելեցին:

Նպատակը, ըստ Յ. Նավոյանի, մեկն է՝ Ղազախստանը նպատակ ունի իր պայմաններն ապահովել Ադրբեջանի հետ հարաբերություններում:

Ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի հարցազրույցը «Հայ-ռուսական համագործակցություն» ՀԿ նախագահ Յուրի Նավոյանի հետ:

– Պարո՛ն Նավոյան, Հայաստանը փաստորեն կստորագրի Եվրասիական միությանը միանալու պայմանագիրը՝ Եվրասիական միության հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջ քաշած պայմանով՝այն է՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի: Ինչո՞վ է բացատրվում Ն. Նազարբաեւի այս շահագրգռվածությունը՝«չգրգռել» հարեւան պետության ղեկավարին՝ Ադրբեջանի նախագահին եւ բավարարել վերջինիս ցանկությունները:

– Հարկավոր է տարբերել գործընթացը հայտարարությունից, Եվրասիական միությանը Հայաստանի միանալու գործընթացը շարունակվում է, ինչն ուղեկցվում է և հնարավոր է, որ ուղեկցվի այլ հայտարարություններով էլ:

Իսկ Եվրասիական միության պայմանագիրը Հայաստանի կողմից ոչ անմիջապես ստորագրելը պայմանավորված է հիմնականում Հայաստանի` գործընթացին ուշ միանալով: Հավանաբար, Մաքսային միության հիմնադիր եռյակը այստեղ էլ է ցանկանում պահպանել հիմնադրի հանգամանքը: Դա ինչ -որ փուլում առավելություններ է ապահովում միանալ ցանկացող երկրների նկատմամբ:

Եվ ահա հենց այս փուլում Ղազախստանը դրսևորում է եվրասիական տարածքում առկա հիմնախնդիրներից մեկի` Արցախի հարցի նկատմամբ իր դիրքորոշումը: Նազարբաևը տարածաշրջանային և համաշխարհային քաղաքականությունում հավակնություններ ունեցող փորձառու գործիչ է և առիթը բաց չի թողնում կարևոր հարցերում ղազախական գործոնը դրսևորելու համար: Չպետք է մոռանալ, որ դեռևս 1991 թ. ղարաբաղյան հարցում նա և Ելցինը կարգավորման համատեղ նախաձեռնություն ցուցաբերեցին և Ստեփանակերտ այցելեցին: Ներկայումս Նազարբաևն իր կեցվածքով ցանկանում է մեծացնել իր մանևրի դաշտը Եվրասիական միությունում, և դրան զուգահեռ իր պայմաններն ապահովել Ադրբեջանի հետ հարաբերություններում, ինչպես նաև իր կարևոր դերն ունենալ թուրքալեզու երկրների համախմբման ձևաչափում:

Տարածաշրջանային որևէ խոշոր տնտեսական ինտեգրացիոն գործընթացին` այս դեպքում Եվրասիական միությանը Հայաստանի մասնակցությունը, խախտում է Ադրբեջանի ներկայիս ղեկավարի` Հայաստանին մեկուսացնելու պատկերացումը: Իսկ թուրքալեզու երկրների համախմբումներում հիմնականում Ալիևը ագրեսիվորեն հենց Հայաստանի մեկուսացման հարցն է բարձրացնում:

Ղազախստանը գտնվում է մի կողմից իր համահիմնադրմամբ ստեղծված Եվրասիական ինտեգրացիոն միավորի ընդլայնման շահագրգռության և մյուս կողմից` ղարաբաղյան խնդրի նկատմամբ իր դիրքորոշման ու թուրքական համերաշխության ապահովման հարցերի միջև:

Ղազախստանի նախագահի մոտեցումը դրսևորվել է հայտարարությամբ, այն կոնսեսուսային որոշում ու Հայաստանի անդամության պայման չի դարձել և չի կասեցնում գործընթացը: Այլ կերպ ասած, Նազարբաևի հայտարարությամբ ձիու և կառքի տեղերը չեն փոխվել, Հայաստանի անդամակցության գործընթացը շարունակվելու է:

– Ձեր կարծիքով ո՞րը պետք է լինի Հայաստանի իշխանությունների քայլը՝ հայտարարել, թե միությանը հրաժարվում են անդամակցել, անդամակցել առանց Արցախի՞, թե …

– Անդամակցելով Եվրասիական միությանը, Հայաստանը խաղի կանոնների հաստատմանը մասնակցելու հնարավորություն ունի և պետք է թե՛ երկկողմ և թե՛ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ հարաբերությունները զարգացնելով հասնի նրան, որ երրորդ կողմին վերաբերվող հարցերը գագաթաժողովի օրակարգ չգան:

Կարելի է շահերի հավասարակշռման սկզբունքից ելնելով՝ հարցեր առաջադրել, որպեսզի հետագայում կամ չեզոքացվեն Ղազախստանի կողմից արվող նման հարցադրումները, կամ քննարկումից հանվեն երկու կողմի առաջարկներն էլ:

Դրանից բացի, Հայաստանը իր շահերից բխող առաջարկներ կարող է ապահովել: Օրինակ, Արցախի կողմից իրեն կամ Եվրասիական միությանը արված դիմում` Հայաստանի հետ փաստացի առկա տնտեսական միասնական տարածությանը ձևակերպում տալու համար: Ի տարբերություն Ադրբեջանի, որը բացասական դիրքերից է խոսում, Արցախը կարող է հանդես գալ Եվրասիական միության ստեղծման և Հայաստանի անդամակցության դրական կեցվածքով` արտահայտվելով Հայաստանի և միության հետ իր հարաբերությունները իրավաբանորեն ձևակերպելու օգտին:

Իհարկե, հնարավոր է, որ այս հարցում Հայաստանը կաշկանդվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացով, բայց Ալիևի` Աստանայում հնչեցված նամակը արդեն կարելի է Մինսկի խմբի համանախագահների ու գործընթացի նկատմամբ անվստահություն դիտարկել: Հայկական կողմին ճկունություն կհաղորդի այն, որ հանդես եկողը Արցախն է, որը պաշտոնապես բանակցությունների կողմ չէ:

– Ինչպե՞ս եք գնահատում ՌԴ իշխանությունների պահվածքը, արդյո՞ք Նազարբաեւն այդ հայտարարությունով անհարմար վիճակի մեջ չի դնում նաեւ ՌԴ իշխանություններին:

– Այն, որ գործ ունենք ոչ թե միասնական որոշման, այլ մեկ կողմի հայտարարության հետ, խոսում է այն մասին, որ ՌԴ-ն չի կիսում պայման դնելու մոտեցումը: Չազդելով որոշման վրա, այնուամենայնիվ, այս հայտարարության վտանգն այն է, որ կարող է խորացող տենդենց դառնալ:

Հավանաբար պետք է հարցը դիտարկել ոչ թե անհարմար վիճակի, այլ առաջացող խնդիրը հաղթահարելի լինելու տեսանկյունով:

Դիվանագիտության պատմությանը հայտնի են շատ դեպքեր, երբ որևէ երկրի առաջարկությունը չանցնելու դեպքում այն դրսևորվում է հայտարարությամբ: Նույնիսկ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ են հիմնադրվել անդամ երկրների հատուկ կարծիքով կամ հայտարարությամբ: Դա ցանկացած գործընթաց ուղեկցող միջազգային պրակտիկա է:

Հայաստանի տարբեր պատվիրակություններ էլ երբեմն տարբեր միջազգային հարթակներում հայտարարություններով են հանդես գալիս, բայց դրանք չեն ազդում ընդունվող որոշումների վրա, այլ արձանագրվում են որպես հատուկ կարծիք:

Հայաստանը հենց նույն ԱՊՀ շրջանակներում նման նախադեպեր ունի: Հիշենք թեկուզ ժամանակին Բերեզովսկու` ԱՊՀ գործադիր քարտուղար ընտրվելու հարցը, երբ Հայաստանը հայտարարությամբ հատուկ կարծիք հայտնեց:

– Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում:

– Կանխատեսում անելու փոխարեն փորձենք մատնանշել տրամաբանորեն ուրվագծվող պատկերը: Հայաստանը կանդամակցի Եվրասիական միությանը` անկախ առանձին հայտարարություններից: Դրանով Հայաստանը հնարավորություն կստանա լիարժեքորեն մասնակցելու համագործակցության պայմանների ձևավորմանը, ինչը պետք է իրացնի հնարավոր բոլոր առավելությունների օգտագործմամբ: Զուգահեռաբար, աշխարհի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումն ապահովող հավասարակշռող մեխանիզմների կատարելագործման խնդիր կա:

Իրավականորեն վերջնականապես չլուծված Արցախի խնդիրը տարբեր ձևերով դրսևորում կունենա Եվրասիական միությունում: Միաժամանակ, Արցախյան կարգավորման գործընթացում էլ Հայաստանի` Եվրասիական միության անդամ լինելը կարող է վիճակ փոխել: Մինսկի խմբի հավասարակշռող գործընթացը պահպանելով հանդերձ, Եվրասիական միության անդամ Հայաստանը նույն գործընթացի շրջանակներում Արցախի հետ փաստացի տնտեսական հարաբերությունները նորովի ձևակերպելու անհրաժեշտության առջև է կանգնելու: Իսկ բարենպաստ դասավորության դեպքում դա կարող է բերել Մադրիդյան ոչ ձեռնտու սկզբունքների վերանայման և հայանպաստ այլ ընթացքի ապահովման:

Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի