Համանախագահները Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի մեղսակիցն են. Կիրո Մանոյան

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը հայտարարություն արեց, ԱՄՆ-ի կեցվածքը ներկայացրեց, եւ դրանով ԱՄՆ-ը ուզում է ցույց տալ, որ ինքը տարածաշրջանում տակավին ակտիվ է եւ պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ ինչ-որ խնդիրների շուրջ’ անկախ Ուկրաինայի հարցից, Yerkir.am-ին ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Դրանից հետո համանախագահները եկան տարածաշրջան: Համանախագահների առաքելություններից մեկը Լեռնային Ղարաբաղի հարակից, նրանց գնահատմամբ` «գրավված» տարածքներ այցելելն էր: Նրանք եկել էին նաև` այդ տարածքներում զարգացումները տեսնելու»,- ասաց մեր զրուցակիցը:

Yerkir.am-ի դիտարկմանը, թե մինչ համանախագահները հանդիպումներ են ունենում ու հայտարարություններ անում, այդ ընթացքում Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ժամանակ ստացած կտտանքների հետևանքով մահացավ հայկական կողմին վերադարձված Մամիկոն Խոջոյանը, եւ ինչո՞ւ համանախագահների հայտարարությունների ու դիրքորոշումների վրա չեն անդրադառնում նման դեպքերը, կամ չի՞ կարող, օրինակ, այդ ցավալի դեպքը առիթ դառնալ, որ հայկական կողմը փոխի բանակցային գործընթացում իր մոտեցումները, մեր զրուցակիցը պատասխանեց, թե դրա համար ավելի լավ առիթներ են եղել, պարտադիր չէ, որ նախկին գերու մահվան կապակցությամբ Հայաստանը քայլեր անի: «Այդ առիթներից վերջինը, թերեւս, կապված է համանախագահների այցի հետ` Բաքվում համանախագահների հետ Ադրբեջանի նախագահն ու արտգործնախարարը չէին հանդիպել, բայց համանախագահներն իրենց հայտարարության մեջ փորձեցին համահավասարեցնել’ ասելով, թե իբր ե’ւ Երևանում, ե’ւ Բաքվում հանդիպել են բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ: Թող ասեին’ Հայաստանում հանդիպել ենք նախագահի հետ, իսկ Ադրբեջանում’ պաշտպանության նախարարի հետ: Այսինքն’ նրանց պահվածքի` կեղծ հավասարության նշան դնելու փորձերի պատճառով արդեն իսկ համանախագահների նկատմամբ վերաբերմունքի հարց պետք է բարձրացվի Հայաստանի կողմից: Էլ չասած, որ այլ առիթներ էլ են եղել’ Հունգարիայի խնդիր, դիվերսիաներ և այլն»,- նշեց Կիրո Մանոյանը:

Ըստ նրա` այսքան անարդարությունը, մի քիչ շատ է. «Չեք տեսնվել, գրեք չենք տեսնվել, կամ գրեք, թե ում հետ եք տեսնվել, ու կարդացողը կհասկանա, թե ինչ մակարդակի հանդիպումներ են եղել: Այլապես` կարդացողը չի հասկանում, որ նախագահի հետ նրանք Բաքվում չեն հանդիպել»:

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում գլխավոր թերացումը, որ կա այս ձեւաչափում, Մանոյանի կարծիքով, ԼՂՀ-ի լիիրավ մասնակցության բացակայությունն է բանակցային գործընթացին:

Թե ինչի՞ կարող է հանգեցնել իրադարձությունների նման ընթացքը, Հայ դատի և քաղաքական գրասենյակի պատասխանատուն պարզաբանեց, որ եթե համանախագահներն այսքան անարդար պետք է լինեն’ բոլորի աչքի առաջ եղածը կամ չեղածը չտեսնելու պետք է տան եւ փորձեն ամեն ինչ հավասարեցնել, ապա պարզ է, որ Ադրբեջանը դրանից երես կառնի ու անընդհատ կփորձի իր ձեւերով իր ուզածին հասնել: «Ադրբեջանի, մեղմ ասաց, ոչ կառուցողական կեցվածքի մեջ մեղսակից են համարվելու թե’ համանախագահները` որպես անհատներ, թե’ համանախագահող պետությունները` որպես պետություններ, երբ այսքան անարդար ձեւով են մոտենում հարցերին»,- շեշտեց Մանոյանը:

Հարցին` Ադրբեջանը բազմիցս է հրաժարվել իր նախնական դիրքորոշումներից, խախտել է կամ չի կատարել պայմանավորվածությունները, իսկ հիմա Հայաստանը կարո՞ղ է նույն կերպ խախտել ինչ-որ պայմանավորվածություն, մեր զրուցակիցը պատասխանեց, թե նոր պայմանավորվածություն չկա, պայմանավորվածություն ընդհանրապես չկա: Դրանից հրաժարվել է Ադրբեջանը, ու դրանք արդեն գոյություն չունեն:

Իսկ թե որո՞նք պետք է լինեն Հայաստանի քայլերը ստեղծված իրավիճակում, Մանոյանը նշեց, որ հայկական կողմը մի քանի ուղղությամբ պետք է շարունակի աշխատել’ անկախ բանակցություններից, եւ եթե հակառակ կողմը չի ուզում բանակցել, թո’ղ չբանակցի: «Հայկական կողմը պետք է շարունակի փաստացի, առկա իրավիճակը փոխել, ինչի համար կարող է նաեւ քննադատության ենթարկվել. դա իմանալով հանդերձ` պետք է անի: Մյուսը` ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատանքներ իրականացնի: Եթե մենք 5-6, թեկուզ 3 պետություն գտնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ունենան այն մակարդակի հարաբերություններ, որ Հայաստանի Հանրապետությունն ունի, արդեն դա բավական մեծ ճնշում կլինի Ադրբեջանի վրա, որպեսզի իր երեխայական մոտեցումներից հրաժարվի ու լրջանա մի քիչ»,- նշեց Կիրո Մանոյանը: