«Հայաստան-ԵՄ նոր փաստաթուղթն այս տարի չի ստորագրվի». Մոսկվան կրկին կխոչընդոտի՞

(1in.am) «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը (Բրյուսել)։

– Պարոն Դեմիրճյան, Երևանում օրեր առաջ կայացավ շրջանակային համաձայնագրի շուրջ Հայաստան-ԵՄ բանակցությունների հինգերորդ փուլը, հաջորդ փուլն անցկացվելու է Բրյուսելում։ Ակնհայտ է, որ այս փաստաթուղթն այնքան խորը չէ, որքան Ասոցացման համաձայնագիրը, այնուամենայնիվ ի՞նչ կարող ենք ակնկալել այս անգամ։

– Այո՛ բանակցությունները բնականոն հունով ընթանում են, հաջորդ փուլը՝ այստեղ Բրյուսելում դեկտեմբեր ամսին։ Բանակցությունները փակ են ընթանում, բոլոր մանրամասները մեզ հայտնի չէն, բայց այն, որ Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը հիմնականում պահպանվել է՝ դա հստակ է։

– Իսկ տնտեսական բաղադրիչ, փաստաթուղթը չի ներառի՞։

– Հայաստանը կարող է տնտեսապես գործակցել այնքան հեռու, որքան որ չի հակասի Հայաստանի պարտավորություններին ԵՏՄ-ի առաջ։ Այն, որ Եվրամիությունը Հայաստանի թիվ մեկ դոնորն է, որ շուկան բաց է, դա հասկանալի է։ Ուստի Հայաստանը կարող է երկու միությունների միջև կամուրջ լինել, բայց պետք է նաև հիշել, որ ԵՏՄ անդամ լինելով հանդերձ տնտեսական խորը գործակցություն չի կարող ակնկալել։

– Ի՞նչ եք կարծում, Ռուաստանն այս անգամ էլ կխոչընդոտի՞ համաձայնագրի ստորագրմանը, թե այն չունի այնչափ մեծ կարևորություն Մոսկվայի համար։

– Այս հարցի պատասխանը ոչ ես, ոչ էլ վերլուծաբանները կարող են ասել, միայն Ռուսաստանը գիտի։ Անցած անգամ էլ Հայաստանը շատ բարեհաջող ավարտել էր բանակցությունները և պատրաստվում էր ստորագրմանը, երբ նախագահ Սարգսյանը Մոսկվայում հայտնի հայտարարությունն արեց։ Թե ինչ կարող է պատահել՝ մենք հիմա չգիտենք, չմոռանանք, թե ինչ տեղի ունեցավ Ուկրաինայի հետ, հուսանք՝ չի պատահի, բայց եթե պատահի՝ ոչինչ չենք կարող անել։ Ռուսաստանը կարող է օգտվել այս իրավիճակից, որովհետև ԵՏՄ անդամ երկրներից միայն Հայաստանն է, որ լավ հարաբերություններ ունի Եվրամիության հետ, և Ռուաստանին դա կարող է հակառակը՝ ձեռնտու լինել։

– Ե՞րբ կավարտվեն բանակցությունները և երբ արդեն կստորագրվի փաստաթուղթը։

– Տեղեկություն չկա, բայց փաստն այն է, որ սկզբում ասում էին այս տարվա վերջում կստորագրվի, բայց ըստ երևույթին չի լինի այդպես։ Բանակցությունների հաջորդ փուլը դեկտեմբերին է՝ այստեղ։ Այսինքն՝ մենք հույսեր ունեինք, որ այս տարվա վերջում կլինի, բայց ոչ։ Մանրամասն քննարկում են կողմերը, ակնկալվում է, որ հաջորդ տարվա գարնանը կստորագրվի։