Պետք է ավելի կենսունակ դարձնել հայ – ռուսական հարաբերությունների օրակարգը

(artsakhtimes.am) Վերջին շրջանում լայն քննարկման նյութ է դարձել ռուս – ադրբեջանական հարաբերությունը, Ադրբեջանի առայժմ չեզոք դիրքորոշումը: Թեման նաև ,,Արցախթայմսի,, դիտակետում է: <<Ռուս – հայկական համագործակցության>> նախագահ Յուրի Նավոյանն է որոշակի պարզաբանումներ տալիս:

Ի՞նչ քաղաքականություն է որդեգրել Ադրբեջանը տարածաշրջանում, մասնավորապես ռուս – ադրբեջանական հարաբերությունների համտեքստում:

Ռուս – ադրբեջանական հարաբերություններում մեզ հուզող հարցը, բնականաբար, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մատակարարվող խոշոր հարձակվողական զենքերի խմբաքանակն է, որն անշուշտ դեմ է հայ – ռուսական ընդհանուր շահերին և գոնե ինձ համար հնչած բոլոր բացատրությունները ոչ միայն անհասկանալի են, այլև անընդունելի: Բայց գտնում եմ, որ այդ ամենը տեղի ունեցավ երբ հայ – ռուսական հարաբերություններում որոշակի վակում առաջացավ և Ադրբեջանը կարողացավ օգտվել դրանից, այն դեպքում, որ դրան նախորդող շրջանում Գաբալայի լոկացիոն կայանի պայմանագրի երկարացման ռուս – ադրբեջանական բանակցությունները ձախողվել էին և ռուսական կառավարության որոշմամբ մի քանի ամիս սառեցվել էր Ադրբեջանի հետ ռազմատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցությունը: Եվ ահա, նման պայմաններում Ադրբեջանը կարողացավ հասնել հարաբերությունների բարելավման և այդպիսի խոշոր պայմանագրերի ստորագրման: Կարծում եմ, մենք պետք է ապագայում կարողանանք հասնել դրա սառեցմանը երկու մակարդակով՝ 1. Հայ – ռուսական միջպետական հարաբերությունների հերթական փուլի ժամանակ, իսկ Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մուտքը նման հնարավորություններից մեկն էր, Հայաստանը կարող է հիմնավորել, որ իր քաղաքականությունը ԵՏՄ-ում և հայ – ռուսական ինտեգրացիոն նոր մակարդակն ու Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի նման խմբաքանակի և նման զինատեսակների վաճառքը անահամատեղելի են: 2. ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման շրջանակում, մանավանդ, Ադրբեջանը լինելով այս քառօրյա պատերազմի սանձազերծողը, տվեց նման հնարավորություն: Անհրաժեշտ է խնդիր դնել, որ քանի դեռ որևէ կողմ երաշխիքներ չի տալիս, որ Ադրբեջանը չի կրկնի այդ ագրեսիան, պետք է սառեցնել հարձակողական զենքի վաճառքը Ադրբեջանին: Սա ռուս – ադրբեջանական հարաբերությունների մեզ համար ամենացավոտ հարցն է:

Իսկ ընդհանուր առմամբ Ռուսաստանի քաղաքականությունը ԱՊՀ և հարևան երկրների հետ պետք է դիտարկել լայն կոնտեքստով: Ռուսաստանի քաղաքականությունն ուղղված է իր սահմանների երկայնքով բարյացակամ տրամադրված պետություններ և հարաբերություններ ունենալուն: Մենք գիտենք, որ աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում արևմուտքի, կամ արևելյան Եվրոպայի որոշ երկրներ հակառակը, նպաստում են, որ Ռուսաստանի սահմանների երկայնքով որոշ պետություններ դառնան հենց Ռուսաստանի դեմ պայքարող հարթակներ: Ուկրաինայում, Վրաստանում ըստ էության մենք տեսանք, որ բախվում են Ռուսաստանի ու արևելյան Եվրոպայի մոտեցումները: Այս ֆոնի վրա Ադրբեջանը հռչակեց որոշակի չեզոք քաղաքականություն, տարբեր պատճառներով, որոնք այս պահին այնքան էլ էական չեն, քան այն, որ նա կարողացավ ուկրաինական ֆոնի վրա Ռուսաստանին ներկայանալ նրա իսկ հռչակած բարեկամական գոտու ենթատեքստում, որպես կարևոր մի երկիր և ներկայումս ռուս – ադրբեջանական հարաբերությունները կառուցված են այդ հենքի վրա: Եթե հայ – ռուսական միջպետական համագործակցության պայմանագրերը ռազմավարական նշանակության են, որովհետև իրավապայմանագրային դաշտը և հենքը ընդգրկում են բոլոր ոլորտները և կրում է երկարաժամկետ բնույթ, ավելացրած ՀԱՊԿ և ԵՏՄ անդամակցությունը, Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունները գործընկերային են, կա ռազմատնտեսական համագործակցություն, բայց ոչ ռազմաքաղաքական: Ռուսաստանն Ադրբեջանում մի շարք այլ ծրագրեր ունի, այդ թվում Կասպից ծովի կարգավիճակի, Կասպյան ընդհանուր քաղաքականության հետ կապված և ներկայումս Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանելուց հետո, ըստ էության մեծ փոփոխություններ եղան Իրանի տարածաշրջանային քաղաքականության համատեքստում: Ադրբեջան- Իրան, Ռուսաստան- Իրան, Ռուսաստան – Ադրբեջան հարաբերություններում Ադրբեջանը ձեռք է բերել որոշակի դերակատարություն: Երրորդ հարթությունը դա Շանհայան գործոնն է: Եվ Հայաստանը և Ադրբեջանը Շանհայան համագործակցության կազմակերպությունում երկխոսության գործընկերոջ առաջին կարգավիճակ են ստացել: Այստեղ ևս կան էներգետիկ և տրանսպորտային համակարգերի ծրագրեր: Թե Հայաստանը, թե Ադրբեջանը հետաքրքրություն են ներկայացնում Չինաստանի համար: Քանի որ Ռուսաստանն էլ մասնակից է այս տնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ծրագրերում, Ադրբեջանը դիտարկվում է, որպես որոշակի գործընկեր:

Ռուս – ադրբեջանական հարաբերություններում, բնականաբար Ադրբեջանի կողմից շատ կարևոր տեղ է գրավում Ղարաբաղի հարցը, այստեղ Ադրբեջանը որոշակի պահանջներ ունի Ռուսաստանից և ինչու չէ, ագրեսիվ օրակարգ: Ըստ երևույթին Ադրբեջանը, նրա հետ որոշակիորեն նաև Թուրքիան, Ռուսաստանի հետ ուզում են հարաբերությունները զարգացնել ոչ միայն տնտեսական իմաստով, այլև թիրախավորել են հայ – ռուսական հարաբերությունները և Ռուսաստանում հայկական համայնքի գործունեությունը: Եվ նրանց քաղաքականության որոշակի մաս է կազմում Ռուսաստանի հետ հարաբերություններով չեզոքացնել հայ – ռուսական հարաբերությունների արդյունքները Հայաստանի համար: Հիշենք, երբ Ռուսաստանը 200 միլիոն վարկի գումար տրամադրեց Հայաստանին, զենք ձեռք բերելու համար, Ադրբեջանը բողոքի նոտա հղեց Ռուսաստանին, շատ լավ իմանալով, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, այդուհանդերձ Ադրբեջանը այդ քայլով իրացրեց իր սուբյեկտ լինելը: Հայ – ռուսական հարաբերությունների չեզոքացումը, կամ տկարացումը Ադրբեջանի քաղաքականության մաս է կազմում: Ռուս – ադրբեջանական հարաբերություններում, ինչքան էլ Ադրբեջանը փորձում է առաջ մղել ղարաբաղյան հակամարտության խնդիրը, այնքան ռուսական կողմը հակառակը, միջպետական բոլոր հարաբերություններում ղարաբաղյան հիմնախնդիրը հեռացնում է, մատնանշելով, որ հարցով զբաղվում են համանախագահները:

Յուրաքանչյուրն իր կողմից պրագմատիկ քաղաքականություն է իրականացնում և մենք պետք է կարողանանք ավելի կատարելագործել հայ – ռուսական համագործակցության օրակարգը, որի համար մենք շատ ավելի նախադրյալներ և իրավապայմանագրային հենք ունենք, մեզ մնում է միայն որոշակիորեն վերանայել այն՝ կատարելագործելու իմաստով, ասպարեզ բերելով շատ ավելի կենսունակ օրակարգ, որը հաշվի կառնի բոլոր այն գործոններն ու մարտահրավերները, որոնք դրսևորվեցին վերջին ժամանակներս: Պետք է համագործակցության նախադրյալների իրացման հնարավորություններ գտնել, որպեսզի դաշնակցային հարաբերությունները համոզիչ բնույթ կրեն: