ՀՅԴ-ն բանակին օժանդակելու հարցով Սփյուռքում հիմնադրամ կստեղծի

(ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ) Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները ապրիլյան մարտական գործողությունների վերսկսումից հետո մեծ թափով սկսել են ողջ աշխարհում գործունեություն ծավալել` օրակարգում ընդգրկելով մի շարք առաջնային, հրատապ հարցեր. այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանը:

Նշենք, որ Արցախում ավարտվել է 25 երկրների 60 ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած` Հայ Դատի հանձնախմբերի համաժողովը: Համաժողովի շրջանակներում հանձնախմբերի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի և այլ պաշտոնյաների հետ, քննարկվել են ապրիլյան պատերազմին, Արցախի ճանաչմանը վերաբերող հարցեր:

Տեր-Խաչատրյանի խոսքով` իրենց կարևոր անելիքներից է Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական քարոզչության դեմ պայքարը: «Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է ծախսում մեծ հեղինակություն վայելող միջազգային պարբերականների միջոցով տեղեկատվական պատերազմում նախահարձակ լինելու համար»,- նշեց նա:

Համաժողովի ընթացքում քննարկված կարևոր հարցերից է նաև Արցախի ինքնորոշման իրավունքի, ԼՂՀ-ի` օտար պետությունների կողմից ճանաչման խնդիրը: Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահի խոսքով` ներկայումս ՀՅԴ միջազգային կառույցները ջանքեր են գործադրում Սփյուռքի հայությանը ոտքի հանելու և նյութական միջոցներով հանգանակություններ կատարելու ուղղությամբ, որպեսզի ստեղծվի հիմնադրամ, որը կկարողանա զորակցել Հայոց բանակին: «Պետք չէ թերագնահատել ադրբեջանական և թուրքական այն զանգվածը, որն արտասահմանում հակահայկական գործունեություն է կատարում»,- ասաց Տեր-Խաչատրյանը` նշելով, որ իրենք պետք է մեծ թափով պայքարեն դրա դեմ:

«ՀՅԴ-ի համար առաջնային խնդիր է ԼՂՀ ճանաչման հարցը, հիմնական հարցն Արցախի և Հայաստանի պաշտպանության համակարգի հզորացումն է, ռազմավարական դաշնակցի ճշտումը, որպեսզի Արցախի պաշտպանությունն ավելի բարձր մակարդակի վրա լինի»,- ասաց նա:

Նշենք, որ համաժողովի ընթացքում քննարկվել է նաև սիրիահայերին վերաբերող խնդիրը: Մերձավոր Արևելքի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Վերա Յակուբյանը նշեց, որ քննարկվել է սիրիահայերին Արցախում բնակեցնելու հարցը: «Արցախում, այդ թվում` նաև սահմանամերձ գյուղերում սիրիահայերի վերաբնակեցման հարցը քննարկվում է սիրիահայերի հետ, մարդիկ կան, ովքեր ցանկություն ունեն Արցախում հաստատվելու, սակայն այդ ընտանիքները մեծ թիվ չեն կազմում»,-ասաց նա` նշելով, որ եթե Սիրիայում ճգնաժամը շարունակվի, Արցախում բնակվել ցանկացողների թիվը կավելանա: