ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ

Ինչ եմ ակնկալում խորհրդարանի մեր պատգամաւորներից:
Անշուշտ, Իսլ. խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորների գործունէութեան առանցքը պէտք է կազմի իրանահայ համայնքին յուզող հարցերն ու հիմնախնդիրները: Այս մասին երկու կարծիք լինել չի կարող: Նոր խօսք ասած չեմ լինի, եթէ նշեմ այդ համատեքստում այն կարդինալ խնդիրները, որոնք ըստ իս պէտք է վեր հանւեն մեր պատգամաւորների կողմից: Կը կրկնւեմ նաեւ, եթէ փորձեմ ընդգծել մարդկային, գիտական, քաղաքական ու հասարակական նւազագոյն այն բոլոր յատկանիշերը, որոնք անհրաժեշտ են խորհրդարանում՝ իրանահայութեան շահերը ներկայացնող պատգամաւորներին:
Առ այդ, փորձեմ խնդիրը դիտարկել իմ հասարակական գործունէութեան ոլորտի՝ Հայ Դատի աշխատանքների դիտանկիւնից:
Համահայկական նշանակութեան խնդիրների առումով, Իսլ. խորհրդարանի առնւազն վերջին 4-5 նստաշրջանների հայ պատգամաւորների հիմնական խնդիրներից է եղել Իրանի օրէնսդիր մարմնի կողմից Հայոց Ցեղասպանութեան պաշտօնական ճանաչման ու դատապարտման հարց: Հաշւի առնելով ներիրանական քաղաքական-հասարակական խնդիրներն ու նրբութիւնները, ինչպէս նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրներն ու յարաբերութիւնները, սա բարդագոյն առաջադրանք է, որի արդիւնաւորումը պահանջում է քաղաքական-լաբիստական հետեւողական ու ծրագրաւորւած աշխատանք: Անկասկած, սա մնալու է որպէս իրանահայ նորընտիր պատգամաւորների հեռահար, ես կասէի կարեւորագոյն նպատակներից մէկը:
Իսկ աւելի անմիջականօրէն, նրանց տեսադաշտից երբեւէ չպէտք է վրիպի Իրան-Հայաստան բարեկամական յարաբերութիւնների ամրապնդման եւ առաւել խորացման հարցը: Չմոռանանք, Իրան-Հայաստան առանցքն այն կարեւորագոյն քաղաքական գործօնն է, որը հակակշռում է տարածաշրջանում Անկարայի եւ Բաքւի հեռահար՝ պանթուրանիստական նպատակներին ու ծրագրերին: Երկու երկրների յարաբերութիւնների բարձրացումը ռազմավարական նշանակութեան մակարդակի կարող է դառնալ ոչ միայն կողմերի, այլ նաեւ ողջ Մերձաւոր Արեւելքի եւ Հարաւային Կովկասի անվտանգութեան եւ կայունութեան ամրագրման կարեւորագոյն բաղադրիչներից մէկը:
Կոչնակի պէս պէտք է յիշենք փորձագիտական անբեկանելի այն կարծիքը, որ Իրան-Հայաստան կողմերից իւրաքանչիւրի անվտանգութեանը հասցւող ցանկացած հարւած, կարող է վնասել նաեւ միւս կողմի անվտանգութեան որոշակի բաղադրիչներին:
Կարծում եմ, թէ այս առումով լրջագոյն առաջադրանք է դրւած Իսլ. խորհրդարանի 10-րդ նստաշրջանում մեր ընտրած պատգամաւորների առջեւ:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
Լրագրող, Հայ Դատի յանձնախմբի նախագահ

Իմ կարծի՞քն էք հարցնում, խորհրդարանի պատգամաւորի թեկնածուի մասին: Ասեմ ձեզ.
Ըստ իս, նախ եւ առաջ նա պէտք է լաւածանօթ լինի մեր համայնքի անցեալին ու ներկային: Նա պէտք է անմիջական դերակատար ու մասնակիցը եղած լինի մեր ազգային-հասարակական կեանքին ու ապրումներին: Դժւար օրերին ազգային իշխանութեան եւ համայնքի կողքին կանգնած ու համագործակցած լինի նրանց հետ:
Խորհրդարանի պատգամաւորը պէտք է լինի ուսեալ, գիտուն ու բարեկիրթ: Միաժամանակ քաղաքագէտ, որովհետեւ իւրաքանչիւր երկրի խորհրդարան, այդ երկրի ամենաքաղաքականացւած օրգաններից մէկն է, հետեւաբար հայ պատգամաւորը նման տեղում ունի հիմնական պարտականութիւններ՝ պաշտպանել բովանդակ Իրանի ժողովորդի շահերը եւ, միաժամանակ իրանահայութեան շահերը՝ որպէս փոքրամասնութիւն:
Պատգամաւորը պէտք է լինի այնպիսին, որ իւրաքանչիւր իրանահայ, հպարտանայ նրա բարոյական ու նաեւ գործունէութեան անցեալով ու ներկայով:
Գալով Հայ Դատի լուծման ուղղութեամբ տարւող աշխատանքներում, խորհրդարանի նորընտիր պատգամաւորը պէտք է մինչ այս փաստած լինի, թէ նա հաւատում է այդ դատի արդարացիութեանը մի կողմից, եւ միւս կողմից պէտք է աշխատանք տարած լինի այդ դատի իրականացման ուղղութեամբ: Նա հաւատարմօրէն պէտք է գիտակցի, թէ այդ դատը իրականացնելու համար պէտք է «յարատեւ պայքար», եւ ինքը պէտք է լինի դրա ռահվիրաներից մէկը:

Շնորհակալութիւն.
ՍՈՒՐԻԿ ԱԲՆՈՒՍԵԱՆ
Ազգային-հասարակական գործիչ,
Հայ Դատի յանձնախմբի անդամ