«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ». ‎ԵԽԽՎ‬-ում բանաձեվերը: Մեկնաբանում է Եվրոպայի հայ դատի հանձնախմբի նախագահը:

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ». ‎ԵԽԽՎ‬-ում բանաձեվերը: Մեկնաբանում է Եվրոպայի հայ դատի հանձնախմբի նախագահը:

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԿՈՒՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԷ՞ ՍՓՅՈՒՌՔՅԱՆ ՍԱՏԱՐՈՒՄ…

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ

(ԱԶԳ) Բրյուսել, 05/02/2016 – Նախորդ շաբաթ ԵԽԽՎ- ում Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» խնդրահարույց բանաձեւը լայնածավալ քննարկումների ալիք առաջացրեց նաեւ Բելգիայում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության եւ կանխարգելիչ որոշ քաղաքական բանակցությունների արդյունքում, ինչպես հայտնի է, ձայների չնչին տարբերությամբ հաջողվեց ԵԽԽՎ- ի օրակարգից կասեցնել նախագծի քննարկումը, ինչը փոքր ինչ մեղմեց լարվածությունը: Մեր դիվանագետներն անմիջապես առիթը բաց չթողեցին այն ներկայացնելու որպես հայ դիվանագիտության հմուտ աշխատանքի արդյունք: Սակայն կարծում եմ ավելի ազնիվ կլիներ չանտեսել նաեւ սփյուռքի գործոնն ու ազդեցությունը:

ԵԱՀԿ-ի հայտարարության տեքստը նորություն չէր: Դեռեւս տարիներ առաջ, Բրյուսելում Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ «Ազգ»-ի հարցին ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ջեյմս Ապատհուեն եւս պատասխանի փոխարեն արտաբերեց ԵԱՀԿ-ի նույն տեքստը , որ ԼՂ- ի վերաբերյալ որեւէ քննարկում եւ մեկնաբանություն կարող է խանգարել բանակցային գործընթացին:

Եթե ԵԽԽՎ-ում հօգուտ Ադրբեջանի եւս չորս ձայն ապահովվեր, ապա ԵԱՀԿ-ի հայտարարությունն ուժ չէր ունենա: Ռոբերտ Ուոլթերի նախագիծը միանշանակ կդրվեր քննարկման:

Ալիեւը բազմիցս հայտարարել է, թե իրենց ամենամեծ թշնամին սփյուռքի հայությունն է եւ եթե հայերը սփյուռքում մեծամասնություն չկազմեն, ապա եվրոատյաններում Ադրբեջանի վարած քաղաքականությունն ավելի արդյունավետ կլինի: Իրոք, Եվրոպական ոչ մի երկրում ադրբեջանական համայնք կարելի է ասել գրեթե գոյություն չունի: Մինչդեռ հայերը Եվրոպայում զգալի թվաքանակ են կազմում եւ մշտապես սատարում Հայաստանին:

Ուոլթերի նախագծի դեմ դեռեւս 2015-ի նոյեմբերից Եվրոխորհրդի 20 երկրներում հետեւողական քարոզչական աշխատանքներ են ծավալվել, Եվրոպայի հայերի ջանքերով մոտ 8,5 հազար ստորագրահավաք է կազմակերպվել:

Բրյուսելի Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի պատասխանատու Գասպար Կարապետեանի համոզմամբ, եթե ՀՀ պատվիրակությունը հնարավորինս սերտ համագործակցեր եւ ժամանակին իրազեկ պահեր, ապա կարվեր ամեն ինչ, որպեսզի երկու բանաձեւերի քննարկումն էլ նախապես, մինչեւ ԵԽՍՎ-ի օրակարգ հասնելը, կասեցվեր:

Ռոբերտ Ուոլթերի նախագծի մերժումը դեռեւս ոչինչ չի նշանակում եւ հայկական կողմը չպետք է այն հաղթանակ համարի: Չի բացառվում, որ նախագիծը մեկ այլ ձեւակերպմամբ կրկին հայտնվի ԵԽԽՎ- ում : Այդ իսկ պատճառով միշտ զգոնություն է հարկավոր եւ համագործակցություն Եվրոպական հայանպաստ համապատասխան կառույցների հետ:

Պրն. Կարապետեանի համոզմամբ եվրոատյաններում, երբ ՀՀ պատվիրակությունն է ներկայացնում Հայաստանի խնդիրներն ու առաջարկները, ապա մոտեցումն այլ է, իսկ եթե եվրոպացին է ներկայացնումՙ արդյունքներն ավելի զգալի են, քանի որ հայաստանյան եւ եվրոպական մոտեցուման սկզբունքները, խոսելաոճն ու ընդհանրապես հարաբերությունները բավականին տարբեր են:

Առանձնացնելով երկու դիտարկում, Հայ դատի հանձնախումբը նախ, շատ ավելի արդյունավետ է համարում, որպեսզի ՀՀ պատվիրակությունը ԵԽԽՎ- ում որեւէ խնդիր ներկայացնելուց առաջ համագործակցի համապատասխան փորձագետների հետ: Կարեւոր է նաեւ մասնագետների մասնակցությունը: Եթե նախապես ճիշտ մարտավարություն մշակվեր, ապա Սարսանգի ջրամբարի վերաբերյալ որոշումը եւս հնարավոր կլիներ ձախողել: ԵԽԽՎ-ում քվեարկողների մոտ 60 տոկոսր չգիտեր անգամ, թե ինչ է քվեարկում: Իսկ եթե ժամանակին համապատասխան հանձնաժողովներին ներկայացվեր բոսնիացի պատգամավոր Մարկովիչի սխալները, չափազանցությունները եւ ստերը, ապա անվերապահ հակառակ արդյունքը կունենայինք: Ադրբեջանը շատ բացսական կետեր ունի եւ հեռու է որպես եվրոպական երկիր ընկալվելուց, իսկ Հայաստանը պետք է կարողանա օգտագործել Ադրբեջանի թերությունները:

Ի տարբերություն Ադրբեջանի, Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում ունենք հայ համայնք, հայկական կազմակերպություններ, Հայաստանը ներկայացնող մեր լծակները: Այդ լծակները պահելու համար շատ կարեւոր է Հայաստանի եւ սփյուռքի սերտ համագործակցությունը:

Ի դեպ, փետրվարի 29-ից մարտի 3-ը Եվրոխորհրդարանում կցուցադրվեն Սամվել Կարապետյանի «Ցեղասպանությունը եւ ցեղասպանությունից հետո» նկարների ցուցահանդեսը: Քարոզչական եւ ճանաչողական եւս մի քայլ, որն անկասկած հետեւանք կունենա: