Պարզաբանումը գոհացնում է այնքանով, որ հարցականի տակ չի դնում Ցեղասպանությունը

(azatutyun.am) Հայաստանի արտաքին գործերի նախարարությաւնից «Ազատությանը» փոխանցեցին, որ Համայն Ռուսիո պատրիարքի սկանդալային հայտարարության վերաբերյալ պատրիարքարանի հրապարակած պարզաբանումից հետո պաշտոնական Երևանը լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չի տեսնում:

Սուրբծննդյան հարցազրույցում պատրիարք Կիրիլի հայտարարությունը, թե Թուրքիայում քրիստոնյաներ չեն ոչնչացվել, վրդովմունք էր առաջացրել, ինչից հետո՝ երեկ երեկոյան լրատվամիջոցներով տարածվեց պատրիարքի մամլո քարտուղարի մեկնաբանությունը հայաստանյան լրատվամիջոցների համար:

Ուշագրավ է, որ այդ հայտարարությունը մինչև այս պահը տեղադրված չէ ո՛չ Ռուս Ուղղափառ եկեղեցու, ո՛չ էլ Հայ Առաքելական եկեղեցու պաշտոնական կայքէջերում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը դա տարօրինակ չի համարում․ – «Երբեք լրատվամիջոցներին տրվող պարզաբանումները կամ կոմենտարները չեն տեղադրվում պաշտոնական կայքէջերում: Առավել ևս, որ պարզաբանումը տրվել է ի պատասխան Մայր Աթոռի կատարած հարցման»:

Ռուս Ուղղափառ եկեղեցուց ստացված պարզաբանման մեջ նշվում է, որ իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցով մնում է անփոփոխ է: Որպես օրինակ բերվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու ամենաբարձր մակարդակով մասնակցությունը Հայ Առաքելական եկեղեցու կարևոր իրադարձություններին և Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

Տեր Վահրամը շեշտեց, որ Ռուս Ուղղափառ եկեղեցին մշտապես զորակցել է Ցեղասպանության ճանաչման հարցում՝ հավելելով, որ Մոսկվայից ստացված պատասխանում ամեն ինչ ասված է, և Հայ Առաքելական եկեղեցին ավելացնելու ոչինչ չունի․ – «Մի բան հստակ է, որ պետք չէ ավելորդ տեղը քաղաքականացնել այս ամենը: Որովհետև միմիայն մի արտահայտությամբ, որը նաև կոնտեքստից դուրս է հանվում, դատել ամբողջ եկեղեցու դիրքորոշման մասին, կարծում եմ, տեղին չէ: Առավել ևս, որ այդ եկեղեցու դիրքորոշումը տարբեր առիթներով և տարբեր կերպերով մշտապես արտահայտվել է, և զորակցություն ցուցաբերվել է թե՛ հայ ժողովրդին, թե՛ հայ եկեղեցուն և թե՛ մեր հայրենիքին»:

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅ Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ պատրիարքարանի պարզաբանման մեջ անդրադարձ կա Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրենց դիրքորոշմանը, բայց ոչ պատրիարք Կիրիլի հնչեցրած հայտարարությանը․ – «Պարզաբանումը գոհացնում է այնքանով, որ հարցականի տակ չի դնում Ցեղասպանությունը: Բայց իր նախկին ասածը հակառակն է այդ Ցեղասպանության ճանաչման: Հստակեցում չկա, որ ինչու ասել էր այն, ինչ ասել էր: Հայտարարության վերաբերյալ մասը իրենք սրբագրեցին, բայց մնաց արձանագրված, որ ինքը պատմությունը խեղաթյուրեց»:

Ըստ Մանոյանի, հարցեր է առաջացնում նաև այն, որ պարզաբանումն ուղարկվել է միայն հայաստանյան լրատվամիջոցներին և պաշտոնապես դեռ չի հրապարակվել․ – «Հարցականներ է բարձրացնում, թե ինչու ընդհանուրին չեն ուղարկել»:

Մանոյանի կարծիքով, կարելի է ենթադրել, թե որն է եղել պատրիարք Կիրիլի հայտարարության նպատակը․ – «Դա իրենց կողմից իսլամը սիրաշահելու, իսլամը արդարացնելու քաղաքականություն է, որը ինչու պետք է իրենք այս ձևով անեն՝ անհասկանալի է: Բայց դա փաստ է, որ պատմությունը խեղաթյուրվել է, և ըստ այդմ էլ պետք է վերաբերվենք դրան»:

Տաթեւիկ Լազարյան

Պատրիարք Կիրիլը կա՛մ պատմությունից անտեղյակ է, կա՛մ էլ նպատակաուղղված խեղաթյուրում է

(ԱՌԱՎՈՏ) Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում հունվարի 7-ին սուրբծննդյան հարցազրույց էր տվել Դմիտրի Կիսիլյովին եւ խոսելով Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակի մասին՝ Օսմանյան կայսրության օրինակն էր բերել՝ ասելով. «Օրինակ՝ վերցնենք թուրքական, Օսմանյան կայսրությունը: Այո՛, եղել են քրիստոնյա փոքրամասնություններ, սակայն նրանց ոչ ոք չի ոչնչացրել»: Այս հայտարարությունը բնականաբար բացասական արձագանք էր ստացել մեր հայրենակիցների կողմից: Եվ չնայած հայտարարությունից հետո պատրիարքի մամուլի խոսնակ Ալեքսանդրա Վոլկովան պարզաբանում էր տարածել, որ Ռուս Ուղղափառ եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ անփոփոխ է, բայց այդ պարզաբանումը եւս միանշանակ չի ընդունվում:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ասաց. «Կարծում եմ, պատրիարքը ինչ-որ տեղ սխալվել է: Եթե չի սխալվել, շատ հստակ պատմությունը խեղաթյուրում է: Իրենց այդ հաջորդած բացատրությունը, եթե տեղադրել են իրենց կայքում, դա նշանակում է՝ իրենց մյուս ասածը սխալ է: Չի կարելի մի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչել, մյուս կողմից ասել, որ Օսմանյան կայսրությունում միշտ էլ լավ է եղել: Այնպես չէ, որ Օսմանյան կայսրության ամբողջ գործունեության ընթացքում միշտ քրիստոնյաների ջարդեր են տեղի ունեցել, բայց դա չի նշանակում, որ տեղի ունեցած ջարդերը պետք է անտեսել: Կարծում եմ, իր ճիգն ուրիշ էր, նա փորձում էր իսլամին չմեղադրել, ասել, որ անցյալում էլ իսլամի հետ քրիստոնյաները կարողացել են նորմալ ապրել, բայց իրականությունն այն է, որ ցեղասպանության ժամանակ, կամ ցեղասպանությանը ն ախորդած ջարդերի, սպանդների ժամանակ իսլամն օգտագործվել է: Մենք չենք ասում դա իսլամն է արել, բայց իսլամի անունով գործել են ե՛ւ իշխանավորներ, ե՛ւ կրոնավորներ: Այսօր էլ Մերձավոր Արեւելքում, երբ իսլամի անունով տեղի են ունենում նման ոճիրներ, դա չի նշանակում, որ իսլամն է մեղավոր, բայց իսլամի անունով անում են: Ինքը, ընդհակառակը, փոխանակ փորձեր տարբերություն դնել, պիտի ասեր, որ անցյալում էլ է եղել, հիմա էլ է լինում եւ ոչ թե այդ տարբերությունը, որը լրիվ հակասում է»:

Ըստ Կիրո Մանոյանի, պատրիարք Կիրիլի հայտարարությանը հաջորդած պարզաբանմամբ իրենք մեզ հանգստացրեցին, բայց դա միայն մեզ չէր վերաբերվում. «Օսմանյան կայսրության մեջ այդ վերաբերմունքը վերաբերում էր հույներին նաեւ, ասորիներին, սերբերին: Այս բոլորը հերքելն արդեն նշանակում է ուրիշ բան՝ կա՛մ պատմությունից անտեղյակ է պատրիարքը, կա՛մ էլ նպատակաուղղված ձեւով խեղաթյուրում է: Երկու դեպքում էլ ափսոս է պատրիարքը»: