Հրեա երիտասարդները հիշատակում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը

(henaket.am) Նոյեմբերի 26-ին Իսրայելի Բեյթ Բերլի համալսարանում տեղի ունեցավ «Ուրացում և Հիշողություն» խորագրով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակման ցերեկույթ: Այն կազմակերպվել էր Դրոր-Իսրայել երիտասարդական շարժման և Պատրիարքարանի կողմից Ցեղասպանության 100-րդ տարելիցի միացյալ հանձնախմբի հետ համատեղ: Հիմնական բանախոսը Իսրայելում հայ դատի պատասխանատու դոկտոր Ժորժետ Ավագյանն էր: Նա հիմնականում անդրադարձավ Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը, ինչպես նաև հայոց ցեղասպանության հարցում Իսրայելի վարած քաղաքականությանը: Հույս հայտնեց, որ մոտ ապագայում Իսրայելը պաշտոնապես կճանաչի հայոց ցեղասպանությունը:
Ներկա էին շուրջ երեք հարյուր հրեա երիտասարդներ, ովքեր հատվածներ ընթերցեցին Վարուժան Ոսկանյանի «Շշուկների Մատյան» վեպից, որը վերջերս թարգմանվել է նաև եբրայերեն: Այնուհետև դասախոսությամբ հանդես եկավ Ուիերիել Լևին` Դրոր-Իսրայել երիտասարդական շարժման ղեկավարը, ով նաև միջոցառման նախաձեռնողներից էր: Վերջինս բազմիցս իր ելույթներում հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման օգտին: Վերջերս եղել է Հայաստանում, այցելել Ցեղասպանության թանգարան , եղել է Էջմիածնում, ինչպես նաև Արցախում: Մեզ հետ զրույցում Ուիերիել Լևին խոսեց Հայոց Ցեղասպանության մասին և կարևորեց Եղեռնի դատապարտումը ապագա հանցագործությունների կանխարգելման համար. «Մեզ համար կարևոր է, նախևառաջ, որպես ցեղասպանության ենթարկված ազգի սերունդ հիշել, թե՛ մեր հոլոքոստը, և թե՛ մյուսներինը: Հավատում ենք, որ հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության մեջ տեղի ունեցած ամենադաժան իրողություններից է, և մենք պետք է հիշենք ու դատապարտենք այն: 25 տարեկանում եմ լսել Հայոց ցեղասպանության մասին, երբ շարժման մեջ էի: Այս տարվա սկզբին մենք ստորագրահավաք իրականացրեցինք, որտեղ կոչ էինք անում ճանաչել հայոց ցեղասպանությունը: Սա արձագանք ունեցավ, ոչ միայն տեղի, այլ նաև ամբողջ աշխարհի մամուլի էջերում»:
Հիշատակի օրը ելույթով հանդես եկավ Ժառանգավորաց վարժարանի սան Հարություն Բաբայանը, ինչպես նաև պատառիկներ ընթերցվեցին Հ. Թումանյանի «Հայոց Վիշտը» ստեղծագործությունից:
«Այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ տեղի ունեցան, որոնց հիմնական մասը ոչ միայն մեր` ցեղասպանության 100-րդ տարելիցի միացյալ հանձնախմբի, այլ նաև հրեական համայնքի մտավորականների նախաձեռնություններն էին: Միջոցառումներ, որոնց նպատակն էր բարձրացնել տեղեկացվածության մակարդակը, նպաստել Հայոց Ցեղասպանության մասին իրականության տարածմանը և ճանաչմանը : Նրանցից շատերը կդառնան ամենամյա: Որպես կարևոր ձեռքբերում, ուզում եմ առանձնացնել այն, որ Իսրայելի Բենտխումի համալսարանը այս տարվանից իր ուսումնական ծրագրերի մեջ ներառել է Հայոց Ցեղասպանության դասավանդումը, որպես առանձին առարկա»,- ամփոփելով միջոցառումը, նշեց Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ, ինչպես նաև Պատրիարքարանի կողմից Ցեղասպանության 100-րդ տարելիցի միացյալ հանձնախմբի միջոցառումների համակարգող Կորյուն Վարդապետ Բաղդասարյանը:

Սիրանուշ Նազլուխանյան