«Պահանջատիրութիւն» խորագրի ներքոյ խորհրդաժողով՝ ԻԳՄ-ի նախաձեռնութեամբ

«ԱԼԻՔ» – Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած միջոցառումների ծիրում հոկտեմբերի 30-ին, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Շահբազեան» սրահում Իրանահայ Գրողների միութիւնը «Պահանջատիրութիւն» խորագրի ներքոյ խորհրդաժողով-կլոր սեղանի ձեւաչափով համախմբել էր գրասէր հասարակութեանը, որտեղ ներկայացւած զեկոյցների շուրջ ինչու ոչ նաեւ դրանից դուրս առիթ ընձեռւեց ներկաներին փոխանակելու մտքեր, լսելու եւ քննարկելու տեսակէտներ: Հայաստանի Գրողների միութեան նախագահ Էդւարդ Միլիտոնեանի ներկայութիւնը այս մէկօրեայ խորհրդաժողովին նոր խթան հանդիսացաւ ուրւագծւելու այն հարցերի շրջանակը, որը այսօր առկայ է գրական ոլորտում: Շատ առումներով եթէ այս ոլորտում դրական տեղաշարժ կայ, ապա նոյնը չի կարելի ասել ստեղծագործական առումով, քանի որ Ցեղասպանութեան թեման ինչպէս իրենց խօսքում նշեցին բանախօսներից մի քանիսը, չի սահմանափակւում միայն դէպքերի եւ իրողութիւնների առանցքային նկարագրութեամբ, որը հանճարեղ մտքի թռիչքներով նկարագրել ու գրական անդաստան են հանել մեր հանճարեղ բանաստեղծները:

Այն այսօր ունի նորովի մատուցման անհրաժեշտութիւն՝ գեղարւեստական եղանակով ողբասացութիւնը վերածելու պահանջատիրութեան պայքարի՝ առաւել առողջացնելով Ցեղասպանութեան հարցում բանականօրէն մտածելակերպի գործօնը: Եւ հակառակ որ այս ընդհանուր կարծիքների շրջանակը միակերպ է, բայց այդուհանդերձ այս հանդիպումը ակնյայտ դարձրեց, որ դեռեւս այդ հարցերը խոր քննարկումների կարիք ունեն:
Ժողովը բացւած յայտարարեց ԻԳՄ-ի նախագահ Թորգոմ Տէր-Յակոբեանը, ով իր խօսքի աւարտին բարձրախօսի մօտ հրաւիրեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին:
Օրւայ թեմայի շուրջ բանախօսեցին՝ Հայաստանի Գրողների միութեան նախագահ Էդւարդ Միլիտոնեանը՝ Հայ Դատի յանձնախմբի անդամ, մտաւորական Սուրիկ Աբնուսեանը, ԻԳՄ-ի նախկին նախագահ, բանաստեղծ Վարանդ Քիւրքչեանը, «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախագահ եւ «Ալիք» օրաթերթի խմբագրակազմի անդամ Արամ Շահնազարեանը:
Թեմաները ընդհանուր համատեքստում քըննարկում էին հարցեր եւ խնդիրներ, որոնք ուղղակի առնչւում էին Հայոց Ցեղասպանութեան արդիւնքում արձանագրած կորուստներին:
Օրակարգը սպառւեց եւ ներկաներին թէեւ մէկընդէջ առիթ էր տրւել մտքերի եւ տեսակէտների բարձրաձայնման, բայց աւարտին, դրանք արդէն եզրայանգումների բնոյթ ունէին:
Այս մասին առաւել մանրամասն՝ մեր յաջորդ համարներից մէկում: