ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՅՈՒՐԻ ՆԱՎՈՅԱՆԸ

Ապագա միջազգայնագետներն այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում հանդիպեցին «Հայ-ռուսական համագործակություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի հետ:

(ԵՊՀ) ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ղեկավարության նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը Յուրի Նավոյանը ներկայացրեց «Հայ-ռուսական հարաբերությունները, Ռուսաստանի հայ համայնքն արդի փուլում» թեմայով դասախոսությունը:

Բանախոսի ելույթից առաջ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը ներկայացրեց նրա կենսագրությունը և գործունեությունը:

«Եթե նայեք կենսագրական փաստերին, կտեսնեք, թե ինչ բազմաբովանդակ է նրա աշխատանքը: Ես ուրախությամբ եմ նշում, որ մենք այսօր հանրապետությունից դուրս ունենք մարդ, ով և՛ քաղաքագետ է, և՛ տնտեսագետ, և՛ իրավաբան, և՛ միջազգայնագետ: Եվ հուրախություն բոլորիս՝ այս ամենի հիմքում հայրենասիրությունն է»,- ասաց Գեղամ Պետրոսյանը:

Յուրի Նավոյանը տեղեկացրեց, որ իր գործունեությունը սկսել է դեռևս համալսարանական տարիներից: Այն ժամանակ, երբ դեռ այս լսարանում ուսումնասիրում էր հայ ժողովրդի պատմությունը, գիտակցելով իր և մյուսների ճիշտ գործունեության կարևորությունը, նա մասնակիցը դարձավ և՛ Արցախյան շարժման, և՛ հայկական հարցի գործնական լուծման ու հետազոտական աշխատանքների:

Այնուհետև անցնելով հայ-ռուսական հարաբերություններին՝ բանախոսը նշեց, որ վերջին տասը տարիներին դրանք մշտապես գտնվում են զարգացման փուլում և անկում չեն գրանցել: Նա փաստեց, որ երկկողմ հարաբերություններն իրենց բնութագրմամբ ռազմավարական են, որովհետև ընդգրկում են պետությունների և ժողովուրդների կենսագործունեության բոլոր ոլորտները, ինչպես նաև կրում են երկարաժամկետ բնույթ:

«Հայաստանն այնպիսի մի տարածաշրջանում է գտնվում, որ բնականորեն ռազմաքաղաքական, տնտեսական ու հումանիտար առումով կապված է Ռուսաստանի հետ, և հարաբերությունները վերջինիս հետ որոշակիորեն Հայաստանի անվտանգության համակարգի մասն են կազմում»,- փաստեց Յուրի Նավոյանը:

Նրա կարծիքով` Հայաստանը Ռուսաստանի` անհիմն կերպով մինչև վերջ չգնահատված գործընկերն է, և որպեսզի Հայաստանը դառնա ավելի գնահատված Ռուսաստանի համար, ապահովի պետական ու ազգային ավելի մեծ շահ երկկողմ հարաբերություններում, պետք է կարողանա ձևավորել նոր, որակյալ օրակարգ:

Յուրի Նավոյանը խոսեց նաև սպասվող սահմանադրական բարեփոխումների և դրանց հետևանքների մասին: Նա անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստանում և Ռուսաստանում ձևավորված մարմիններին և դրանց արդյունավետ ու կազմակերպված գործունեությանը:

Բանախոսը ներկայացրեց նաև «Հայ-ռուսական համագործակություն» կազմակերպությունը, դրա գործունեությունը, նպատակներն ու գործառույթները:

«Մեկ տասնյակից ավելի գիտական-վերլուծական հաստատությունների հետ մենք իրականացնում ենք նաև համատեղ հրատարակչական ծրագրեր և համատեղ շնորհանդեսներ: Ուրախությամբ եմ նշում, որ պարոն Պետրոսյանի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի հարաբերությունները (1918-1920 թթ.)» մենագրության ռուսերեն հրատարակումը մենք նույնպես կարողացանք իրականացնել», – նշեց կազմակերպության նախագահը:

Դասախոսության վերջում բանախոսը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին և շնորհակալություն հայտնեց համագործակցության համար: