Արևմտյան որևէ պետություն չի աջակցում Ադրբեջանի վարած քաղաքականությանը. Կիրո Մանոյան

(yerkir.am) ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին: «Թուրքիայի այս իրադարձությունները մտահոգիչ են, իշխանություններն սկսել են մեծ ռազմական արշավ Թուրքիայի քրդաբնակ շրջանակններում:

Քրդական հասարակության դեմ ու Իրաքում, Սիրիայում հակաքրդական քաղաքականություն է վարվում»,- ասաց Մանոյանը` հավելելով` «Մենք քննադատում ենք ու գտնում ենք, որ կատարվածն ուղղված է քուրդ ժողովրդի դեմ ու Թուրքիայի նման քաղաքականությունը հարվածում է բոլոր ժողովրդներին, ներառյալ հայությանը։ Մեզ համար հարցը մտահոգիչ է այնքանով, որ իր ազդեցությունը կարող է ունենալ մեզ վրա, մեր տարածաշրջանի վրա և սա, բնականաբար, Հայաստանի համար ևս դրական չէ»։

Մանոյանի խոսքով` Թուրքիան ոչ մի ցանկություն չունի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու, որովհետև իրենք էլ գնում են հասարակությունը պառակտելու ուղղությամբ և, հաշվի առնելով առաջիկա ընտրությունները, իրենք փորձում են առավել շիկացնել մթնոլորտն իրենց երկրում։ Անդրադառնալով Սիրիայում առկա լարված իրավիճակին`Մանոյանն ասաց, որ իրենց շահերի գլխավոր վտանգը Իսլամական պետությունից է գալիս:

«Այսօր Թուրքիան ոչ միայն չի պայքարում դրա դեմ, այլ նաև աջակցում է»,- նշեց նա: Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Թուրքիայի նախագահ Էրդողանն օգտագործի իր սահմանադրական իրավունքը և հետաձգի խորհրդարանական ընտրությունները, Կիրո Մանոյանը պատասխանեց. «Այսօր նրանք չեն ուզում ընտրությունները հետաձգել, քանի որ սա կնշանակի, որ այս մթնոլորտը պետք է ձգել ևս մեկ տարի»:

Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունից` Կիրո Մանոյանն ասաց. «Ուորլիքի հայտարարությունն առանձնապես մեծ կարևորություն չունի: Արևմուտքը, ներառյալ ԱՄՆ-ն, Ադրբեջանից դժգոհ են և դա բարձրաձայնվում է Արևմուտքի կողմից:

Ադրբեջանը փորձում է փոխլրացնող հարաբերություններ պահել Ռուսաստանի և Արևմուտքի հետ, բայց դրանք ձախողվում են: Արևմտյան որևէ պետություն չի աջակցում Ադրբեջանի վարած քաղաքականությանը: Եթե նրանք համապատասխան ձևով չեն արձագանքում հայ-ադրբեջանակական լարվածությանը, դա չի նշանակում, որ չեն նկատում, բայց նրանց նման պահվածքն էլ ճիշտ չէ»:

Կիրո Մանոյան. Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների արդյունավետ զրույցը քիչ հավանական է

(news.am) ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հավանականությունը չի կարելի բացառել, բայց հասկանալի չէ, թե ինչի մասին պետք է խոսեն նախագահները ստեղծված իրավիճակում:

Այդ մասին սեպտեմբերի 11-ի մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Ես չեմ պատկերացնում իրական արդյունավետ զրույց նախագահների միջեւ, եթե Ադրբեջանը 2009թ. սկսած դեմ է հանդես գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների առաջարկներին ՝ փորձելով հարցի լուծումն այլ հարթակներ տեղափոխել»,- շեշտել է Կիրո Մանոյանը: Նրա խոսքով ՝ այս պահին Ադրբեջանը իրականացնում է նույն քաղաքականությունը, որը վարում էր Բաքվում Եվրոպական խաղերի անցկացումից առաջ: «Այդ ժամանակաշրջանում գրեթե ոչինչ չէր կատարվում սահմանների վրա: Սա ի դեպ ցույց է տալիս, թե որ կողմն է իրականում խախտում հրադադարի ռեժիմը»,-հիշեցրեց Կիրո Մանոյանը: Ադրբեջանը, շարունակեց նա, ուզում է լսելի դարձնել իր ձայնը, որպեսզի դժգոհություն հայտնի ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների կապակցությամբ: «Ադրբեջանում դեռ չեն հասկանում, որ իրենց վարած՝ իրավիճակի ապակայունացման քաղաքականությունը չի բխում հենց իրենց շահերից»,- հավելել է Կիրո Մանոյանը:

Հայաստանը Իրանի հետ նոր հարաբերություններ հաստատելու հարցում չի ուշանում, բայց պետք չէ դանդաղել. Կիրո Մանոյան

(tert.am) Հայաստանը Իրանի հետ հարաբերությունները սերտացնելու հարցում չի ուշանում, բայց նաև պետք չէ դանդաղել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

Նա ընդգծեց, որ այսօր Հայաստանը մյուս բազմաթիվ երկրների համեմատ առավելություն ունի Իրանի հետ հարաբերությունների զարգացման և համագործակցության տեսանկյունից։

«Այստեղ ողջ հայությունը հնարավորություն ունի Իրանի հետ հարաբերությունների զարգացման հարցում, որովհետև այնտեղ ունենք հայկական համայնք, որը կարող է օգտակար լինել բազմաթիվ հարցերում»,-ասաց նա։

Կիրո Մանոյանը նշեց, որ նաև ԱՄՆ-ի հայությունը ևս կարող է իր դերակատարությունը ունենալ այս հարաբերութունների զարգացման գործում՝ վերջնականապես Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները հանելուց հետո։

Ի՞նչ փոխեց սեպտեմբերի 11-ն աշխարհում (տեսանյութ)

(a1plus.am) 14 տարի առաջ՝ 2011թ սեպտեմբերի 11-ին Նյու-Յորքում աննախադեպ ահաբեկչությամբ աշխարհը փոխվեց։

«Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած իրադարձությունների պատճառով այսօր աշխարհում շատ բան է փոխվել և Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում և Աֆղանստանում և այլ տեղեր։ Դա այն դրսևորումն էր , որով կարելի է ասել, որ նոր հանգրվան ստեղծվեց մինչև սեպտեմբերի 11-ն ու սեպտեմբերի 11-ից հետո»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի և հայ դատի քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

Գերտերությունները դարձան ավելի զգույշ։ Հանուն ազգային անվտանգության՝ հաճախ անգամ ոտնահարվեցին մարդու իրավունքները։ Այս կապակցությամբ պարոն Մանոյանն ասաց.

«Շատ բաներ, որ կարող է մարդիկ մինչև սեպտեմբերի 11-ը չընդունեին , այսօր անվտանգության առումով ընդունում են։ Երբ որ պետությունը հետևում է, թե դու գրադարանից ինչ գրքեր ես կարդում և սա հենց նույն ԱՄՆ-ի օրենքով է այդպես, սա ուրեմն արդեն ուրիշ վիճակ է»։

Սակայն Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունից գերտերությունները գլոբալ առումով դասեր չքաղեցին։ Այն պարզապես ստիպեց համաշխարհային հիմնական խաղացողներին փոխել իրենց մոտեցումները որոշակի հարցերի շուրջ։ Կիրո Մանոյանի խոսքերով՝ այն ուժերը, հատկապես արևմտյան, որոնք ստեղծեցին ժամանակին Ալ -Քաիդան, հետո «Իսլամական պետություն» կազմակերպությունը կամ առնվազն աջակցեցին, որ նման կառույցները զարգանան, ապա այդ ուժերը պետք է հասկանան, որ դա ի վերջո իրենց իսկ դեմ է շուռ գալու, որովհետև չի կարելի նման կառույցներն այդպիսի գաղափարախոսություններով աճեցնել և միշտ հակակշիռի տակ պահել։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ այս համատեքստում շեշտեց.

«Նրանք՝ գերտերությունները, իրենց անվտանգության համակարգը մի աստիճանով բարձրացրեցին կամ գուցե բազմապատկեցին, բայց վստահ եղեք, որ դիմացինը խոցելու միջոցների հարցում նորից կատարելագործեց իր զինանոցը»։

Ահաբեկչությունների թիվն աշխարհում անընդհատ աճում է։ Քաղաքագետների գնահատմամբ՝ արևելյան երկրներն այժմ կանգնած են առավել մեծ վտանգի առաջ՝ ի դեմս «Իսլամական պետության»։Վերջինիս և Ալ-Քաիդայի միջև կապ քաղաքագետները որոշակի առումներով տեսնում են։

Մանրամասները՝ տեսանյութում։