Պետո Դեմիրճյան.Թուրքիայի քայլերի վրա կենտրոնանալու փոխարեն, ավելի շատ պետք է մտածենք մեր անելիքների մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:

– Պարոն Դեմիրճյան, երեկ Եվրախորհրդարանը, չնայած Թուրքիայի համառ ջանքերին, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունեց: Կառանձնացնե՞ք բանաձից այն կարևոր դրույթները, որոնք տարբերվում են նախկինում ընդունված բանաձևից:

– Նշեմ, որ բանաձևն ընդունվեց Եվրախորհրդարանի բոլոր խմբակցությունների կողմից՝ միաձայն: Այս բանաձևը վերահաստատում է 1987 թվականին ընդունված բանաձևը, հաստատում է 2005-ի որոշումը և 100-րդ տրելիցին ընդառաջ կոչ է անում Թուրքիային առերեսվել իր անցյալի, իր պատմության հետ, ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բանաձևը կոչ է անում Եվրոպական միության այլ անդամ երկրներին, որոնք չեն ընդունել բանաձևը, ընդունել այն, ինչպես նաև Եվրոպական միության հանձնաժողովին ու խորհրդին ջանք թափել և հնարավոր ձևերով նպաստել ճանաչմանը: Բանաձևը կոչ է անում Թուրքիային՝ սահմանը բացել և լուրջ երկխոսություն սկսել հայկական կողմի, հայերի հետ:

– Ի՞նչ եք կարծում՝ հաշվի առնելով թուրքական կողմի արձագանքն այս ամենին՝ հնարավո՞ր է Ցեղասպանության ճանաչում, սահմանների բացում:

– Չեմ կարծում, թե թուրքական այս իշխանությունների օրոք կարելի է նման բան սպասել: Մանավանդ՝ հաշվի առնենք թուրքական իշխանությունների կոշտ արձագանքը՝ թե՛ Հռոմի պապի հասցեին, թե՛ Եվրոխորհրդարանի՛, թե՛ այն պետությունների հանդեպ, որոնք Հայոց ցեղասպանությունն ընդունում և դատապարտում են:

– Հայաստանն իհարկե ողջունում է բանաձևի ընդունման փաստը, և իհարկե դրական է, որ քաղաքակիրթ աշխարհը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Բայց սրան գործնական քայլեր կարո՞ղ են հաջորդել: Եվրամիությունը ունի՞ այլ լծակներ՝ Թուրքիային ստիպելու համար:

– Եվրախորհրդարանն արդեն իսկ մեծ քայլ է անում, կոչ է անում, որ Հայոց ցեղասպանության փաստը հաշվի առնվի, երբ Թուրքիայի հետ Եվրամիությանն անդամակցության համար բանակցություններ են տարվում: Եվրոպական միության խորհրդարանը զորակցում է հայ ժողովրդին և Թուրքիային կոչ է անում առերեսվել իր անցյալի հետ:

– Թուրքական կողմի արձագանքից խոսեցինք. տեղեկություններ կան, որ Բրյուսել նրանց պատվիրակությունն է ժամանել, Եվրախորհրդարանի նախագահի և այլ չինովնիկների հետ հանդիպումներ ունեցել և փորձել ամեն բան անել, որ բանաձևը չընդունվի: Այդ հանդիպումներից տեղեկություն ունե՞ք:

– Այո, եկել են Բրյուսել, նամակներ են ուղարկել, պատգամավորների խմբակցությունների հետ հանդիպումներ են ունեցել, կոչերով հանդես եկել: Դուք նաև տեսաք Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը բանաձևի ընդունման հետ կապված: Չեմ կարծում, թե հիմա առհասարակ պետք է կենտրոնանանք Թուրքիայի քայլերի վրա, ավելի շատ պետք է մտածենք մեր անելիքների, մեր գործողությունների մասին:

– Որո՞նք են լինելու այդ անելիքները: Բանաձևի ընդունումը այլ իրավիճակ ստեղծո՞ւմ է, մեր գործողությունների մեջ փոփոխություն լինելո՞ւ է:

– Մենք պետք է շարունակենք ճնշումը, զորակցություն հայտնենք Թուրքիայի մեջ ներքին այն ժողովրդավարական ուժերին, հասարակական կազմակերպություններին, կուսակցություններին, որոնք մարտահրավեր են ուղղում Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: Այսինքն՝ պետք է իրավական քայլերի վրա հենենք մեր պայքարը և հասնենք արդարության:

(yerkirmedia.am) Հարցազրույց Բրյուսելից Պետրոս Դեմիրճյանի հետ