Դասախօսութիւն՝ «ՀՈՒՍԿ» հաստատութիւնում. Դոկտ. Կարէն Խանլարեանը՝ «Թուրքիայի թաքուն հայերի» մասին

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Հայոց Ցեղասպանութեան արհաւիրքը չի կարելի սահմանափակել միայն 1915-ին մէկուկէս միլիոն անմեղ զոհերի նահատակութեամբ, այլ հետագայ մէկդարեայ պատմութիւնը, իր էջերում պարփակում է մի այնպիսի ժողովրդի, որոնք բռնի կերպով հեռացւած լինելով իրենց արմատներից, վերածւել են այնպիսիների, որոնցից ոմանք այսօր մէկ դար անց, ձգտում են դրսեւորել իրենց բուն էութիւնը՝ հայկականութիւնը եւ նրանք Թուրքիայի թաքուն հայերն են:
Յիշեալ թեմայի մասին երէկ մարտի 11-ի երեկոյեան, «ՀՈՒՍԿ» հաստատութեան կենտրոնատեղիում, նոյն հաստատութեան նախաձեռնութեամբ կազմակերպւել էր դասախօսական երեկոյ: Օրւայ դասախօսն էր Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, դասախօսութեան թեման էր՝ Թուրքիայի թաքուն եւ իսլամացած հայերը:
Դոկտ. Խանլարեանը իր ելոյթի ընթացքում նշեց, որ հայ իրականութեան համար ամենազգայուն եւ ամենակարեւոր թեմաներից է Թուրքիայի թաքուն եւ իսլամացած հայերը եւ աւելացրեց. «Համիդեան ջարդերի եւ Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ հայ իրականութեան մէջ ձեւաւորւել է այսպիսի մի զանգւած, որ ունի քաղաքական իր յատուկ նշանակութիւնը, քանզի նրանք բնակւում են արեւմտեան Հայաստանի տարածքներում»:
Ապա դասախօսը լսարանին ներկայացրեց իր հեղինակային փաստագրական տեսաֆիլմը, որը մօտաւորապէս 40 րոպէների ընդմիջից վեր հանեց թաքուն հայերի ներկայ քաղաքական իրավիճակը, եւ պատմական տւեալները սկզբից եւեթ, բացայայտելով նրանց քաղաքական հակումները:
Տեսաֆիլմի մէջ ներառւած էին նաեւ Հայոց Ցեղասպանութեան մասին միջազգային մամուլի այդ թւում իրանական մամուլի, անդրադարձը:
Փաստագրական ֆիլմի մէջ նշւած է, որ ամենաչափաւոր հաշւարկներով այսօրւայ Թուրքիայում եւ պատմական Հայաստանի տարածքում ապրում են աւելի քան 7 հարիւր հազար թաքուն հայութիւն, դեռ չհաշւած իսլամացած համշէնահայութեանը եւ պոնտահայութեանը: Ֆիլմը անդրադառնում էր մի քանի տասնամեակների ընթացքում թաքուն հայերի քաղաքական հակումներին, Թուրքիայում նրանց հանդէպ ցուցաբերւած խտրականութեանը, հալածանքներին եւ անարդարութեանը եւ որպէս այդ բոլորի հետեւանք՝ ազգային միւս այլ փոքրամասնութիւնների՝ եզդիների, քրդերի ու ալեւիների հետ նրանց կապերին եւ յաճախ նաեւ կազմակերպողի եւ ոգեշնչողի դերում թաքուն հայութեան ընդվզումներին ու դերակատարութիւններին:
Ֆիլմի ցուցադրումից յետոյ դասախօսը նշեց, որ ֆիլմի միջոցով փորձել ենք հիմնականում ներկայացնել թաքուն հայութեան քաղաքական իրավիճակը եւ վեր հանել այն քաղաքական ձգտումները, որ ունեն այսօր եւ աւելացրեց, որ ֆիլմի մէջ դրսեւորւած չէր թաքուն հայերի հոգեմտաւոր ծալքերը եւ աւելացրեց, որ նրանք ունեն բաւականին հետաքրքիր մշակութային ինքնարծարծման դրսեւորումներ:
Վերջում ներկաներին առիթ տրւեց հարցումների, որոնք մեծամասնաբար առնչւում էին Հայ Դատի արդար լուծման ճամբին թաքուն հայերի դերակատարութեանը, նրանց կենցաղային իրականութիւնները եւ ներկայ կացութեանը, որոնց համապարփակ բացատրութիւններ էր փոխանցում դասախօսը: