Արամ Համբարյան. Հայ ժողովուրդը արդարադատության երթ է սկսել

NEWS.am-ը ներկայացնում է հարցազրույց Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հետ։

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ի ՞նչ միջոցառումներ են սպասվում ԱՄՆ-ում։

Հայ դատի հանձնախումբը կազմակերպություն է, որն ունի գրասենյակներ, հանձնաժողովներ, բաժիններ, ազգային, պետական ու տեղական մակարդակներով գործունեություն ծավալող ակտիվիստներ։ Մենք ԱՄՆ ողջ տարածքում կազմակերպում եւ անցկացնում ենք ինչպես հիշատակի, այնպես էլ քարոզչական լայնածավալ միջոցառումներ։

Նրանց թվում՝ իհարկե, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա արարողությունները, որոնք կընթանան ապրիլի 22-ին Կապիտոլիումի բլրի վրա կոնգրեսի անդամների համար, ինչպես նաեւ մայիսի 7-ին Ազգային տաճարում կայանալիք միջոցառումները նախագահ Սարգսյանի, եկեղեցական ղեկավարների ու համայնքի առաջնորդների մասնակցությամբ։ Կանցկացվեն երթեր Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում, ինչպես նաեւ բողոքի ցույցեր, պիկետներ, խորհրդակցություններ, քարոզարշավներ, քաղաքացիական նախաձեռնությունների հետ մեկտեղ ԱՄՆ գրեթե բոլոր նահանգներում կլինեն նաեւ մշակութային միջոցառումներ՝ կապված արվեստի, կինոյի երաժշտության, գրականության եւ այլ մշակութային ոլորտների հետ։ Այս շարքում իհարկե գլխավորը System of a Down խմբի Wake Up the Souls համերգային շրջագայություն է։

Ի՞նչ եք կարծում, Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ քաղաքականության մեջ պե՞տք է փոփոխություններ սպասել։ Ի՞նչը կարող է ստիպել ԱՄՆ-ին փոխել իր դիրքորոշումը։

Ճշմարտության ամենամեծ դաշնակիցը լույսն է։ Հայկական հարցը ծաղկում է հասարակության լուսավոր գիտակցության մեջ։ Եվ դա այն պատճառով, որ մենք մեր պահանջները ներկայացնելու համար բարոյական առիթ ունենք։ Միաժամանակ, մենք տեսել ենք, որ մեր գործում դավաճանության վատագույն դեպքերըը ստվերում են կատարվել։

100-ամյա տարելիցն իհարկե մեծ ուշադրություն է հրավիրում Թուրքիայի ժխտողական եւ Ցեղասպանության հարցում արդարադատության հասնելուն խոչընդոտելու քաղաքականության վրա։ Իրադարձությունները դրական ազդեցություն ունեցան քաղաքական գործիչների վրա՝ ճիշտ ուղղությամբ շարժվելու համար։ Սակայն դեռ պարզ չէ, թե հասարակության ուշադրությունն ու մեր կողմից գործադրվող կրկնակի ջանքերը բավարար են արդյոք, չեզոքացնելու համար Ամերիկայի «բերանը փակելու» Թուրքիայի փորձերը։

Թուրքիայի կառավարությունը որոշել է Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը նշել ապրիլի 24-ին։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Ամերիկայի հայերի կողմից Թուրքիայի քարոզչությունը չեզոքացնելու համար։

Լավ նորություն է այն, որ Թուրքիայի այդ ակնհայտ հնարքը ոչ ոքի չի հիմարացնում։ Թուրք վերլուծաբանները զանգվածային կերպով մերժեցին այդ նախաձեռնությունը՝ որպես էժանագին հնարք։ Այսուհանդերձ, մենք շարունակում ենք ամերիկյան պաշտոնյաների շրջանում բացատրական աշխատանքներ տանել այս խայտառակ հնարքի հարցով։

2015թ. ապրիլի 24-ը մեծ նշանակություն ունի ողջ հայության եւ ԱՄՆ հայերի համար։ Որո՞նք են ձեր հետագա քայլերը։ Ի՞նչ է պլանավորում անել Ամերիկայի հայ դատի հանձնախումբը ապրիլի 24-ից հետո։

Հայ ժողովուրդն այսօր բռնել է արդարադատության տանող ուղին։ Մենք ոտքի ենք կանգնել ու վերակազմավորվել ենք 100 տարի առաջ վերապրած գրեթե ամբողջական բնաջնջումից հետո։ Ունենալով հզոր համայնք՝ մենք փրկել ենք Արցախը եւ վերականգնել ենք մեր անկախությունը՝ 2-րդ հարյուրամյակը սկսելով իրավամբ մեզ պատկանող հայրենիքի պահանջով ոչ միայն անցյալին հարգանքի տուրք տալու համար, այլեւ ապագային ծառայելու նպատալով։ Քայլ առ քայլ մենք աշխատում ենք մեր երազանքները իրականացնելու ուղղությամբ։

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը սպառնալիք է Հայաստանի եւ ողջ հայության համար։ Այս հանցագործության արդար պատիժը առանցքային գործոն է Հայաստանի գոյատեւման եւ հետագա կենսունակության համար։

Այդ առումով մենք աշխատում ենք այդ հանցագործության միջազգային արդար ճանաչման, Արցախի պաշտպանության, Հայաստանի կայացման, Ջավախքի աջակցության եւ այլ հայամետ նախաձեռնություններին աջակցելու ուղղությամբ։

Հայոց ցեղասպանության հարցում արդարադատության հասնելը Հայ դատի հանձնախմբի հիմնական նպատակն է։ Սա մենք մշտական պայքարի կենտրոնական տարրն է՝ ազգերի սեղանի շուրջ Հայաստանի տեղն ապահովելու համար, որը սկսվել է 1915թ. եւ շարունակվելու է նաեւ 2015-ից հետո։