Կիրո Մանոյան. Լևոն Տեր-Պետրոսյանը փորձել է ամեն ինչ խառնել

(yerkir.am) ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանն այսօր ընդարձակ մի հոդված էր տպագրել, որում նա հանգամանքորեն ներկայացնում էր իր վերապահումներն ու քննադատությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով ընդունված հռչակագրի մի քանի կետերի կապակցությամբ:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը համաձայն չէր այդ վերապահումների ու դիտարկումների հետ: Մանսնավորապես Լևոն Տեր Պետրոսյանը հարցականի տակ է դնում, որ զուտ կազմակերպական բույթ կրող ներկայացուցչական հանձնաժողովը ինչպե՞ս կարող է ներկայացնել ողջ հայ ժողովրդի միասնական կամքը:

Կիրո Մանոյանի խոսքով` Լևոն Տեր-Պետրոսյանը անտեսում է հռչակագրի այն մասը, որտեղ ասվում է, որ հանձնաժողովը աշխատում է և համախորհուրդ է Սփյուռքում աշխատող կառույցների հետ: «Իսկապես այդպես էլ եղել է: Հռչակագրի նախագիծը ներկայացվել է անցյալ տարի մայիսի 27-ին, որտեղ մասնակցում էին նաև Սփյուռքի համայնքներից ներկայացուցիչներ, և բոլորին հնարավորություն է տրվել առաջիկա շաբաթների ընթացքում տեսակետներ փոխանցել: Իսկապես ուրիշ ավելի ներկայացուցչական որևէ մարմին չէր կարող լինել , ահա ինչու անհիմն ու անիմաստ է հարցականի տակ դնել, թե ինչ իրավունքով է հայ ժողովրդի անունից հռչակագիր կնքվել»,- ասաց Կիրո Մանոյանը:

Լևոն Տեր Պետրոսյանը հիմնավորում է, թե հայ ժողովրդի միասնական կամքը կարող է հայտնել միայն համահայկական հանրաքվեն, որը հասկանալի պատճառով չի կարող տեղի ունենալ: «Դա նշանակում է, որ համահայկական կարծիք չի կարող լինել, հայ ժողովրդի անունից ոչ ոք երբեք չի կարող խոսել: Սակայն դա իսկապես հայությունը ներկայացնող մարմին է եղել ու շարունակում է մնալ: Դա միայն Հայաստանի ու Արցախի նախագահների տեսակետը չէ, որ նրանց ստորագրությամբ ընդունվեր հռչակագիրը: Դա իրականում արտահայտում է Լևոն Տեր-Պետրոսյանի այն իրական մտայնությունը, որ համայն հայ ժողովուրդ հասկացություն չկա:Ինքը և նախագահ եղած ժամանակ, և դրանից հետո, փաստորեն նաև այսօր, փորձում է տարանջատել ու հատվածներ տեսնել հայ ժողովրդի մեջ: Իր ժամանակ Հայաստանը Սփյուռք էր, հիմա էլ ասում է միայն նախագահներն ու կաթողիկոսները թող ստորագրեն, բայց դա չէ այդ հանձնաժողովը»,- ասաց Կիրո Մանոյանը` հավելելով, որ գործընթացը, որ նախորդել է հռչակագրրի ընդունմանը, անցել է համահայկական քննարկման միջով, որը, ըստ Կիրո Մանոյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակ չի էլ եղել:

Լևոն Տեր Պետրոսյանը նշել էր, որ նվաստացուցիչ է` Հայոց ցեղասպանության ճանաչման համար շնորհակալություն հայտնել այլ պետություններին, Կիրո Մանոյանը նշեց. «Եթե այդպիսի տեսակետ ուներ Լևոն Տեր-Պետրոսյանը, պետք է որ վաղուց այդ մասին արտահայտած լիներ, բայց հիմա է նպատակահարմար գտել բարձրաձայնել: Իրականում հռչակագրում նոր բան չի ասվել, միակ նորությունը` համահայկական լինելն է: Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ էլ հնարավորություն ունեցել է այդ թեմայի շուրջ բարձրաձայնելու իր մտահոգությունների մասին»:

Լևոն Տեր-Պետրոսյանի վերապահումներևից մեկն էլ այն էր, որ պետք չէ Թուրքիայի կոչ անել` ճանաչել ու դատապարտել Հայոց Ցեղասպանությունը, որովհետև դա Թուրքիայի գործն է, և դրան հնարավոր է հասնել Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու միջոցով միայն:

Կիրո Մանոյանը նշեց. «Չգիտեմ` զուգադիպություն է, թե ոչ, բայց հետաքրքրական է, որ Տեր-Պետրոսյանը Թուրքիայի նախագահի նման ասում է, որ «մեզ պատասխանեցին կոչերով ու հայտարարություններով, և մեր ձեռքը օդում մնաց»: Տեր-Պետրոսյանը ճիշտ նույն բանն է ասում, այսինքն Թուրքիայի տեսակետն է կիսում` մեջբերելով 2007թ իր մի հոդվածը, որի տակ , կարծում եմ, Էրդողանն ու Դավըթօղլուն շատ սիրով կստորագրեին, որտեղ ասվում է, որ ժամանակն է` հասկանալ, որ վերջնագրեր ներկայացնելով կամ անկյուն սեղմելով, ոչ ոք չի կարող Թուրքիային պարտադրել` ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այսինքն նա պնդում է, որ Թուրքիայի նկատմամբ պետք է կամակատարի դերակատարություն ստանձնի: Լևոն Տեր-Պետրոսյանն իր հոդվածում նաև ասում է, որ Թուրքիայի հասարակության մի հատվածի նկատմամբ կարիք չկար զորավիգ կանգնելու, դա ավելի վատ կլինի, որովհետև պատրվակ կհանդիսանա , որ նրանց վրա Թուրքիայի իշխանությունները ճնշումներ բանեցնեն: «Այսինքն մենք ոչ մտածելու իրավունք ունենք, ոչ շնչելու իրավունք ունենք, միայն Թուրքիան իրավունք ունի , միայն նրանք կարող են որոշել, թե մենք ինչ պետք է անենք՞: Եվ վերջում էլ խոսել արժանապատվության մասին, իսկապես դեմագոգիա է»,- ասաց Կիրո Մանոյանը:

Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է, թե պատմական իրավունք եզրույթը հռչակագրում փոխարինվել է պատմական արդարություն նույնքան առաձգական եզրույթով:«Նա անտեսում է, կամ մոռացել է` չգիտեմ, որ այդ եզրույթները վերցված են 1990թ օգոստոսի 23-ին ընդունված Անկախության մասին հռչակագրից, որի տակ ստորագրել է այն ժամանակվա Գերագույն Խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է, որ հանձնաժողովը գերազանցել է իր լիազորությունները, որովհետև խախտել է Անկախության մասին հռչակագիրը, որովհետև այդտեղ պահանջատիրության այլ տարր չկա, բացի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման աջակցելու դրույթից:

Կիրո Մանոյանի խոսքով` Լևոն Տեր-Պետրոսյանը փորձել է ամեն ինչ խառնել, ցույց տալու համար , որ շատ վատ հռչակագիր է, մինչդեռ իրականում վերջին 100 տարվա մեջ առաջին անգամն է, որ այդքան համազգային համախոհություն կա մի փաստաթղթի շուրջ, որի առիթը Հայոց ցեղասպանության 100-ամյակն է: Նա ասում է, որ եթե այդ փաստաթուղթը վտանգավոր էլ չէ, ապա անպտուղ փաստաթուղթ է: Ես կասեի, որ եթե իսկապես անպտուղ փաստաթուղթ է, ապա ափսոս է, որ ինքը այդքան երկար հոդված է գրել անպտուղ մի փաստաթղթի վերաբերյալ: Այն, որ ասում է, թե այդ փաստաթուղթը կարող է ավելի վատ անդրադառնալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա, բայց այդ հարաբերությունները չկան, որ ավելի վատ լինի:

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԽՈՍՔԵՐԻ ՏԱԿ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ԹԵ՛ ԷՐԴՈՂԱՆԸ, ԹԵ՛ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ

(armworld.am) Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամ ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ հետ

-Նախօրեին Տեր-Պետրոսյանը հանդես եկավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի դեմ հոդվածով՝ ի ցույց դնելով իր անհանգստությունը, թե ինչպե՞ս կարող է մի հանձնաժողովի հաջողել հանդես գալ այնպիսի հռչակագրով, որի շուրջ հանկարծ համահայկական համախմբում կկայանա: Ու այդ զայրույթից հարձակման անցավ նախ հանձնաժողովի վրա, թե վերջինս ի՞նչ իրավունք ունի արտահայտելու հայ ժողովրդի միասնական կամքը: Ի՞նչ է հուշում ձեզ Տեր-Պետրոսյանի այս պոռթկումը:
-Սա Տեր-Պետրոսյանի մտածողության անկեղծ արտահայտությունն է: Նա երբեք էլ չի հավատացել համահայկականությանը, եթե նույնիսկ երբեմն համահայկական անվանումը կրող նախաձեռնություններով է հանդես եկել (խոսքս «Հայաստան» հիմնադրամի մասին է):
Գրում է, թե հանձնաժողովը չի կարող համայն հայության անունից հանդես գալ, եւ նշում, թե դրա միակ միջոցը համահայկական հանրաքվեն է: Սակայն հաջորդ իսկ նախադասությամբ վրա է բերում՝ «դրա կազմակերպումը, հասկանալի պատճառներով, անհնար է»: Դժվար է ասել, թե որոնք են իր համար «հասկանալի պատճառները», սակայն մի բան փաստ է՝ հռչակագրի բովանդակությանը համաձայն չլինելով՝ փաստորեն հակադրվում է այն գաղափարներին, մտքերին, ինչին համակարծիք է հայությունը:
Տեր-Պետրոսյանը փորձում է վարկաբեկել հանձնաժողովը, նրա կատարած աշխատանքն ու դրա ծնունդ համարվող հռչակագիրը: Իսկ այն, որ հանձնաժողովը արտահայտիչն է հայության միասնական համոզումների, դրա մասին է վկայում այն փաստը, որ հանձնաժողովում ներկայացված են հայության ամենատարբեր կառույցների ներկայացուցիչներ:
Բացի դրանից, հռչակագրի նախագիծն անցել է երկար ճանապարհ. նախ այն ներկայացվեց հանձնաժողովի չորրորդ նիստին, որը գումարվեց 2014-ի մայիսի 27-ին: Այդ նիստին մասնակցում էին ոչ միայն հանձնաժողովի անդամներ, որն ինքնին արդեն իսկ ներկայացուցչական է, այլեւ սփյուռքյան բոլոր համայնքներից ժամանած՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախմբերի ներկայացուցիչներ: Նրանց տրվեց հռչակագրի նախագիծը ու ակնկալվեց իրենց ներդրումն ունենալ հռչակագրի վերջնական կազմման հարցում:
Բազմաթիվ կարծիքներ, առաջարկներ ստացանք, եւ ի վերջո, այդ ամենի համադրությամբ ձեւավորվեց այն փաստաթուղթը, որը պաշտոնապես ընդունվեց 2015-ի հունվարի 29-ին պետական հանձնաժողովի 5-րդ նիստում:
Եվ ահա, այս ամենը անտեսելով, Տեր-Պետրոսյանն ասում է՝ մենք չեն կարող երբեւիցէ համայն հայության անունից խոսել: Նման կարծիք հայտնելու բացատրությունն այն է, որ, ըստ Տեր-Պետրոսյանի, համայն հայություն չկա, նա մշտապես եղել է Հայաստանը Սփյուռքից բաժանելու կողմնակից գործիչ: Հաճախ փորձել է իրեն արդարացնել, թե դրանք իր հասցեին հնչող անհիմն մեղադրանքներ են, բայց փաստն այն է, որ դա իրողություն է, որը հերթական անգամ դրսեւորվեց նրա վերջին հոդվածում:
-Հայաստանը Սփյուռքից տարանջատելը թուրքական քաղաքականության կարեւոր բաղադրիչն է. Թուրքիան ահռելի ֆինանսական միջոցներ է ծախսում իր նպատակին հասնելու համար: Փաստորեն Տեր-Պետրոսյանը առանց վարանելու, բացահայտորեն հանդես է գալիս թուրքական գծի պաշտպան մարտիկի դիրքերից:
-Այդպես է ստացվում։ Նշեցիք Տեր-Պետրոսյանի թուրքական մոտեցման մասին, ու ես հիշեցի նրա 2007-ի հոդվածներից մեկը՝ «Վերադարձ» անվամբ, որի մասին հիշատակում է իր վերջին հոդվածում եւս:
Իսկ «Վերադարձում» գրում է. «Ժամանակն է վերջապես հասկանալ, որ վերջնագրեր ներկայացնելով կամ անկյուն սեղմելով՝ ոչ ոք չի կարող Թուրքիային պարտադրել ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Եվ ես հիմա հայտնում եմ իմ համոզմունքը, որ այս խոսքերի տակ, Տեր-Պետրոսյան անվան կողքին, շատ սիրով կստորագրեն թե՛ Էրդողանը, թե՛ Դավութօղլուն:
-Տեր-Պետրոսյանի թուրքամետ դիտարկումները, սակայն, այսքանով չեն ավարտվում: Նա արտառոց ու անլուրջ է համարում Հայաստանի կոչը ուղղված Թուրքիային՝ ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը: Եվ ահա ՀՀՇ-ՀԱԿ լիդերը հայտարարում է՝ Հայաստանը նման կոչով հանդես գալու իրավունք չունի, ավելին՝ սարսափած է. «Ի՞նչ է սա, եթե ոչ Թուրքիային ուղղված վերջնագիր», «դա ամենեւին չի նպաստում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»:
-Սա ցույց է տալիս, որ Տեր-Պետրոսյանը 25 տարվա հեռավորությունից տակավին չի ուզում ընդունել, որ իր նախագահության տարիներին Թուրքիայի նկատմամբ իրականացված քաղաքականությունն անարդյունավետ է եղել, եւ այսօր կրկին պնդում է նույնը, որ Հայաստանը պետք է ամբողջովին զինաթափ լինի Թուրքիայի առաջ ու գլուխ ծռի: Տեր-Պետրոսյանը այս քաղաքականությունն իրականացրեց եւ, կրկնում եմ, որեւէ արդյունքի չհասավ: Չնայած ձախողմանը՝ դարձյալ շարունակում է իր սխալ ճանապարհը:
-Առաջին անգամ այս հռչակագրով պետականորեն կարեւորվեց Սեւրի հաշտության պայմանագրի եւ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցում: Մինչդեռ Տեր-Պետրոսյանն իրեն բնորոշ մեծամիտ քամահրանքով այդ ամենը անվանում է «Հայ Դատի ռեպերտուար» ու իր համար «ամենամտահոգիչ խնդիր» համարում հռչակագրում տեղ գտած «պատմական արդարություն» հասկացությունը:
-Ինչը, Տեր-Պետրոսյանի մտածողությամբ, վերացական հասկացություն է: Ես պետք է նրան հիշեցնեմ 1990թ. օգոստոսի 23-ի Անկախության հռչակագիրը, որում եւս կա պատմական արդարության վերականգման մասին հանձնառություն, նույնպես խոսվում է հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացման մասին: Եվ այդ հռչակագրի տակ դրված է Գերագույն խորհրդի նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի ստորագրությունը:
Եվ եթե այսօր նա մեղադրում է հանձնաժողովին հայության անունից հանդես գալու համար, կնշանակի՝ ժամանակին Գերագույն խորհո՞ւրդն էլ է գերազանցել իր իրավասությունները՝ խոսելով հայության անունից: Իմ տպավորությամբ, Տեր-Պետրոսյանը մոռացել է այս փաստաթղթի գոյության ու դրույթների մասին:
-ՀԱԿ առաջնորդին խիստ մտահոգել է հայության համար ամենակարեւոր՝ պահանջատիրության հարցը «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրով» Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում դնելը: Նրա մտավախության պատճառն այն է, որ դա «չափազանց կբարդացնի, կսառեցնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը»:
-Ես դրան շատ կարճ կպատասխանեմ՝ ինչպե՞ս կարող է սառել մի բան, որը չկա: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց գոյություն չունի, ուրեմն ինչպե՞ս այն կարող է բարդանալ կամ սառեցվել՝ ես դա չեմ հասկանում:
-Փաստորեն իր հերթական հոդվածով Տեր-Պետրոսյանն ապացուցեց, որ նույն զիջողական, թուրքամետ քաղաքականության կրող գործիչն է, ինչպիսին եղել է Ղարաբաղյան պայքարի տարիներին։
-Համակարծիք եմ: Եթե Տեր-Պետրոսյանն ինչ-ինչ պատճառներով հարկադրված էր նման հոդվածով հանդես գալ, եթե անգամ հռչակագիրն իր տեսակետներին չի համապատասխանում, ապա գոնե որպես առաջին նախագահ իրավունք չուներ այդ կարեւոր փաստաթուղթը անպտուղ համարել: Այս փաստաթուղթը ողջունել են բոլոր քաղաքական ուժերը՝ բացի Տեր-Պետրոսյանից ու հին-նոր ՀՀՇ-ականներից:
Բայց այդ ամենով հանդերձ, Տեր-Պետրոսյանն անզոր է նսեմացնել հռչակագրի կարեւորությունը, եւ չի կարող խաթարել հռչակագրի շուրջ ստեղծված միասնականությունը: Իսկ նրա արտահայտած մտքերն ընդամենը եկան հաստատելու մեր միասնականությանն ուղղված ներքին սպառնալիքների մասին, ու դա մենք պետք է հաշվի առնենք:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ