ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասնյակ անդամներ, Հայոց ցեղասպանության 110րդ տարելիցի առթիվ, համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին և ամերիկահայ համայնքին՝ հանդես գալով հրապարակային հայտարարություններով, համայնքային հանդիպումներով և սոցիալական ցանցերում կատարված գրառումներով: Կոնգրեսականները ոչ միայն վերահաստատել են իրենց հանձնառությունը Հայոց ցեղասպանության ճանաչման ու արդարության հաստատման պայքարում, այլև պատասխանատվություն են պահանջել Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ցեղասպանական էթնիկ զտումների համար և կարևորել հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը։

Վաշինգտոնից՝ Կոնգրեսի բարձքունքից մինչև ԱՄՆ տարբեր համայնքներ, տասնյակ օրենսդիրներ բարձրացրել են իրենց ձայնը՝ հիշատակելով ցեղասպանության զոհ դարձախ 1.5 միլիոն հայերին։ Հիշատակի այս ձեռնարկները հզոր հակազդում էին Թուրքիայի և Ադրբեջանի շարունակական ժխտողականությանը և ագրեսիային՝ միաժամանակ նպաստելով կոնկրետ քաղաքական քայլերի իրականացմանը՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու և ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։

«Կոնգրեսի անդամները ցուցաբերել են բացառիկ առաջնորդություն՝ ինչպես Հայոց ցեղասպանության հիշատակը ոգեկոչելու, այնպես էլ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ցեղասպանական էթնիկ զտումների համար պատասխանատվություն պահանջելու հարցերում,» – հայտարարել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝հավելելով․«Նրանց սկզբունքային դիրքորոշումը զորացնում է ցեղասպանության կանխարգելման գործը, խթանում է կոնկրետ քաղաքական քայլեր Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ և հզոր օրինակ է ծառայում ապագա սերունդների համար։ Այսօր մեզ, առավել քան երբևէ, անհրաժեշտ է Կոնգրեսի այս առաջնորդությունը, հատկապես երբ Սպիտակ տունը հետ է կանգնում այս հանցագործության պատշաճ ճանաչումից»։

Բազմաթիվ կոնգրեսական առաջնորդներ իրենց դժգոհությունն են արտահայտել նախագահ Թրամփի՝ Հայոց ցեղասպանությունը պատշաճ ճանաչելուց հրաժարվելու վերաբերյալ։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը  շարունակում է ակտիվորեն գործել՝ աջակցելու այն օրենսդրական նախաձեռնություններին, որոնք արգելափակում են ԱՄՆ-ի ռազմական աջակցությունն Ադրբեջանին, ուժեղացնում ԱՄՆ-Հայաստան անվտանգության համագործակցությունը և Թուրքիայից պահանջում են պատասխանատվություն՝ Հայոց ցեղասպանությունը շարունակաբար ժխտելու համար։ Ամերիկահայերը կարող են այցելել anca.org/action կայք՝ նամակներ ուղարկելու իրենց շրջանները ներկայացնող կոնգրեսականներին, հորդորելով շարունակել աջակցությունը Հայաստանին և Արցախին՝ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիայի դիմաց։

Վերջին օրերի ընթացքում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի պատասխանատուները ԱՄՆ տարբեր նահանգներում հանդիպումներ են ունեցել հայ համայնքների և այդ շրջաններից ընտրված կոնգրեսականների հետ։

Յուրաքանչյուր ելույթի ընթացքում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ներկայացուցիչներն ամերիկահայերին կոչ են արել ձեռնարկել կոնկրետ գործողություններ՝ հանձնախմբի քաղաքական առաջնահերթությունների շրջանակում։ Առավել կարևոր ուղղություններ են նկատվել «Ազատության աջակցման ակտի» 907-րդ հոդվածի կիրարկումը՝ Ադրբեջանի ռազմական օգնությունն ամբողջությամբ դադարեցնելու նպատակով, ինչպես նաև՝ Ալիևի ռեժիմին տրամադրվող ցանկացած տեսակի ռազմական աջակցության լիակատար արգելումը։ Բացի այդ, Հայ դատի հանձնախումբը հանդես է գալիս ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու» պատժամիջոցներ կիրառելու պահանջով, որոնք պատասխանատու են պատերազմական հանցագործությունների համար։ Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ կառավարությանը նաև կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դիվանագիտական ջանքեր իրականացնել՝ ապահովելու արցախահայության անվտանգ վերադարձի իարվունքի իրացումը։

ԱՄՆ կառավարությունից նաև պահանջվում է, որ Թուրքիան դադարեցնի Հայոց ցեղասպանության ժխտումը, ինչպես նաև անհապաղ քայլեր ձեռնարկի Երուսաղեմի հայկական քրիստոնեական թաղամասի պաշտպանության ուղղությամբ։ Այս բոլոր պահանջների ընթացքում հանձնախումբն ընդգծում է ԱՄՆ-ի՝ ցեղասպանության ժխտման գործում մաղսակից չլինելու հրատապությունը՝ միաժամանակ պահանջելով դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային և Ադրբեջանին, ինչպես նաև ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ առանց նախապայմանի հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ