ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր

(օգոստոսի 15-սեպտեմբերի 15, 2023թ․)

Օգոստոսի 15-ից սեպտեմբերի 15ն ընկած ժամանակահատվածում ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ համակարգի աշխատանքները շարունակել են մեծապես պայմանավորված լինել ադրբեջանական ընթացիկ ցեղասպան քաղաքականության արդյունքում Արցախում ստեղծված հոմանիտար և անվտանգային իրավիճակով։ Շարունակվել են աշխատանքներն Արցախի հանդեպ միջազգային զորակցության ապահովման, շրջափակման վերացման, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների կիրառման, Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության վերացման, հիմնախնդրի միջազգայնացման, ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչման շեշտադրմամբ բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման և այլ ուղղություններով։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

Հ․ Յ․ Դաշնակցության արտաքին քարտուղարությունն օգոստոսի 18-ին ստացել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ Սոցիալիստական ինտերնացիոնալի հայտարարությունը, որի հիմնական մասը ներկայացնում ենք ստորև․

«Սոցիալիստական ինտերնացիոնալը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամով։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումը պատճառ է հանդիսացել անտանելի իրավիճակի և մի քանի ամիս ձգվող շրջափակման։ Հայաստանից սննդի, դեղորայքի, գազի և էլեկտրականության մատակարարումներից զրկվածությունն արագորեն հանգեցնում է տարածաշրջանում սովի և հումանիտար աղետի իրավիճակի։

Սոցիալիստական ինտերնացիոնալն Ադրբեջանի կառավարությանը հորդորում է անհապաղ և անվերապահորեն բացել Լաչինի միջանցքն ու ապահովել մարդկանց ու ապրանքների տարանցումը երկու ուղղություններով՝ համաձայն իր միջազգային պարտավորությունների և միջազգային դատարանների կողմից պարտադիր իրավակիրառություն ենթադրող որոշումների։ Մենք նաև Հայաստանի և Ադրբեջանի մեր անդամ կուսակցություններին հորդորում ենք միասին աշխատել՝ ապահովելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն լուծումը։

Մենք միջազգային լայն հանրությանը կոչ ենք անում արագացնել ջանքերը՝ հորդորելու Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը»։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Նշված ժամանակահատվածում Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը բազմաբնույթ ծավալուն աշխատանքներ է իրականացրել՝ հիմնականում ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների շրջանակում։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակաբար մեծացնում է ճնշումը նախագահ Բայդենի վարչակազմի և Կոնգրեսի վրա՝ կոչ անելով վերջիններիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայացնել Արցախի քրիստոնյա բնակչության ցեղասպանական շրջափակումը քննադատող բանաձև։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի էլեկտրոնային հատուկ հարթակների միջոցով ավելի քան 200․000 գրություններ են ուղարկվել նախագահ Բայդենին, փոխնախագահ Հարիսին և ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների անդամներին՝ կոչ անելով «կանխել Լեռնային Ղարաբաղում (Արցախում) վերահաս ցեղասպանությունը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 250 օր շրջափակման հետևանքով։ Այն Արցախը Հայաստանին կապող միակ մարդասիրական փրկօղակն է»։

Հասցեատերերից մասնավորապես պահաջնջվել է․

  • ՄԱԿ Անվտանգության խորհրդում առաջնորդել համապատասխան բանաձև՝ դատապարտելու Արցախի ադրբեջանական շրջափակումը և Լաչինի միջանցքի անհապաղ բացման կոչ անել՝ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավակիրառություն ենթադրող ժամանակավոր միջոցի կիրառման վերաբերյալ որոշման համաձայն։
  • Դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական և անվտանգային օժանդակությունը և ամբողջապես կիրառության մեջ դնել Ազատության աջակցության ակտի 907-րդ  հոդվածի պահանջները (907-րդ բանաձև)։
  • Արցախում ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած հայ բնակչության համար ապահովել ամերիկյան մարդասիրական օժանդակություն։
  • Արցախի ցեղասպանական շրջափակման համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ կիրառել ամերիկյան օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցներ։

Ինչ վերաբերում է ԱՄՆ պետական իշխանության գործադիր թևի վրա կոնգրեսական ճնշումներին, նկատենք, որ ՄԱԿ ԱԽ-ում Հայաստանի դիմումով գումարված քննարկման նախօրեին՝ օգոստոսի 15-ին, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Ալեքս Պադիլան նամակով դիմել են ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ և ԱԽ ընթացիկ նախագահ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին՝ հորդորելով վերջինիս բանաձև ներկայացնել՝ Ադրբեջանից պահանջելով անմիջապես դադարեցնել Արցախի ութամսյա շրջափակումը։

Օգոստոսի 14-ին նախագահ Բայդենին նամակ է հղել Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ադամ Շիֆը, որը նույնպես կոչ է արել ԱՄՆ-ին առաջնորդել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձև, որն Ադրբեջանից անհապաղ կպահանջի կատարել Արդարադատության միջազգային դատարանի հրամանները։ Շիֆը մասնավորապես նշել է․ «Չնայած ԱՄՆ կառավարությունը, Եվրոպական Միությունը, ՄԱԿ-ի փորձագետները և Ռուսաստանը դատապարտել են շրջափակումը և կոչ արել կանոնավոր երթևեկության համար բացել միջանցքը, Ադրբեջանը ամիսներ շարունակ անտեսում է նման հայտարարությունները։ ԱՄՆ Պետդեպարտամենտը և USAID-ը փորձել են դիվանագիտական ճանապարհով վերջ դնել Ալիևի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը, սակայն հայտարարությունների և նման կոչերի ժամանակն ակնհայտորեն վաղուց անցել է։ Միացյալ Նահանգները պետք է կոնկրետ գործողություններ ձեռնարկի և անհապաղ օգտագործի այլ գործիքներ՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա՝ վերադառնալու միջազգային իրավունքի և կարգի պահանջներին»։

Ադամ Շիֆն օգոստոսի 22-ին տեսաուղերձ է հրապարակել՝ ԱՄՆ կառավարությանը կրկին կոչ անելով առաջնորդել ՄԱԿ ԱԽ բանաձև և կիրառել «907-րդ հոդվածի» պահանջները՝ դադարեցնելով ԱՄՆ ռազմական օժանդակությունն Ադրբեջանին։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը օգոստոսի 31-ին  նամակով դիմել է ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին՝ խնդրելով Սենատում արգելափակել ԱՄՆ դիվանագիտական նշանակումները, քանի դեռ ԱՄՆ վարչակազմը չի ձեռնարկել կոնկրետ գործողություններ, մասնավորապես՝

  • Առաջնորդել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձև, որը կնախատեսի Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման դատապարտում, Ալիևի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցների կիրառում, Լաչինի միջանցքը բացելուն և Արցախ մատակարարումներ իրականացնելուն ուղղված մեխանիզմների ներդրում։
  • Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան նոր կամ ընթացիկ ռազմական և անվտանգային նշանակության օժանդակության դադարեցում և «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի ամբողջական կիրարկում։
  • Ամերիկյան հրատապ մարդասիրական օգնության տրամադրում Արցախում ադրբեջանական ագրեսիայից տուժած ժողովրդին, նաև օդային միջանցքի միջոցով։
  • Արցախի ցեղասպան շրջափակման համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ամերիկյան օրենսդրությամբ սահմանված կարգով՝ պատժամիջոցներ կիրառում։

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դավիթ Վալադաոն օգոստոսի վերջին միացել են Ներկայացուցիչների պալատի անդամներ Բրեդ Շերմանի և Նիկոլ Մալիոտակիսի նախաձեռնությանը և օրենսդրական մի շարք փոփոխություններ առաջարկել ԱՄՆ 2024թ․ ֆիսկալ տարվա պաշտպանական հատկացումների օրինագծում։ Ներկայացված փոփոխությունները նպատակ են հետապնդում դադարեցնելու Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական  օժանդակությունը։

Ընդհանուր առմամբ ներկայացված են օրենսդրական փոփոխությունների թվով վեց առաջարկներ, որոնք նախատեսում են Ադրբեջանի ռազմական օժանդակության համար ամերիկյան ֆինանսական միջոցների տրամադրման արգելք, տրամադրված օժանդակության՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների դեմ կիրառման բացառում, ինչպես նաև առանձին գումարային հատկացում պաշտպանության դեպարտամենտին՝ Լաչինի միջանցքի բացմանը և Արցախի ժողովրդի հումանիտար իրավիճակի բարելավմանը նպաստելու համար։

Սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում տեղի է ունեցել Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ կոնգրեսական լսումներ, որին մասնակցել է նաև Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մեղադրել է Արցախի 120․000 տեղաբնիկ քրիստոնյա հայերի ցեղասպանության մեջ մեղսակցության համար։ Օկամպոն նաև նկատել է՝ նախագահ Բայդենը կամ պետքարտուղար Բլինքենը կարող են Ալիևից պահանջել անմիջապես և անվերապահորեն վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը, եթե ոչ՝ ապա Ալիևին համարեն ցեղասպանության համար պատասխանատու, ինչն, իհարկե, բազմաթիվ հետևանքներ կունենա։

Օկամպոն հանգամանորեն հակադարձել է այն փաստարկներին, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները կարող են խոչընդոտվել, եթե Արցախում իրականացվող քաղաքականությունը պատճաճ կերպով բնութագրվի որպես ցեղասպանություն՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի 260-օրյա շրջափակումը: «Բանակցությունը ցեղասպանի և նրա զոհերի միջև է։ Դուք չեք կարող բանակցություններ վարել Հիտլերի և Օսվենցիմում գտնվող մարդկանց միջև: Դա բանակցություն չէ։ Դուք պետք է դադարեցնեք Օսվենցիմը, ապա քննարկեք բանակցությունները: Եվ կարծում եմ՝ այստեղ է գաղտնիքը։ Հաշվի առնելով, որ նախագահ Ալիևը ցեղասպանություն է իրականացնում և փորձում է ժխտել ցեղասպանությունը, ապա ցեղասպանությունը ժխտելուն ուղղված ԱՄՆ-ի քաղաքականությունը կարող է մեղսակցություն համարվել»,- հայտարարել է Օկամպոն։

Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Ռոբերտ Մենենդեսի նախագահությամբ և Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի ներկայությամբ անցկացվել է «Գնահատելով ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում» խորագրով լսումներ։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բուռն հակազդեցությունների ներքո ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը բազմիցս խուսափել է Արցախին պարտադրված ցեղասպան շրջափակումը վերացնելու վերաբերյալ գործուն քայլերի անհրաժեշտությանը վերաբերող հարցերին պատասխանելուց։ Հատկապես բուռն քննարկումներ են տեղի ունեցել ընթացիկ հանցագործությունների համար Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, նրանց պատասխանատվության ենթարկելու, Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևի պահանջների վերականգնման և առհասարակ ԱՄՆ գործուն միջամտության անհրաժեշտության վերաբերյալ։

Եվրոպա

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն օգոստոսի 15-ին հաստատել էր, որ Վերին Շորժայի ուղղությամբ ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությանը: Չնայած վերջինիս նախնական հերքումին՝ հրապարակվեցին տեսաապացույցներ, որոնք հաստատեցին ինչպես ԵՄ դիտորդների, այնպես էլ նրանց մեքենաների ուղղությամբ կրակոցների փաստը, ինչից հետո միայն ԵՄ առաքելությունը սոցցանցից հեռացրեց ՀՀ պաշտպանության նախարարությանը վարկաբեկող նախնական հայտարարությունը և հաստատեց հարձակումը իրենց պարեկության տարածքում։ Բարեբախտաբար, այս միջադեպի ընթացքում դիտորդական առաքելության անդամները չէին տուժել: Այդ առիթով, օգոստոսի 16-ին հայտարարությամբ է հանդես եկել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակն ու դատապարտել ԵՄ առաքելության կողմից ցուցաբերված անմիտ պահվածքը: Ըստ գրասենյակի հայտարարության՝ այդ մոտեցումը ոչ միայն վտանգում է առաքելության վստահելիությունը, այլև լուրջ կասկածներ հարուցում դրա ընդհանուր արդյունավետության վրա: Նման անխոհեմ պահվածքը զգալի քաղաքական հետևանքներ է պարունակում և, որ ավելի տագնապալի է, վտանգում է ԵՄ առաքելության անձնակազմի և խոցելի քաղաքացիական սահմանամերձ համայնքների անվտանգությունը, որոնք հետևողականորեն ենթարկվում են հարձակումների:

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը սեպտեմբերի 7-ին տարածած հայտարարությամբ իր խորն ափսոսանքն է հայտնել Եվրոպայի րաբբիական կենտրոնի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ վերջին հայտարարության կապակցությամբ և խստորեն դատապարտել այն։ Այդ հայտարարությամբ եվրոպացի րաբբիներն իրենց վրդովմունքն են հայտնել Արցախում ստեղծված իրավիճակի համար «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման առնչությամբ։

Գրասենյակը շեշտադրել է՝ տարբեր միջազգային անկախ և մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություններ բազմաթիվ զեկույցների ու հայտարարությունների միջոցով ահազանգում են Արցախում Ադրբեջանի շարունակական քաղաքականության մասին, որն իր էությամբ ցեղասպանական է։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Եվրոպայի րաբբիական կենտրոնի անդամներին կոչ է արել ճանաչել իրավիճակի սրությունն Արցախում և հավատարիմ մնալ արդարության և մարդու իրավունքների սկզբունքներին, որպես մի ազգի ներկայացուցիչներ, որը ժամանակին, հանուն արդարության, խիստ կարիք ուներ միջազգային հանրության աջակցության և կարեկցանքի։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը, սեպտեմբերի 13-ին տարածված հայտարարությամբ, խստորեն քննադատել է Արցախի նախագահի ընտրության վերաբերյալ ԵՄ պաշտոնական հայտարարությունը։ Գրասենյակը, մասնավորապես, նկատել է՝ Արցախում վերջին ընտրությունների վերաբերյալ ԵՄ հայտարարությունը խրախուսում է Ադրբեջանին իր ապակառուցողական դիրքորոշման մեջ։ Միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում պաշտպանելու այն բնակչությանը, որը կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առջև: Այս առումով խորապես մտահոգիչ է ԵՄ-ի ձախողումը, քանի որ վերջինս ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչությունը պետք է ինտեգրվի ադրբեջանական հասարակությանը։ ԵՄ-ն չի անդրադառնում Ադրբեջանի կողմից շարունակվող թշնամությանը, վայրագություններին և էթնիկ զտմանը, ԵՄ-ն անուղղակիորեն խրախուսում է հայության հանդեպ դաժան ճնշումը: ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը, որպես համաեվրոպական համայնքային կազմակերպություն, խորապես գնահատում է նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերը այս խիստ բարդ իրավիճակում: Այնուամենայնիվ, Արցախում վերջին ընտրությունների վերաբերյալ դիրքորոշումը համապատասխանեցնելով Ադրբեջանի դիրքորոշմանը՝ ԵՄ-ն անուղղակիորեն խրախուսում է Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը բնիկ հայ բնակչության նկատմամբ։

Կանադա

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը օգոստոսի 19-ին Մոնրեալի հայկական կենտրոնում հանդիպում է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տիրող օրհասական իրավիճակը և բնակչության ապահովությանն ու անվտանգությանը սպառնացող շրջափակման խնդիրը։

Հայ դատի հանձնախմբի կողմից վերստին շեշտվել է Արցախի ժողովրդի ազգային ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը, այն ընդգծմամբ, որ դա Արցախի ժողովրդի անվտանգ ու խաղաղ կենսագործունեության միակ երաշխիքն և, որ Արցախը երբեք չի կարող ենթարկվել Ադրբեջանին ու դառնալ ցեղասպանության զոհ։

Հայ դատի հանձնախումբը Կանադայի արտաքին գործերի նախարարին քաղաքական ու դիվանագիտական առաջնահերթությունների թղթածրար է փոխանցել, որը Կանադայի կառավարության համար կարող է օգտակար լինել Արցախում ստեղծված ճգնաժամի հաղթահարման գործում։

Իր հերթին նախարար Ջոլին տեղեկացրել է սեպտեմբերին ՀՀ-ում, իր մասնակցությամբ, Կանադայի դեսպանատան պաշտոնական բացման մասին։

Կանադական խորհրդարանում գործող Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահներ՝ խորհրդարանական Ռեյչլ Թամրսը և սենատոր Լեո Հուսաքուսը նամակ են հասցեագրել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիին՝ հանգամանորեն ներկայացնելով Արցախում ստեղծված ճգնաժամը և Արցախի 120․000 բնակչության նկատմամբ կիրառվող ադրբեջանական քաղաքականությունը։ Հաշվի առնելով Արցախում ադրբեջանական քաղաքականության հանցագործ դրսևորումները՝ նամակի հեղինակները կանադական կառավարությանը խնդրում են Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, ինչպես նաև, նկատում են, որ համաձայն ՄԱԿ շրջանակներում Կանադայի ստանձնած պարտավորություններին, երկիրը պարտավոր է կանխել ադրբեջանական վայրագություններն ու էթնիկ զտումները՝ առաջարկելով կիրառել լայն գործիքակազմ՝ սկսած դիվանագիտական ու տնտեսական պատժամիջոցներից մինչև քրեական հետապնդումներ և նույնիիսկ ռազմական գործողություններ։

Մեծ Բրիտանիա

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում նաև հնարավոր է եղել ապահովել որոշակի քաղաքական և տեղեկատվական հակադարձում Արցախի նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականությանն ու Լաչինի միջանցքի վերաբերյալ ադրբեջանական կեղծիքներին։ Մասնավորապես, էական ակտիվություն է դրսևորել Բրիտանական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբը։ Բարեկամության խմբի անունից՝ խմբի նախագահ Թիմ Լոթնը նամակով դիմել է Մեծ Բրիտանիայի արտաքին քարտուղար Ջեյմս Քլեվերլիին՝ պահանջելով կոշտացնել Ադրբեջանի նկատմամբ բրիտանական կառավարության քաղաքականությունը և ընդհուպ մինչև պատժամիջոցներ կիրառել, որպեսզի Բաքուն ստիպված լինի բացել Լաչինի միջանցքը։ Նամակում հանգամանորեն ներկայացվել են Արցախում ստեղծված իրավիճակն ու ճգնաժամի խորացմանը միտված ադրբեջանական վայրագությունները։ Ի պատասխան այս գրության՝ Եվրոպայի նախարար ԼեոԴոչերին վերահաստատել է Լաչինի միիջանցքի վերաբացման անհրաժեշտության վերաբերյալ ՄԹ կառավարության դիրքորոշումը և հիշեցրել, որ Մեծ Բրիտանիան առաջին երկրներից էր, որ 2020թ․ 350000 ֆուն սթերլինգ հատկացրեց Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը՝ հակամարտության հետևանքով հումանիտար խնդիրները լուծելուն նպաստելու համար։

Տարբեր առիրթներով իրենց հրապարակային դիրքորոշումն են հայտնել, ՄԹ կառավարությունից հրատապ քայլեր պահանջել ու ադրբեջանական քաղաքականությունը դատապարտել նաև Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներ  Ալեքս Սոբելը, Լորդ Ալթոնը և Բարոնուհի Քերոլայն Քոքսը, որն ի դեպ, այս օրերին հերթական անգամ գտնվում է Հայաստանում։

Բրիտանական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբը, որի քարտուղարը Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի նախագահն է, սեպտեմբերի 14-ին «Ցեղասպանության և մարդկության դեմ հանցանքների կանխարգելումը» խորագրով առցանց հանդիպում է անցկացրել, որին ի թիվս այլոց մասնակցել է նաև  Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատաախազ Լուիս Մորենո Օկամպոն։ Զրուցակիցները քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակն ու ադրբեջանական ցեղասպան քաղաքականության կանխարգելման ուղիները։

Բելգիա

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումից հետո վերջինիս շնորհավորական ուղերձներ են հղել և Արցախի ժողովրդի պայքարին իրենց համերաշխությունը հայտնել Բելգիայում Արցախի հետ ֆլամանախոս և ֆրանսախոս բարեկամական շրջանակների ղեկավարները՝ համապատախսանաբար Ֆլամանական խորհրդարանի պատգամավոր Կառլ Վանլաուեն և Անդրե դը Բյուսը։

Սեպտեմբերի 13-ին  Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «ԱՀ-Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան» բարեկամական խմբի  նախաձեռնությամբ  տեսակապով  հանդիպում է կազմակերպվել  Բելգիայի գործընկերների հետ: Տեսահանդիպմանը, որին մասնակցում էին նաև ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն ու գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը, քննարկվել են Արցախի ներկա կացության հետ կապված հարցեր: Ֆլանդրիայի խորհրդարանի անդամ, սենատոր Կառլ Վանլաուեն, սենատոր Մարկ Դեմեսմաքերն ու տեսակապի այլ մասնակիցներ իրենց զորակցությունն են հայտնել Արցախի ժողովրդին, շեշտել են, որ Ֆլանդրիայի խորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի քաղաքականությունը, պատերազմից հետո կառավարությունը միջոցներ է հատկացրել հումանիտար օգնության համար ու այսօր էլ փորձում են քայլեր մշակել Արցախին աջակցելու համար:

Ուրուգվայ

Սեպտեմբերի 12-ին, Ուրուգվայ-Արցախ ֆորումը, որին անդամակցում են ուրուգվայցի պետական-քաղաքական գործիչներ, մտավորականներ և լրագրողներ, հանդես է եկել հայտարարությամբ՝ ուղղված երկրի իշխանություններին՝ պահանջելով Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների շրջանակում ՄԱԿ-ում համապատասխան ընթացակարգով գործողություն սկսել՝ Արցախում ցեղասպանությունը կանխելու համար։ Ծավալուն և ստեղծված իրավիճակը հանգամանորեն նկարագրող հայտարարությունը եզրափակվում է համերաշխության տողերով․ «Վերջապես, այս ողբերգական հանգամանքներում մենք ցանկանում ենք մեր համերաշխությունը հայտնել ցեղասպանական շրջափակման զոհ դարձած Արցախի ժողովրդին, ում հետ կիսում ենք խաղաղության և ազատության նրանց կարոտը։ Այս նոր հարձակմանը նրանց իննամսյա դիմադրությունը և իրենց պապենական հայրենիքը պաշտպանելու պայքարը պետք է արձագանք գտնի մարդկության խղճի մեջ՝ պահանջելով վերջնական գործողություններ նրա գոյության պահպանման համար»։

Ավստրալիա

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի, ինչպես նաև առհասարակ ավստրալահայ գաղութի աշխատանքների արդնունքում, Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ որոշակիորեն փոխվել է ավստրալիական կառավարության դիրքորոշումը։ Մասնավորապես, օգոստոսի 23-ին ստացված գրությամբ, Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությունը պահանջում է Լաչինի միջանցքի անարգել շահագործում և համերաշխություն հայտնում այն բացելու վերաբերյալ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին։

Ավստրալիայի Սիդնեյի շրջանի Ռեյդ քաղաքը օգոստոսի երկրորդ կեսին հանդես է եկել Արցախ հումանիտար օժանդակություն ուղարկելու նախաձեռնությամբ։ Ներկայումս, համայնքային ակտիվ ներգրավմամբ, ընթանում են դրամահավաքի և կազմակերպական աշխատանքներ։

Լիբանան

Օգոստոսի 16-ին ՄԱԿ ԱԽ-ում Հայաստանի   դիմումով գումարված քննարկման առթիվ ՀՅԴ Հայ դատի Լիբանանի մարմինը գրություն է ուղարկել Լիբանանում հավատարմագրված՝ ՄԱԿ ԱԽ անդամ պետությունների դեսպանություններին և ԵՄ ներկայացուցչությանը՝ մասնավորապես ակնարկելով, որ ՄԱԿ ԱԽ-ն կստիպի Ադրբեջանին ի կատար ածել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

15. 09 2023 թ