ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր

(հուլիսի 15-օգոստոսի 15, 2023թ․)

Անցնող մեկ ամսվա ընթացքում ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ համակարգի աշխատանքները շարունակել են մեծապես պայմանավորված լինել ադրբեջանական ընթացիկ ահաբեկչական քաղաքականության արդյունքում Արցախում ստեղծված հոմանիտար և անվտանգային իրավիճակով։  Շարունակվել են աշխատանքներն Արցախի հանդեպ միջազգային զորակցության ապահովման, շրջափակման վերացման, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների կիրառման, Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության վերացման, հիմնախնդրի միջազգայնացման, ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչման շեշտադրմամբ բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման և այլ ուղղություններով։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

Լոզանի դաշնագրի 100-ամյակի առթիվ քրդական հատուկ հանձնախմբի կողմից հուլիսի 22-23ը Լոզանում կամակերպվել էր խորհրդաժողով։ Խորհրդաժողովին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից շուրջ 300 քրդեր և քննարկել դաշնագրի բացասական հետևանքները։ Ելույթ ունեցողների գերազանցող մեծամասնությունը, զուգահեռներ անցկացնելով Սևրի և Լոզանի դաշնագրերի միջև, անդրադարձել են Սևրի դաշնագրով ձեռք բերված և Լոզանի դաշնագրով ստվերված առ այսօր չգործադրված կետետրին։

ՀՅԴ-ին ուղղված հատուկ հրավերին ընդառաջելով՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունից խորհրդաժողովին մասնակցել է Նաիրի Մկրտչյանը։ Նա իր խոսքում (քրդերեն) նախ խոսել է հայ և քուրդ ժողովուրդների բարեկամության մասին, ապա ընդգծել ճակատագրակից լինելու և միևնույն թշնամու կողմից հալածած լինելու փաստը:

Լոզանի դաշնագրի հետևանքով հայկական հարցի կրած վնասները թվարկելուց հետո, Նաիրի Մկրտչյանը նշել է․ «Այսօր էլ այնտեղ խոսում և գործում է նյութական շահերի գռեհիկ պաշտպանությունը, այսօր էլ ազատախոհ ձևացող երկրները պաշտպանում են Թուրքիան և շարունակում են պատմությունից սրբագրել նրանց բարբարոսությունները։ Այսօր էլ Թուրքիան իր եղբոր՝ Ադրբեջանի հետ, փորձում է ընկճել հայ ժողովրդին, կոտրել արցախցու կամքը՝ շրջափակման մեջ պահելով 120,0000 հայերի, որոնք մերժում են լքել իրենց պապենական հողը։ Այս բոլորը 20րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության ողբերգական իրականությունն է հիշեցնում։ Ադրբեջանը բացահայտորեն ցեղասպանի վարքագիծ է դրսևորում՝ Արցախի բնիկ ժողովրդին դրդելով լքել իր հողը»։

ՀՅԴ Բյուրոյի հրավերով հուլիսի 28-ին գումարվել է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի առցանց նիստ՝ քննարկելու Արցախի Հանրապետության շահերի պաշտպանության ուղղությամբ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների կողմից իրականացվող աշխատանքների լայն համատեքստը։

Բացման խոսքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը կարևորել է դժվարին այս օրերին ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների աշխատանքների ակտիվության պահպանումը մի քանի ուղղություններով, մասնավորապես՝ Արցախի շուրջ արտաքին զորակցության ապահովում, հիմնախնդրի վերաբերյալ արտերկրում օբյեկտիվ տեղեկատվության ապահովում և ադրբեջանական քարոզչական սադրանքների հակազդում, Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ապաշրջափակում և Արցախին միջազգային հումանիտար օժանդակություն, Ադրբեջանի վրա միջազգային ճնշման ուժգնացում, Ադրբեջանի և դրա ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների կիրառում։

Արցախի Հանրապետության նախագահը հուլիսի երկրորդ կեսին դիմել էր Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին՝ խնդրելով փորձագիտական կարծիք առ այն, թե արդյո՞ք Արցախում խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանություն հանցագործությանը:

Օգոստոսի 7-ին ստացվել է մեծավաստակ գիտնականի զեկույցը, ինչն ուսումնասիրվել է նաև ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակում՝ ըստ անհրաժեշտության Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակիների կողմից օգտագործման նախապատրաստելու համար։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը զեկույցը գնահատել է որպես մասնագիտական բարձր որակներով, օբյեկտիվ և փաստական տվյալներով հիմնավորված ավարտուն աշխատանք։ Մասնավորապես՝ զեկույցը միարժեքորեն պնդում է, որ Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվում է՝ շարունակական ցեղասպանություն, ինչը հիմնավորվում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի երկրորդ հոդվածի շրջանակներում, որը ցեղասպանություն է սահմանում նաև  «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»։ Հեղինակն ասվածը հիմնավորում է՝ հղում կատարելով Սրեբրենիցայում ցեղասպանական գործողության վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, ըստ որի բնակչությանը սննդից, բժշկական օգնությունից, ապաստարաններից և հագուստից զրկումը համարվում է ցեղասպանություն։

Զեկույցը պարունակում է նաև հարուստ իրավաքաղաքական և կիրակառական նշանակության խորհուրդներ ստեղծված իրավիճակի հաղթահարման միջազգային մեխանիզմների գործարկման և ցեղասպանության կանխարգելման համար, զեկույցը նաև ներառում է Ղարաբաղյան հակամարտության ամփոփ պատմաքաղաքական ու իրավական նկարագրություն։ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը, բարձր գնահատելով զեկույցի կիրառական նշանակությունը․ այն տրամադրել է Հայ դատի հանձնախմբերին ու գրասենյակներին՝ Արցախի շահերի պաշտպանության աշխատանքների ընթացքում օգտագործման և դրանում արտացոլված դրույթները միջազգային քաղաքական շրջանակների ուշադրությանը ներկայացնելու համար։

Հատկանշական է, որ օգոստոսի 9-ին առցանց հանդիպում է տեղի ունեցել միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ, Հարվարդի և Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օկամպոյի հետ, ով Արցախի նախագահին և պաշտոնատար անձանց խմբին է ներկայացրել Արցախի շրջափակման վերաբերյալ իր իրավական հետազոտության արդյունքները: Սույն հանդիպմանը մասնակցել է նաև Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, Հայ դատի կենտրոնական խորհրդի անդամ Մարիո Նալբանդյանը։

Եվրոպա

Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հուլիսի 15-ին կայացած հանդիպումից հետո վերջինիս կողմից կատարվել էին խիստ խնդրահարույց հայտարարություններ, որոնց արձագանքել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը՝ մասնավորապես արձանագրելով․ «Շառլ Միշելի այն մոտեցումը, ըստ որի` Աղդամից Արցախ «մարդասիրական» մատակարարումներ իրականացնելու ադրբեջանական պայմանը հավասարեցվում է Լաչինի միջանցքի բացման կարևորագույն խնդրին, մեծ սխալ է։ Որպես ԵՄ քաղաքացիներ՝ մենք դատապարտում ենք նախագահ Միշելի աջակցությունն ադրբեջանական օրակարգին, այն է՝ օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը որպես արցախահայությանն այսպես կոչված «մարդասիրական օգնություն» տրամադրելու ուղի։

Եվրոպական խորհրդի նախագահը, արտահայտելով ԵՄ աջակցությունն ադրբեջանական օրակարգին, ոչ միայն օրինականացնում է ավտորիտար ռեժիմի էթնիկ զտումների քաղաքականությունը, այլև հակասության մեջ է մտնում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման հետ, որով Ադրբեջանին հանձնարարվել էր անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Այս հայտարարությունը նաև անտեսում է 2023 թվականի մարտին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որը կոչ է անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության անդամների նկատմամբ, եթե Ադրբեջանն անհապաղ չկատարի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի հրամանը: ԵՄ ղեկավարության այս մոտեցումը թույլ է տալիս Բաքվին խուսափել ճնշումներից Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում»։

       Եվրոպական տասներկու երկրներում գործող հայ համայնքների ղեկավար-ներկայացուցիչները հուլիսի 24-ին առցանց հանդիպում են ունեցել և քննարկել Արցախի շահերի պաշտպանության շուրջ ձեռնարկված և ձեռնարկվելիք միջոցառումները։ Մտքեր են փոխանակվել հուլիսի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված որոշումների գործարկման ընթացքի վերաբերյալ ու նախանշել առաջիկա գործողությունները։ Այս առումով վերարժևորվել է Արցախի շարունակական անօրինական շրջափակումը վերացնելու համար «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժման շրջանակներում Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական Խորհրդարանի նախագահներին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ղեկավարներին հասցեագրված գրությանը եվրոպական ավելի քան 470 կազմակերպությունների միացման փաստը։

       Հատուկ անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հակամարտության և հայ-ադրբեջանական հարաբերությունների բանակցային գործընթացում Եվրոպական միության ներկա դատապարտելի քաղաքական վարքին, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խնդրահարույց հայտարարություններին։ Անընդունելի է համարվել Եվրոպական միության կողմից իր իսկ դավանած արժեքներին հակառակ՝ Ադրբեջանի որդեգրած էթնիկ զտման քաղաքականության և շարունակվող  վայրագությունների, ըստ էության, արդարացումը։ Եվրոպական միությունը, ի դեմս Եվրոպական խորհրդի, պետք է քաղաքական կամք դրսևորի և արժեքների ու առևտրային հարաբերությունների միջև ընտրության գործում կողմնորոշվի դեպի արժեքները և կանխի մարդկության դեմ իրագործվող ադրբեջանական հերթական հանցագործությունները։

Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի երկրների հետ պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն օգոստոսի 1-ին հանդես են եկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։ Հայտարարության հեղինակները պատշաճ և քաղաքական հստակ գնահատականներով ներկայացրել են ադրբեջանական շրջափակման արդյունքում Արցախում սրընթաց  վատթարացող հումանիտար իրավիճակը՝ նկատելով, որ Ադրբեջանն այդպիսով խախտում է 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված իր պարտավորությունները, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2023թ․ փետրվարի 22-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը, որը վերահաստատվել է նաև հուլիսի 6-ին։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները, ի թիվս այլնի, դատապարտել են հումանիտար մատակարարումների շարունակական շրջափակումը և հումանիտար հասանելիության քաղաքականացումը։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, մեկնաբանելով ընդունված հայտարարությունը, նկատել է․ «Եվրոպական խորհրդարանը, ի դեմս Հարավային Կովկասի հարցերով թերևս ամենատեղեկացված երեք պատգամավորների, Արցախում ստեղծված մարդասիրական իրավիճակի վերաբերյալ բավական օբյեկտիվ հայտարարություն է ընդունել, պատգամավորների քաղաքական սկզբունքայնությունն արժանի է հարգանքի։ Այս հայտարարությունը պետք է դիտել հետպատերազմյա շրջանում Եվրոպական Խորհրդարանի՝ Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությունների տրամաբանության մեջ։  ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը երկար տարիներ, իսկ պատերազմից հետո ավելի ակտիվ աշխատում է ԵՄ-ի կողմից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ թիրախային պատժամիջոցների կիրառման ուղղությամբ և գնահատելի է, որ Եվրոպական խորհրդարանը շարունակում է հավատարիմ մնալ այդ գաղափարին, որն ամբողջությամբ բյուրեղացել է միայն վերջերս՝ Արցախի ադրբեջանական շրջափակումից հետո։ Կարծում ենք, որ Եվրոպական խորհրդարանի արդարացի դիրքորոշումն ի վերջո պետք է տարածվի նաև ԵՄ գործադիր իշխանության վրա և Եվրոպական միության Խորհուրդը, հանձնաժողովն ու Եվրոպական խորհուրդը պետք է միասնական քաղաքականությամբ և Եվրոպական միության ողջ կարողականությամբ զսպեն ադրբեջանական հանցագործ քաղաքականությունը»։

ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանի՝ ԱՀ Ազգային ժողովի նախագահությունը ստանձնելուց հետո վերջինիս շնորհավորական ուղերձներ են հղել և Արցախի ժողովրդին իր արդար պայքարում զորակցություն հայտնել Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներ Պատրիկ Բերգն ու Ֆրանսուա Ալֆոնսին։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Հուլիսի 28-ին հայտարարությամբ են հանդես եկել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբր համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Դավիթ Վալադաոն՝ Բայդենի վարչակազմին և միջազգային հանրությունը կոչ անելով ձեռնարկել անհապաղ քայլեր՝ Արցախում հումանիտար աղետը կանխելու համար: Խմբի համանախագահները հանգամանորեն նկարագրել են Արցախում ադրբեջանական հանցագործ քաղաքականության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը և վերահաս վտանգները, արձանագրել միջազգային հանրության լուսանցք մղված քաղաքականությունը, երբ վերջինս լուռ հետևում է, թե ինչպես է այս ճգնաժամը սրվել մինչև կրիտիկական կետ, որտեղ տասնյակ հազարավորներ մարդկանց կյանքեր են վտանգված: Մինչդեռ Ալիևը որևէ հետևանքի չի բախվել հայերին իրենց պատմական հայրենիքից հեռացնելու իր քաղաքականության համար: Ամերիկյան օրենսդիրները ադրբեջանական գործողությունները որակել են որպես էթնիկ զտման քաղաքականություն և Բայդենի վարչակազմին ու միջազգային հանրությանը հորդորել են համապատասխան գործողություններ ձեռնարկել՝ առկա գործիքակազմերի կիրառմամբ։ Կոնգրեսականների այս հայտարարությանը, նախորդել էր հուլիսի 28-ին Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Արամ Համբարյանի բաց նամակը՝ ուղղված ամերիկյան վարչակազմին, որտեղ ընդգծված էին թվով երեք հրատապ միջոցառումներ, որ ԱՄՆ-ն կարող է ձեռնարկել Արցախում ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ, մասնավորապես՝

  1. ԱՄՆ-ն պետք է Բաքվի համար խիստ վերջնաժամկետ սահմանի՝ շրջափակումը վերացնելու և Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիայի բոլոր գործողությունները դադարեցնելու համար։
  2. ԱՄՆ-ն պետք է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ կիրառի Գլոբալ Մագնիտսկու և այլ պատժամիջոցներ՝ այդ վերջնաժամկետը չկատարելու համար, ինչպես նաև ամբողջությամբ կիրարկի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը և արգելափակի ԱՄՆ-ի բոլոր ուղղակի և անուղղակի ռազմական օժանդակությունը Ադրբեջանին։
  3. ԱՄՆ-ն պետք է անհապաղ ձեռնարկի կոնկրետ գործողություններ՝ Արցախում ցեղասպանությունը կանխելու համար՝ առաջնորդելով միջազգային ջանքերը Արցախի ինքնորոշված կարգավիճակի ճանաչման համար՝ պահանջելով 1) ՄԱԿ-ի անվտանգության երաշխիքներ 2) կայուն միջազգային խաղաղապահ ներկայություն 3) ամերիկյան և միջազգային հումանիտար և զարգացման աջակցություն, 4) անվտանգ տրանսպորտային, առևտրային և էներգետիկ կապ Հայաստանի հետ, 5) ռազմավարական բուֆերային գոտի և 6) պարենային, ջրի և էներգետիկ անվտանգություն:

Կանադա

Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակուսը օգոստոսի 14-ին զորակցական նամակ է ուղարկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ։ Հուսակուսը մասնավորապես նկատել է` Իշխանյանի ընտրությունը տեղի է ունեցել Արցախի Հանրապետությանը պարտադրված դժվարին պայմաններում, երբ արցախցիները դիմակայում են Ադրբեջանի կողմից պարտադրված սովին, ինչպես նաև տնտեսական ու հումանիտար տարբեր դժվարությունների՝ շրջափակման սկզբից ի վեր։

Հուսակուսը նաև ընդգծել է Կանադայի կառավարության, ինչպես նաև միջազգային ամբողջ հանրության հստակ պահանջի անհրաժեշտությունը՝ ութ ամիս շարունակվող շրջափակման վերացման համար։ Կանադացի քաղաքական գործիչը արժևորել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը և դրանում տեղ գտած այն միտքը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այս հարցը պետք է ներկայացնի միջազգային դատական ատյանների։

Հուսաքուսը նամակը եզրափակել է իբրև Կանադայի Սենատի անդամ՝ աջակցություն հայտնելով Արցախի Ազգային ժողովի իր գործընկերներին և անձամբ Դավիթ Իշխանյանին, ինչպես նաև անվերապահ զորակցություն Արցախի ժողովրդին։

Ավստրալիա

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի նախաձեռնությամբ խորհրդարանի պաշտոնական հարթակում հուլիսի սկզբին նախաձեռնվել էր ստորագրահավաք, որն ամսվա վերջին ամփոփվել է 2062 ստորագրություններով։ Ստորագրահավաքով ավստրալիական կառավարությունից պահանջվում էր համապատասխան քաղաքական դիրքորոշում ցուցաբերել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդունված որոշումներին։ Կառավարությունից նաև պահանջվում էր օգնել կանխելու ցեղասպանությունն Արցախում և կիսել Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի, Genocide Watch-ի և Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի կողմից բարձրացված մտահոգությունները:

Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքի օրենսդիր ժողովի անդամներ Մայքլ Փեթերսոնը և Փիթեր Քեյնը դարձել են տարածքային խորհրդարանի առաջին երկու անդամները, ովքեր հանդես են եկել ի պաշտպանություն Արցախի Հանրապետության ժողովրդի՝ խորհրդարանական նիստի ընթացքում հանդես գալով զորակցական ելույթներով։ «Մենք պետք է համերաշխ լինենք շրջափակման մեջ տառապող խաղաղ բնակիչների հետ, այդ իսկ պատճառով ես միանում եմ Կանբերայի հայ համայնքին՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել շրջափակումը»- հայտարարել է Պետերսոնը։ Իր հերթին, Փիթեր Քեյնը հայտարարել է. «Լաչինի միջանցքը Արցախի միակ մուտքն է դեպի արտաքին աշխարհ, ուստի այս շրջափակման ազդեցությունը բնակիչների վրա հսկայական է։ Այս հարկադիր մեկուսացման պատճառով սննդամթերքի, վառելիքի, դեղորայքի և էներգիայի զգալի պակաս կա, ինչը խթանում է ավերիչ հումանիտար ճգնաժամը»:

Օգոստոսի 10-ի դրությամբ, ավստրալացի թվով 14 խորհրդարանականներ միացել են Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի հայտարարությանը՝ Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի և ավստրալիական ու միջազգային պատշաճ արձագանքի վերաբերյալ։

Մեծ Բրիտանիա

Հուլիսի վերջին Արցախում ադրբեջանական քաղաքականությունը դատապարտող և Արցախի անհապաղ ապաշրջափակում պահանջող հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբը, որի քարտուղարը Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի նախագահն է։ Բարեկամության խմբի նախագահ Թիմ Լոթնը նաև գրավոր դիմել է Մեծ Բրիտանիայի արտաքին քարտուղարին՝ պահանջելով անհապաղ և առանց երկակիությունների կառավարության անունից քննադատել ադրբեջանական քաղաքականությունը։

Անցնող ժամանակահատվածում իր ակտիվ հայանպաստ գործունեությունն է շարունակել մեր ժողովրդի մեծ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսը, ով տարբեր հայտարարություններով շարունակում է միջազգային հանրության, հատկապես մարդասիրական կազմակերպությունների ու էկումենիկ միավորումների ուշադրությանը ներկայացնել Արցախում ստեղծցած իրավիճակն ու պահանջել որոշակի գործողություններ։

Լիբանան

ՀՅԴ Հայ դատի մարմինն օգոստոսին լիբանանյան լրատվամիջոցներին հաղորդագրություն է հղել՝ լուսաբանելով տարբեր երկրներից ականավոր ցեղասպանագետների բաց նամակն ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին և ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին, ինչպես նաև Անվտանգության խորհրդի անդամներին՝ Արցախում ցեղասպանության անմիջական վտանգի վերաբերյալ։  Հաղորդագրության մեջ նաև անդրադարձ է կատարվել Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի մասնագիտական զեկույցին, ըստ որի, Արցախում կատարվողը ցեղասպանական քաղաքականության դրսևորում է։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

16. 08 2023 թ