Կիրո Մանոյան` “Նախագահին վատ խորհուրդ են տվել հայ-թուրքական արձանագրությունների մասին”

Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 18-ին Պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն անցկացնելիս ի թիվս այլ հարցերի, անդրադարձել էր նաեւ հայ-թուրքական հայտնի ու աղմկահարույց արձանագրություններին: Նախագահը խոսել էր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ազնիվ մղումներին, Թուրքիայի կողմից պայմանավորվածությունները խախտելուն, արձանագրությունները չստորագրելուն: Սերժ Սարգսյանը նաեւ նշում է, որ ճիշտ քաղաքականություն է վարել Հայաստանը՝ նախաձեռնողական կեցվածք որդեգրելով, Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում ուժեղացել են: Սերժ Սարգսյանը նաեւ հռետորական հարցեր է ուղղում այս հարցում իր ընդդիմախոսներին: Իսկ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը այժմ եւս պնդում է, որ հայ-թուրքական արձանագրությունները հայանպաստ չեն:

“Հայաստանը Թուրքիայի հետ սկսում էր հարաբերությունների կարգավորման գործընթաց՝ արձանագրությունների միջոցով՝ ի սկզբանե գիտակցելով, որ դժվար է լինելու”,- ասաց նախագահ Սերժ Սարգսյանը՝ Պաշտպանության նախարարություն տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: Հավելեց, որ գիտեինք` ում հետ գործ ունենք եւ գործընթացի սառեցումը եւս կանխատեսելի էր: Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաեւ ընդդիմախոսներին, ովքեր պնդում էին եւ են, որ արձանագրություններն առնվազն երկու շատ մեծ բացասական կողմ ունեն: Առաջին բացասականը, Ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցումն էր:

“Հիմա ես հարցնում եմ ձեզ, եւ այդ մարդկանց՝ ինչո՞վ են այսօր թուրքերն զբաղված այդ հարցում: Իրենց ողջ ուժերը նետել են Միացյալ Նահանգների սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Ցեղասպանությանը վերաբերող բանաձեւի դեմ պայքարելուն: Գիտե՞ք, որ վերջին 24 տարիների ընթացքում սա առաջին այդպիսի որոշումն է: Եթե մենք վնաս ենք հասցրել այդ գործընթացին եւ այն, ըստ ոմանց, պետք է կասեցվեր, ապա ինչո՞ւ է այսպիսի իրավիճակ այսօր”,- ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
“Փաստը, որ մի քանի շաբաթ առաջ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձեւ որդեգրեց, դա ոչ թե արձանագրությունների արդյունքն էր, այլ՝ դրանց չգործելու”,- վստահեցնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Ինչ վերաբերում է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դանդաղելուն, ապա ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը հաշվում է, թե արձանագրությունների ի հայտ գալուց՝ 2009 թվականից ի վեր քանի պետություն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

“1 Երկիր է ճանաչել՝ Շբեդիան, եւ դա ընդամենը 1 քվեով, նաեւ Միացյալ Նահանգների հանձնաժողովն է բանաձեւ որդեգրել՝ մեկ քեի տարբերությամբ, բայց դա մոտ էր արձանագրությունների ստեղծմանը: Շվեդիայի պարագայում կառավարությունն ասում էր, որ մենք չպետք է միջամտենք մի գործընթացի, երւբ երկու կողմերը համաձայն են”,- ասում է Կիրո Մանոյանը:

Սերժ Սարգսյան անդրադառնում է նաեւ արձանագրությունների՝ ԼՂՀ խնդրի հետ կապին: “Կա՞ արդյոք մեկը, ով այսօր առանց աչքերը գետնին հառելու կպնդի, որ այդ արձանագրությունները վնասել են Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը եւ որ այդ արձանագրություններով ուղղակի մենք հիմք են ստեղծում փոխզիջումների: Խնդրից տեղյակ մարդիկ գիտեն, որ այսօր մենք այդ գործընթացում ունենք շատ հաստատուն դիրք, ամուր հիմքեր”:

Կիրո Մանոյանը պնդում է, որ արձանագրությունները հնարավորություն են Թուրքիայի ձեռքին միջամտելու փորձ անել. ԱՄՆ պետքարտուղարն է անգամ հայտարարում, որ պետք է Թուրքիային առավել մասնակից դարձնել Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում:

“Եվրոպան ասում էր, որ Ղարաբաղի հարցը լուծվի, հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կնորմալանան, ԱՄՆ-ն ասում է, որ Թուրքիան պետք է ավելի մասնակից կլինի Ղարաբաղի հարցի կարգավորմանը”,- պնդում է Մանոյանը:

Սերժ Սարգսյանն արձանագրությունների հայանպաստ լինելու եւս մեկ մեկնաբանություն է անում:

“Եթե շատերն ասում էին, որ այդ փաստաթուղթը, ավելի ճիշտ, այդ երկու փաստաթղթերը հայանպաստ չեն, այլ ակնհայտորեն Թուրքիայի շահերից են բխում, այդ դեպքում ինչո՞ւ մինչև հիմա թուրքերը չեն վավերացնում այդ փաստաթղթերը”,- հարցնում է ՀՀ նախագահը:

“Նախագահին վատ խորհուրդ են տվել հայ-թուրքական արձանագրությունների մասին, որովհետեւ եթե այդքան լավն են, ապա ինչո՞ւ Հայաստանը չի վավերացնում”,- ասում է ՀՅԴ Հյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Արձանագրությունները, ըստ Կիրո Մանոյանի, վատն են եւ պետք է օր առաջ ազատվել, քանի դեռ Թուրքիան չի որոշել մի օր դրանք օգտագործել: