Հայ Դատի հանձնախմբերի համար Արցախը շարունակում է մնալ առանցքային առաջնահերթություն․ Գևորգ Ղուկասյան

Աշխարհասփյուռ Հայ Դատի մարմինների աշխատանքի մեջ Արցախի հարցը շարունակում է առանցքային տեղ զբաղեցնել, և մեր աշխատանքների ճնշող մեծամասնությունն ուղղված է հենց Արցախի շահերի պաշտպանությանը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

Նա օրերս է վերադարձել Արցախից Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի և ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հռիփսիմե Հարությունյանի հետ։ Տեղում ծանոթացել են իրավիճակին, հանդիպել պատասխանատու պաշտոնյանեերի հետ։

«Կարևորում ենք Հայ Դատի պատասխանատուների պարբերական այցերը Արցախ, որովհետև հնարավորություն ենք ստանում տեղում ծանոթանալու իրավիճակին, կենդանի շփում ունենալու  պատասխանատուների և բնակիչների հետ, որոնք մեզ օգնում են հետագա  աշխատանքներում, որովհետև Սփյուռքում էթնիկ լոբբինգ իրականացնելիս, իհարկե, պաշտոնական դիրքորոշումները հաճախ հաշվի առնվում են, բայց կարևոր է, որ մեր արտասահմանցի գործակիցներին հենց ժողովրդի տրամադրությունները, նրանց հույզերը, խնդիրները, սպասումները փոխանցել, և այս առումով այցը իր առջև դրված հիմնական խնդիրները կատարեց»,-ասաց Գևորգ Ղուկասյանը։

Նա վստահեցրեց, որ միջազգային իրավունքում, առհասարակ, ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի մասին վեճը լուծված կարելի է համարել, և լուծումն էլ հենց Եվրոպայում է եղել։

«Այս վեճի համար կարևոր հանգամանք է 2010 թ-ի՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Կոսովոյի հարցով, որտեղ ֆիքսվեց, որ տարածքային ամբողջականության սկզբունքը կիրառելի է միջպետական հարաբերություններում, իսկ ինքնորոշվող սուբյեկտի և այն պետության միջև, որից սուբյեկտը ինքնորոշվել է, տարածքային ամբողջականության հարց ծագել չի կարող։ Դատարանը նաև ընդգծեց, որ միակողմանի անկախության հռչակումը միջազգային իրավունքում սահմանափակելի չէ և արգելված չէ։ Այսինքն, ներեվրոպական ընկալումներում այս հարցը տեսական առումով լուծված է։ Մեր խնդիրն է Արցախի հարցի գործնականացնելը։ Արցախն իր անկախությունը հռչակել է համաձայն ներքին և արտաքին օրենսդրաիրավական բոլոր մեխանիզմների պահպանման և սա եվրոպական շրջանակները լավ գիտեն»,-ասաց Գևորգ Ղուկասյանը։

Նա ահազանգեց նաև, թե ինչ դժվարություններ են ունենում Հայ Դատի աշխարհասփյուռ կառույցները Հայաստանի գործող իշխանությունների քաղաքական նշանակումների պատճառով դիվանագիտական տարբեր պաշտոններում։

«Այդ արատավոր պրակտիկան սկսվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի նշանակումից, տարածվեց Բալթյան երկրներում, ԵՄ առանցքային երկրներում նույնպես այդ պրակտիկան կա, մասնավորապես, Իսպանիայում, Գերմանիայում, որոնք շատ կարևոր երկրներ են իրենց քաղաքական կշռով։ Այս պետություններում պետք է նշանակել բանիմաց և շատ հմուտ դիվանագետների, ոչ թե քաղաքական նշանակումներ անել։ Նախ՝ քաղաքական նշանակման պարագայում դեսպանընկալ պետությունը լուրջ չի վերաբերվում, որովհետև մի բան է, երբ ագրիմանի մեջ տեսնում են՝ ով է նշանակվել իր դիվանագիտական փորձով, մեկ այլ բան, երբ տեսնում են, որ քաղաքական նշանակում է, և քաղաքական նշանակումն էլ, ըստ էության, ծանրակշիռ նշանակում չէ»,-ասաց Գևորգ Ղուկասյանը։

Նա համարում է, որ իսկապես ծանր իրավիճակում ենք նաև արտգործնախարարի պաշտոնում Արարատ Միրզոյանին ունենալով, որովհետև մյուս կողմից ունենք դիվանագետներ, որոնք երկար տարիներ ներառված են տարբեր երկրների դիվագիտական համակարգերի բարձր օղակներում, և պետք է արտգործնախարար նշանակել մի մարդու, որը գոնե ընկալելի կլիներ այդ մարդկանց համար որպես կոլեգա։ Լավագույն ճանապարհը  նա համարում է թողնել, գնալը, որը պետք է շուտ անեին։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով