Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը կքննարկվի նոյեմբերի 9-ին

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի առաջին ընթերցումը տեղի է ունենալու նոյեմբերի 9-ին։ Օրինագիծը ներկայացնելու է պահպանողական խորհրդարանական Թիմ Լաութոնը, նպատակն է պաշտոնական ճանաչման և հիշատակության  միջոցով ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը: Օրինագիծն ունի հիմնական երեք դրույթներ․ առաջին՝ Օսմանյան կայսրության և դրան հարակից տարածքներում 1915-1923թթ․ ընթացքում հայության ջարդերի պաշտոնական որակում՝ որպես ցեղասպանություն, երկրորդ՝ ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության զոհերի ամենամյա ոգեկոչում, երրորդ՝ Հայոց ցեղասպանության և դրան առնչվող մարդու իրավունքների ժամանակակից խախտումների ու պատերազմական հանցագործություների  վերաբերյալ կրթության և հանրային տեղեկացվածության խթանում։

Ըստ Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը այդ երկրի համար կարևոր է մի քանի պատճառներով: Նախ՝ օրինագծի ընդունումը կհաստատի Մեծ Բրիտանիայի հավատարմությունը «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիային և նրա հիմնական արժեքներին։ Երկրորդ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Մեծ Բրիտանիան կամրապնդի իր հավատարմությունը համամարդկային իրավունքների պաշտպանությանը, քանի որ նման մասշտաբի հանցագործությունը չճանաչված թողնելը անպատժելիության վտանգավոր ուղերձ է. անպատիժ հանցագործությունը խրախուսվող հանցագործություն է: Երրորդ՝ Միացյալ Թագավորության, որպես համաշխարհային խաղացողի դերն ու պարտականությունն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և առաջ մղել Ցեղասպանության ուսումնասիրությունը և մեծացնել մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ հանրային տեղեկացվածությունը:

Մեծ Բրիտանիան արևմտյան այն սակավաթիվ առաջատար երկրներից է, որը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը վկայում է արդարադատության հիմնարար հասկացությունների պահպանման կոպիտ ձախողման մասին: Թիմ Լաոթոնի օրինագիծը Մեծ Բրիտանիային հնարավորություն է տալիս շտկելու անարդարության և անպատժելիության այս ընթացքը:

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը և ՄԹ հայ համայնքը կոչ են անում կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ բրիտանական արժեքները պաշտպանելու և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության համար։ Հայ դատի հանձնախումբն աշխատում է  Թիմ Լաութոնի կողմից ներկայացված օրինագծի անցկացման ուղղությամբ:

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբ08.11․2021թ.