Ուորլիքի հայտարարության մեջ Ղարաբաղն անտեսված է. Կիրո Մանոյան

(yerkir.am) ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքով` Ջեյմս Ուորլիքի ասածների մեջ նոր բան չկա` 2009թ. հուլիսից համանախագահող երկների նախագահները ամեն տարի հրապարակել են երեք սկզբունքները` խաղաղ կարգավորում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք: «Նորությունն այն շեշտադրումն է, որը տալիս է ամերիկացի համանախագահողը Արցախի կարգավիճակի հարցին` որպես հիմնական խնդիր:

Դրական բան չկա այդ հայտարարության մեջ, որովհետև Դաշնակցությունը բազմիցս ասել է, որ հիմնական սկզբունքների հետ հարցեր չունի, սակայն հարցը սկզբունքների հիման վրա առաջարկվող տարրերն են, երբ անտեսվում է այն հանգամանքը, որ 1988-ից հետո Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել, տանուլ է տվել, և իրավիճակը հիմնովին փոխվել է: Եվ եթե 1988-ին առաջարկվեր նման լուծում, կարծում եմ` հայկական կողմը կհամաձայներ, բայց հիմա նման լուծումն անընդունելի է, որովհետև, կարծես, նպատակ են հետապնդում պատերազմ սանձազերծած և տանուլ տված Ադրբեջանին հատուցել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Կիրո Մանոյանը:

Նա նշեց, որ Ուորլիքի հայտարարությունը, կարծես, Ադրբեջանի պատասխանը լինի, որովհետև Ադրբեջանն է, որ իր հայտարարություններում անտեսում է Ղարաբաղի կարգավիճակի խնդրի` հիմնական էություն լինելու հանգամանքը: Հայտարարության մեջ բացթողում է նաև այն, որ Ղարաբաղն ամբողջությամբ անտեսված է, քանի որ զինադադարը ստորագրվել է ԼՂ ներկայացուցչի կողմից, ով այսօր չկա բանակցություններում և հայտարարության մեջ նույնպես անտեսված է: «Անտեսում է նույնիսկ Ղարաբաղի ժողովրդին, որովհետև խոսքը գնում է Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդների մասին, այլ ոչ թե Ղարաբաղի ազգաբնակչության մասին»,- ասաց Կիրո Մանոյանը: Նրա կարծիքով` ամերիկացիները փորձում են ինչ-որ չափով ակտիվացնել գործընթացը, սակայն բացթողումներ կան, հատկապես` Ղարաբաղի անտեսումը:

Կիրո Մանոյանը նկատել է դեսպանի ակնարկը

(a1plus.am) ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուոլրիքն այսօր հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը»:

«Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի»,- հայտարարել է ամերիկացի դեսպանը: Քարնեգի հիմնադրամում ունեցած իր ելույթի ժամանակ դեսպանը նշել է նաեւ, որ պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը: Դեսպանը հույս է հայտնել, որ Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված եւ իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով:

Հայաստանի արտգործնախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն «Ա1+»-ին ասաց, որ առայժմ չի կարող մեկնաբանել զեկույցը, քանի որ ուսումնասիրում են այն:

Դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը տեղեկացրեց, որ դեսպանը ոչ մի նոր բան չի ասել, միակ նորությունն, ըստ պարոն Մանոյանի, այն է, որ դեսպանը շեշտել է, թե հնարավոր չէ խուսափել կարգավիճակի հարցից: Դաշնակցության համար անընդունելի են դեսպանի առաջարկները

«Եթե 88-ին առաջարկված լիներ, կարծում եմ հայկական կողմը կընդուներ, բայց երբ որ Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել, դրանից հետո տանուլ է տվել այդ պատերազմը, նման մոտեցումը կարծեք Ադրբեջանի սանձազերծած եւ տանուլ տված պատերազմի համար հատուցում ենք»,- ասաց նա:

Կիրո Մանոյանը նկատում է, որ դեսպանի թվարկած 6 կետերը 2009-ից համանախագահողների կողմից շրջանառության մեջ դրված կարգավորման դրույթներն են, բայց առաջին անգամ համանախագահը խոսում է կարգավիճակից, ինչից խուսափում էր Ադրբեջանը: Պարոն Մանոյանը դեսպանի տեքստում լուրջ բացթողում է համարում կարգավորման հարցում Ղարաբաղի դերի բացակայությունը: Դաշնակցական գործչի տպավորությամբ այս տեքստով դեսպանը ակնարկում է նաեւ, որ եղած կետերի շուրջ համաձայնությունը բավարար է Ղարաբաղի խնդիրը կարգավորելու համար: