ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԲԱՆԱԿՑԵԼՈՎ

Հարցազրույց «Ռուս-հայկական համագործակցություն» ՀԿ (Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի) նախագահ ՅՈՒՐԻ ՆԱՎՈՅԱՆԻ հետ

-Երբ Հայաստանը հայտ ներկայացրեց անդամակցելու Մաքսային միությանը, դուք կարծիք հայտնեցիք, թե պետք է կարողանանք մեր ազգային, քաղաքական ու տնտեսական շահերը համոզիչ, ընկալելի ներկայացնել ոչ միայն գիտաժողովներում, այլեւ միջկառավարական, միջխորհրդարանական հարաբերություններում, հակառակ դեպքում դրանք կմնան կոնֆերանսների սրահներում: Այսօր ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, մեզ հաջողվո՞ւմ է արդյունավետ աշխատանք իրականացնել:
-Ես հաճախ եմ բարձրացնում այս կարեւոր հարցը՝ աշխատել համակարգված, մեր կարեւորագույն հարցերով ձեւավորել հայկական օրակարգ, իսկ դրա համար մեր պետական օղակները պետք է Սփյուռքի հետ աշխատեն համակարգված, աշխատանքի ճիշտ բաժանում պետք է լինի, որ ունենանք մեկ թիրախ եւ բոլոր քայլերով` մեծ թե փոքր, հարվածենք այդ թիրախին: Կարծում եմ, մենք գնում ենք այդ ճանապարհով:

-Սակայն կան նաեւ ռիսկեր, որոնք պակաս մտահոգիչ չեն. խոսքս մաքսատուրքերին է վերաբերում. կխնդրեի անդադառնաք նաեւ ռիսկերին:
-Այո, այդպիսիք կան, սակայն տեսեք, թե ո՞րն է հարցը: Երբ Հայաստանն անդամագրվեց Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, դրա հետեւանքով մեզանում գործեցին ամենացածր կամ միջին մաքսատուրքերը: Մինչդեռ մաքսատուրքերը բարձր են սահմանված Մաքսային միությունում, եւ դա Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի տնտեսության պաշտպանությանը միտված քայլ է:
Երբեմն հայաստանյան փորձագիտական շրջանակներ անում են կատեգորիկ հայտարարություններ. թե տեսեք, ԱՀԿ-ի սահմաններում մաքսատուրքերը ցածր են, մինչդեռ ՄՄ-ում՝ բարձր: Պետք չէ նման մոտեցմամբ ինքներս մեզ կաշկանդենք, մտածենք, թե Մաքսային միությունում մաքսատուրքը բարձր է ու ոչինչ չձեռնարկենք: Բայց չէ՞ որ ամեն ինչ կարելի է կարգավորել նաեւ արդյունավետ բանակցելով: Մենք պետություն ենք, պետք է կարողանանք անհրաժեշտ չափով բանակցել եւ ստանալ մեզ համար արդյունավետը:
Այս պահին ընթանում է մաքսատուրքերի համաձայնեցման գործընթաց, որն աշխատատար է, բայց այն մեր երկրին իրական շահույթ ապահովող գործընթաց է: Հայաստանը ներկայացնում է այն ապրանքատեսակների ցանկը, որոնց նկատմամբ կսահմանվի հնարավորինս ցածր մաքսատուրք, իհարկե, առանց երրորդ երկիր արտահանելու իրավունքի:

-Ի՞նչ կասեք վերջին շրջանում Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության մեջ իրականացված փոփոխության մասին, ինչը անհանգստություն առաջացրեց հայ աշխատանքային միգրանտների շրջանում:
-Ռուսաստանը, երբ իր ներսում կատարում է այս կամ այն օրենսդրական փոփոխությունը, բնականաբար առանձին երկրների համար հատուկ հաշվարկ չի անում: Ու մենք ոչ թե պետք է նստենք եւ դժգոհենք, թե այդ երկիրը ինչո՞ւ է նման օրենսդրություն մշակում, այլ, միջպետական հարաբերությունները ճիշտ օգտագործելով, պաշտպանենք մեր հայրենակիցների շահերը:
Տեսեք, Հայաստան-Ռուսաստան միգրացիոն հարաբերությունները կարգավորող երեք փաստաթղթերը կնքվել են 20 տարի առաջ: Բայց չէ՞ որ այս ընթացքում շատ բան է փոխվել։ Դրանք այլեւս չեն արտացոլում նոր իրողությունները: Ավելին՝ Ռուսաստանը 2012-ին ընդունել է միգրացիայի պետական հայեցակարգ, ուրեմն երկկողմ փաստաթղթերը վերաթարմացնելու անհրաժեշտություն կա:
Ռուսաստանը միգրանտների թվով աշխարհում առաջին տեղն է գրավում, հետեւաբար միգրացիոն հարցերը առաջիկա տասնամյակներում լինելու են այդ երկրի ուշադրության կենտրոնում: Հիմա տեսնենք, թե Ռուսաստանը ի՞նչ է նախատեսում այս հայեցակարգով:
Նախ սահմանեց այսպիսի կարգ` երկրի մուտքի սահմանափակում երկու վարչական խախտում կատարած միգրանտների նկատմամբ: Երկրում 3 միլիոնից ավելի միգրանտներ կան, եւ միգրացիոն բազայով չեն երեւում, թե նրանք ինչո՞վ են զբաղված, այդպիսիք չունեն ո՛չ աշխատանքային պայմանագիր, ո՛չ կեցության իրավունք: Դեկտեմբերին եւս մեկ փոփոխություն կատարվեց, ու մտցվեց ՌԴ տարածքում աշխատանքային ներգաղթյալների` առանց ելքի առավելագույնը 90 օր մնալու թույլտվությունը:
Հայաստանի պաշտոնյաները, մամուլը կենտրոնացել են այս 90-ը 180 օրվա կամ 6 ամսվա փոխելու վրա: Բայց սա չէ խնդիրը. ի վերջո, 90 օրն էլ բավարար է, որ մարդը աշխատանքային պայմանագիր կնքի, կեցության իրավունք ձեռք բերի: Իհարկե, ճիշտ է, որ մեր ղեկավարները փորձում են բանակցել ու արտոնյալ պայմաններ ապահովել մեր հայրենակիցների համար, բայց խնդիրն այլ է: Բանն այն է, որ կատարված փոփոխություններից հետո մուտքի իրավունքի սահմանափակումը` 3, 7, 10 տարի, տարածվում է 175 000 ՀՀ քաղաքացիների վրա: Ուրեմն ոչ թե 90 օրը պետք է 180 դարձնել, այլ լուծել մարդկանց մուտքի իրավունքի խնդիրը:

-Իսկ ինչպե՞ս, ի՞նչ առաջարկ ունեք այս հարցում:
-Ես առաջարկել եմ, որ Հայաստանի նման քաղաքացիների նկատմամբ կիրառվի համաներում, ինչը կիրականացվի կա՛մ միջպետական նոր համաձայնագրի կնքումով, կա՛մ գործող օրենսդրության մեջ առանձին հավելված մտցնելով, որն առավել կարճ ճանապարհ է: Այդ կերպ կկարողանանք մեր հայրենակիցների համար ապահովել դեպի Ռուսաստան մուտքի առանձին ռեժիմ:
Միաժամանակ պետք է բացատրական աշխատանք տանել, որ մեր աշխատանքային միգրանտներն անպայման կնքեն աշխատանքային պայմանագրեր: ՄՄ անդամակցումից հետո կեցության ժամկետների խնդիրը դուրս կմղվի, քանի որ ՀՀ քաղաքացիների վրա կտարածվի ներքին ռեժիմը:
Ուրեմն հարցը պետք է կարգավորել ոչ թե մեղադրական ոճով հայտարարություններ անելով, թե ինչո՞ւ է Ռուսաստանը փոխում սեփական օրենսդրությունը, հակահայկական որոշում կայացնում, կամ էլ պահանջենք մեր հանդեպ հատուկ վերաբերմունք դրսեւորել, այլ այդ «հատուկին» պետք է հասնենք երկու ուղղություններով՝ միջպետական հարաբերություններով եւ ինտեգրացիոն միավորումների՝ ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի եւ Եվրասիական միության խորհուրդների միջոցով, քանի որ բոլոր ինտեգրացիոն միավորումներին կից գործում են միգրացիոն կոմիտեներ, եւ հենց այստեղ է, որ Հայաստանը պետք է ակտիվ աշխատանք կատարի:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»