Կիրո Մանոյան. Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում զարգացում չի սպասվում, Թրամփից մեծ ակնկալիք չունենք

(news.am) Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելով Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում ակնհայտ զարգացում չի սպասվում:

Այս մասին այսօր՝ նոյմեբերի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքով՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացումն իչ-որ չափով կախված է նաեւ ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ-Թուրքիա, այս դեպքում նաեւ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների զարգացումից. «Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները կմնան այնպես, ինչպես մինչեւ այժմ էին, սակայն, պետք չէ մոռանալ նաեւ, որ երկու երկրների հարաբերությունները կապված են Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացումից: Եթե ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններն ավելի մեղմանան, Հայաստանը կարող է ինչ-որ չափով շահել, սակայն, միայն դրանով չի պայմանավորված, այս հարաբերությունները կապված են նաեւ՝ ԱՄՆ-Թուրքիա եւ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների զարգացումից»:

Կիրո Մանոյանը նշեց, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը քարոզարշավի ընթացքում նախագահի երկու թեկնածուներին էլ չի աջակցել եւ շարունակելու է համագործակցությունը նոր վարչակազմի հետ. «Ինչ վերաբերում է ԱՄՆ հայ դատի հանձնախմբին, պարզ է, որ երկու թեկնածուներին էլ չի աջակցել, որն էլ խոսում է նրա մասին, որ նրանցից մեծ ակնկալիքներ չունենք: Սակայն, սա դրական է նաեւ այնքանով, որ պետք է հնարավորություն լինի աշխատել նաեւ այս վարչակազմի հետ: Կարծում եմ, որ ձեւը կգտնեն եւ ինչ-որ չափով կաշխատեն»:

Կիրո Մանոյանը նշեց, որ իր համար անակնկալ էր Դոնալդ Թրամփի հաղթանակը. «Փաստորեն նրա հաղթանակը խոսում է այն մասին, որ Ամերիկայի ընտրողների կեսից ավելին դժգոհ էին գործող համակարգից, եւ սա Թրամփի ընտրվելու կարեւոր պատճառներից էր: Դգոհ էին Հանրապետականից, իսկ Հանրապետական կուսակցությունն այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէր Դոնալդ Թրամփի հետ»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթել է Դոնալդ Թրամփը՝ ընտրական կոլեգիայի անդամների 276 ձայն է ստացել՝ անհրաժեշտ նվազագույն 270-ի պարագայում:

Չի կարելի բացառել, որ Թրամփն Ադրբեջանի իշխանական շրջանակների հետ ԼՂ խնդրի վերաբերյալ պայմանավորվածություններ կունենա

(tert.am) ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի համար ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակն անակնկալ էր:
Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ինքն էլ, շատերի նման կարծում էր, որ կընտրվի դեմոկրատ Հիլարի Քլինթոնը: Սակայն արդեն ընտրությունների օրը, երբ ներկայացվում էին որոշ նահանգներում ընտրության արդյունքները, արդեն պարզ էր, որ ինքն էլ սխալվել էր իր ենթադրություններում:

Նա հիշատակեց, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մինչ ընտրությունները հայտարարել էր, որ նախագահի թեկնածուներից ո՛չ Թրամփին, և ո՛չ էլ Քլինթոնին չի սատարելու՝ պատճառ բերելով նախկինում նրանց գործունեությունը և հայկական հարցերում նրանց դիրքորոշումները։ «Հիմա Հայ դատի հանձնախումբը պետք է փորձի աշխատել նոր նախագահի հետ»,- ասաց նա:

Կիրո Մանոյանը մատնանշեց Դոնալդ Թրամփի այն դիտարկումը, թե Վաշինգտոնը ծառայում է ոչ թե Ամերիկայի ազգային, այլ մասնավոր կառույցների շահերին․ «Այդ պատճառով էլ նա նաև հայկական հարցերի վերաբերյալ տեսակետ չէր արտահայտում»:

Թրամփի ընտրվելու հանգամանքը, ըստ Կիրո Մանոյանի, պարզ չէ, թե ինչ ազդեցություն կունենա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, բայց եթե ռուս-ամերիկյան հարաբերությունները լավանան, Հայաստանը կշահի դրանից: Նա նշեց, որ ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերությունների վրա ազդեցություն կունենան նրա՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հետ հարաբերությունները:
«Բայց մյուս կողմից եթե Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերությունները վատանան, Հայաստանը դրանից չի շահի: Մեզ համար կարևոր է նաև Միացյալ Նահանգներ-Թուրքիա և Միացյալ Նահանգներ-Ադրբեջան հարաբերությունները՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Թրամփը Ադրբեջանի իշխանական շրջանակների հետ կապեր ունի»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ նա նշեց, որ ԱՄՆ-ում նախագահը միանձնյա չի որոշում երկրի արտաքին հարաբերությունները․ կա ներքին համակարգ՝ Կոնգրես, պետքարտուղարություն և այլն, որոնց դեմ, ճիշտ է, Կիրո Մանոյանի խոսքով, Թրամփը քարոզարշավի ժամանակ պայքար տարավ, սակայն հիմա դրանց հետ հաշվի չնստել չի կարող:

«Հնարավոր է, որ նա Ադրբեջանի որոշ իշխանական շրջանակների հետ, որոնց հետ համագործակցում է, Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածություններ ունենա․չի կարելի բացառել: Բայց դա միանշանակ ասել էլ չի կարելի»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե Դոնալդ Թրամփն իր քարոզարշավում մատնանշել էր, որ ժամանակն է, որ ԱՄՆ կառավարությունը մի կողմ քաշվի և թույլ տա մարդկանց ինքնուրույն որոշել իրենց երկրի ապագան, կարծես թե որոշել է իրեն հեռու պահել աշխարհաքաղաքական գործընթացներից, Կիրո Մանոյանը պատասխանեց, թե աշխարհաքաղաքական գործընթացներից դուրս գալն արդեն ազդեցություն է, որովհետև հիմա արդեն ներգրավված է դրանցում:

«Հիմա ինչ էլ անի՝ դուրս գա, թե խորանա այդ գործընթացներում, ազդեցություն պետք է ունենա․դրանցից յուրաքանչյուր դեպքում ազդեցությունները տարբեր են լինելու: Իր ընտրարշավի ժամանակ կատարած որոշ հայտարարություններ նախագահ լինելու ժամանակ չի կարող իրականացնել: Իհարկե, նա կփորձի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության ուղղությունը փոխել, բայց փորձելու դեպքում էլ, եթե հաջողի, դա ևս միջազգային հարաբերությունների վրա իր ազդեցությունն է ունենալու»: