Ամփոփագիր 16-20 հոկտեմբեր 2020 թ․
(16-20 հոկտեմբեր 2020 թ․)
Վերջին օրերին ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակել են քարոզչական-տեղեկատվական և քաղաքական-հարաբերական բնույթի աշխատանքները, որոնց արդյունքների մի մասը ներկայացնում ենք ստորև։
ԱՄՆ
Քարոզչական և տեղեկատվական բնույթի աշխատանքներին զուգահեռ՝ ՀՅԴ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի՝ Վաշինգտոնի գրասենյակը, շարունակում է իրականացնել մեծ ծավալով քաղաքական բնույթի աշխատանքներ՝ արձանագրելով նոր արդյունքներ։
Այսպես, հոկտեմբերի 16-ին ԱՄՆ Հավայի նահանգը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը՝ դառնալով ԼՂՀ-ն ճանաչած ամերիկյան 10-րդ նահանգը․ այն ընդգրկում է Հավայան կղզիները։
Պաշտոնական նամակով ՀՅԴ Հայ Դատի ԱՄՆ Հանձնախումբը դիմել է ռազմաքաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռ․ Քլարկին՝ պահանջելով կասեցնել ռազմական կամ երկակի նշանակության արտադրանքի վաճառքը Թուրքիային, քանի որ Անկարան ակտիվորեն մասնակցում է Ադրբեջանի կողմից Արցախի ու Հայաստանի դեմ սկսված պատերազմին։
Կանադա
Կանադայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի կազմակերպմամբ Մոնրեալի քաղաքապետ Վալերի Պլանտեյից օրեր շարունակ պահանջվում է ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ Իրականացվող միջոցառումները ներառում են ցույցեր, հանրահավքներ, օնյալն պահանջագրերի լրացում և ժողովրդավարական ճանապարհով հանրային ճնշման այլ մեխանիզմներ։
Հոկտեմբերի 18-ին Արցախի Անկախության պահանջով խոշոր ավտոերթ է անցկացվել Տորոնտոյում։
Առաջիկա ուրբաթ նախատեսվում է նույնաբովանդակ պահանջով բողոքի խաղաղ ցույց իրականացնել նաեւ Օտտավայում։
Հանձնախումբի փոխանցմամբ՝ հայության նկատմամբ սանձազերծված ագրեսիան քննադատել է նաև կանադական երկրորդ ընդդիմադիր՝ Քվեբեկյան բլոկ կուսակցությունը։
Եվրոպա
Եվրոպայում ՀՅԴ Հայ դատի աշխատանքները շարունակվում են ինչպես տեղական, առանձին երկրների մակարդակներում՝ տեղի հանձնախմբերի միջոցով, այնպես էլ հաաեվրոպական մակարդակում՝ Բրյուսելի գրասենյակի միջոցով։
Հոկտեմբերի 18-ին առավել քան 20․000 մարդու մասնակցությամբ բողոքի խաղաղ ցույց է անցկացվել Փարիզում։ Ցուցարարների հիմնական պահանջն է եղել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և դատապարտել ադրբեջանական ու թուրքական ագրեսիան Արցախի և Հայաստանի հանրապետությունների նկատմամբ։ Ֆրանսիայում բողոքի տարբեր միջոցառումներ են անցկացվում նաև ՀՅԴ «Նոր սերունդ» ուսանողական միության կողմից։
ՀՅԴ Հայ դատի Անգլիայի հանձնախմբի փոխանցմամբ՝ բրիտանացի վեց խորհրդարանականներ դատապարտել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծումը՝ այն որակելով որպես պատերազմի հանձագործություն եւ դիմել Միացյալ Թագավորության կառավարությանը՝ կոչ անելով ՄԹ կառավարությանը ձեռնակել համապատասխան քայլեր։ Այս կոչին առավել շատ պատգամավորներ ներգրավելու համար հանձնախումբը մոբիլիզացնում է բրիտանահայության ներուժը, որպեսզի վերջիններս դատապարտում պահանջեն իրենց շրջաններից ընտրված պատգամավորներից։
ՀՅԴ Հայ դատի Ավստրիայի հանձնախումբի և տեղի հայկական երիտասարդական-ուսանողական միության ջանքերով, հոկտեմբերի 17-ին, Վիեննայի Օպերայի հարևանությամբ կազմակերպվեց «Խաղաղություն Արցախին» խորագիրը կրող համերգ, որին մասնակցեցին հայ և օտարազգի հայտնի երաժիշտներ։
Արցախի անկախության ճանաչման և ադրբեջանաթուրքական ագրեսիայի դատապարտման նպատակով՝ բողոքի բազմամարդ ցույցեր են անցկացվել նաև Բարսելոնայում, Աթենքում և Եվրոպական բազմաթիվ այլ քաղաքներում։
Ավստրալիա
ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի գրասենյակը վերջին 4 օրերում հավաքել է առավել քան 2500 ստորագրություն մի պահանջագրի տակ, որը դաշնային կառավարության վարչապետ Սքոթ Մորիսոնից պահանջում է դատապարտել Արցախի բնիկ հայության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական ագրեսիան։ Պահանջագիրը դեռևս բաց է լրացման և ստորագրման համար։
Բողոքի գործողությունների շրջանակում Ավստրալիայի հայ համայնքը հոկտեմբերի 18-ին փակել էր Սիդնեյի կարևորագույն ճանաարհներից մեկը՝ Հարբորի կամուրջը։
*Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի սանձազերծումից հետո ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը ամբողջ աշխարհում ձեռնմուխ են եղել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շահերի պաշտպանությանն ու օբյեկտիվ տեղեկատվության ներկայացմանը՝ կիրառելով լոբբիստական համալիր գործիքակազմեր։
Հայ դատի գրասենյակներն ու հանձմախմբերն անընդհատական կապի մեջ են նաև լրագրողական համայնքի ներկայացուցիչների և միջազգային առաջատար լրատվամիջոցների հետ, որպեսզի տեղեկատվահաղորդակցական պայքարում ապահովեն օբյեկտիվ լրատվություն։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակը մամուլի համար պարբերաբար հրապարակում է ամփոփագրեր, որոնց նպատակն է կենտրոնացված ներկայացնել Հայ դատի համաշխարհային ցանցի կողմից այս օրերին իրականացվող լայնածավալ և բազմաշերտ աշխատանքների առավել ակներև արդյունքները՝ ըստ տարածաշրջանների։