Ամփոփագիր, նոյեմբերի 20-դեկտեմբերի 15, 2022թ․

Դեկտեմբերի 12-ից ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ համակարգի աշխատանքները ամբողջությամբ կենտրոնացած են Արցախում ստեղծված՝ հումանիտար ճգնաժամի և Ադրբեջանի ցեղասպան էության միջազգային հանրահռչակմանն ու Արցախի համար միջազգային զորակցության ապահովմանը։ Այդ նպատակով դեկտեմբերի 13-ին Երևանում, Արցախի մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցավ Արցախի Հանրապետության կառավարության և ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը։ Վերջին երեք օրերի աշխատանքներն արդեն որոշակի արդյունք են տվել, ինչը ներկայացնում ենք ստորեւ։

Հայ դատի Արցախի գրասենյակ

ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակը անցնող օրերի ընթացքում Հայ դատի համաշխարհային ցանցին պարբերաբար փոխանցել է Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ թարմ տեղեկատվություն, ինչն էական նշանակություն է ունեցել ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների հարաբերական աշխատանքում՝ միջազգային գործընկերներին թարմ, հավաստի և փաստագրված տեղեկատվության ներկայացման առումով։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն աշխատանքներ է իրականացրել Հայաստանին տրամադրվող ամերիկյան օժանդակության ծավալի մեծացման և Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Քրիստինա Կվեինից Կոնգրեսում մի շարք կարևոր հարցերի պատասխաններ ստանալու ուղղությամբ, որոնք էական նշանակություն ունեն Ամերիկայում հայկական շահերի պաշտպանության տեսանկյունից։ Մասնավորապես, դեսպանի թեկնածության շուրջ կոնգրեսական լսումների ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և Մերիլենդը ներկայացնող սենատոր Քրիս Վան Հոլենը բարձրացրել են Ադրբեջանին պատերազմական հանցագործությունների և Հայաստանի նկատմամբ ագրեսիայի համար պատասխանատվության ենթարկելու հարցը։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի փակումից հետո հանձնախումբը մեծ ծավալի աշխատանքներ է իրականացրել ԱՄՆ Կոնգրեսում՝ Ադրբեջանի վրա միջազգային ճնշում ապահովելու, Բաքվին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկելու և ճանապարհի վերագործարկումն ապահովելու, առհասարակ խնդիրը ամերիկյան հասարակական-քաղաքական ուշադրության կենտրոնում պահելու ուղղություններով։ Արդեն դեկտեմբերի 13-ին կատարվածը խստորեն դատապարտեց Կոնգրեսի հայկական հարցերով խումբը, իսկ դեկտեմբերի 14-ին Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականությանը վերաբերող կոնգրեսական լսումների ժամանակ քննարկվեց ադրբեջանական ագրեսիան, և բազմաթիվ կոնգրեսականների կողմից դատապարտվեց։ Քննարկմանը ներկա էր նաև պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Կոնգրեսականները խստորեն հորդորել են ԱՄՆ գործադիր իշխանությանն Ադրբեջանին սանձելու համար ձեռնարկել որոշակի և հետևանքներ ունեցող գործողություններ։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, վերջին օրերին ստեղծված իրավիճակով պայմանավորված, շարունակում է աշխատանքները՝ այդ թվում նաև ապահովելով ամերիկահայ համայնքի հնարավորությունների մոբիլիզացիա։

Եվրոպա

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը նոյեմբերի 28-29-ը Եվրոպական Խորհրդարանում ապահովել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանի հանդիպումները Հայաստանի և Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբերի անդամներ Ֆրանսուա Ալֆոնսիի, Կոստաս Մավրիտեսի, Կլարա Բոնսադիի Յեուզաս Օլեկասի հետ։ Դ․ Իշխանյանը հանդիպումներ է ունեցել նաև Բելգիայի Թագավորության Սենատում Արցախի հետ բարեկամության խմբի անդամներ Մարկ Դեմեսմեյքերի և Ալեսիա Գլասի հետ։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի կազմակերպմամբ 2022թ․ դեկտեմբերի 3-4-ը Բրյուսելում անցկացվել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը, որին մասնակցել են Եվրոպական Միության շուրջ տասը երկրներում և Մեծ Բրիտանիայում գործող Հայ դատի հանձնախմբերի և Հայ դատի Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները։

Խորհրդաժողովի ընթացքում քննարկման առարկա են դարձել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի, ինչպես նաև տարբեր երկրներում գործող հանձնախմբերի քաղաքական առաջնահերթություններն ու գործունեության հիմնական ուղղությունները։

Արցախի նկատմամբ ադրբեջանական հերթական ագրեսիայից հետո ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը աշխատանքները ծավալում է հիմնականում երկու՝ համաեվրոպական և ԵՄ անդամ պետությունների հարթակներում։ Համապատասխան աշխատանքներ են տարվում Եվրոպական խորհրդարանի պատգամավորների, առաջին հերթին Հայաստանի և Արցախի հետ բարեկամության խմբերի ղեկավարների ու անդամների հետ:

Դեկտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարությամբ հանդես եկան Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համանախագահներ Պետեր Վան Դալենը, Ֆրանսուա Ալֆոնսին և Սիլվիե Գիյոմը՝ ամբողջապես ներկայացնելով Արցախում ստեղծված իրավիճակն ու հումանիտար աղետի վտանգը։ Նշենք նաև, որ ճանապարհի փակման առիթով մտահոգություն էր հայտնել նաև արտաքին գործողությունների եվրոպական ծառայության մամուլի խոսնակ Պետեր Ստանոն՝ Ադրբեջանին կոչ անելով ապահովել Լաչինի միջանցքի երկկողմանի անցանելությունը։

Կանադա

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբն իր հերթին ևս բավական աշխատանքներ է իրականացրել հակազդելու համար Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային և ապահովելու համար կանադական կողմի համարժեք արձագանքը կատարվածին։ ՀՅԴ Հայ դատի հանձնախումբն աշխատանքներ է իրականցրել իշխանության ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր ճյուղերի հետ։ Արդեն դեկտեմբերի 14-ին ճանապարհի փակումը դատապարտեց և դրա անցողունակության վերականգնում պահանջեց Կանադայի արտաքին գործերի նախարարությունը։

Հունաստան

ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախմբի աշխատանքների արդյունքում նոյեմբերի երկրորդ կեսին ձախողվել է Կորնթոսի և Շուշիի միջև համագործակցության հուշագիր ստորագրելու ադրբեջանական ցանկությունը, ինչի մասին ավելի վաղ Հարավային Կորեայում ընթացող հնամյա քաղաքների ներկայացուցիչների խորհրդաժողովի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել Կորնթոսի քաղաքապետարանի ներկայացուցչի և ադրբեջանական պատվիրակության անդամների միջև։

Մեծ Բրիտանիա

Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակման թեման Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը քննարման նյութ է դարձրել անգլիական քաղաքական շրջանակներում։ Խնդրին անդրադարձել են և Մեծ Բրիտանիայի կառավարությունից իրավիճակի հաղթահարմանն ուղղված գործողություններ են պահանջել բարոնուհի Քերոլայն Քոքսը և Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոթնը։

Ավելի վաղ, դեկտեմբերի սկզբին Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը հանդիպումներ է ունեցել Լեյբոլիստական կուսակցության պատգամավորներ Ջեսիկա Մորդենի, Ալեքս Սոբելի, Ֆերյալ Քլարկի, Ռուպա Հուքի և Սթեֆան Դոթի հետ։ Քննարկվել են Հայոց ցեղասպանության ճանաչման, պատգամավորների գրասենյակներում վարժողական ծրագրեր իրականացնելու, Արցախին ու Հայաստանին օժանդակության և Արցախի էթնիկ զտումը կանխելու և ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն ապահեվելուն ուղղված հարցեր։

Ավստրալիա

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզզբին կենտրոնացած է եղել Հայ դատի աշխատանքների ապահովման համար հանգանակությունների կազմակերպման աշխատանքների վրա, ինչի արդյունքում Մելբորնում հավաքվել է շուրջ 400․000 ավստ․դոլար, իսկ հանձնախմբի հիմնական գալա ընթրիքի ժամանակ՝ 190․000 ավստ․ դոլար։

Հայ դատի հանձնախումբը, Լաչինի ճանապարհի փակումից հետո դիմել է երկրի արտաքին գործերի նախարարին՝ համապատասխան պետական կեցվածք հայտնելու պահանջով։ Հայ դատի հանձնախումբը Ավստրալիայի կողմից Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու նպատակով սերտորեն համագործակցում է Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության խմբի անդամների հետ։

Ուրուգվայ

ՀՅԴ Հայ դատի Ուրուգվայի հանձնախմբի անդամները դեկտեմբերի 1-ին հանդիպում են ունեցել Ուրուգվայի նախագահ Լուիս Լագաժե Փոուի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև երկրի առողջապահության նախարար Խոսե Լուիս Սաթջյանը։

Հանդիպման ընթացքում Ուրուգվայի նախագահին է ներկայացվել վերջերս Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման հետևանքները, ինչպես նաև 2020թ․ Հայաստանի ու Արցախի նկատմամբ իրականացված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը։

 

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների վերադարձի, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։

 

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

15.12.2022 թ.