Ադրբեջանը խոչընդոտում է Ցեղասպանության ճանաչմանը Քնեսեթում

(mediamax.am) Երուսաղեմում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Ժորժետ Ավագյանը Մեդիամաքսին ասել է, որ Իսրայելի կառավարությունը շարունակում է ճնշում գործադրել Քնեսեթի անդամների վրա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

«Սպասվում է, որ նոյեմբերին Իսրայելի խորհրդարանականները հերթական անգամ կքննարկեն Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը: Քնեսեթի անդամներից շատերը մեր հետ զրույցներում ասում են, որ ընդունում են Հայոց ցեղասպանությունը, բայց կառավարությունը իրենց վրա ճնշում է գործադրում: Իրենք վախենում են»,- Մեդիամաքսին ասել է Ժորժետ Ավագյանը:

«Այսօր ամենամեծ խնդիրը Ադրբեջանն է առաջացնում, մանավանդ, որ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը շատ սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ: Լիբերմանն է, որ, ցավոք սրտի, մեծապես խոչընդոտում է մեր աշխատանքներին: Եթե այլ երկրներում Ցեղասպանության ճանաչման հարցում խոչընդոտներ է առաջացնում Թուրքիան, ապա այստեղ Թուրքիան ոչինչ չի ասում, քանի որ իր բարեկամ Ադրբեջանը արդեն իսկ մեծ ազդեցություն ունի»,-ասել է նա:

Միաժամանակ, Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Իսրայելի խորհրդարանականները «կկարողանան ճիշտ ելք գտնել ստեղծված իրավիճակից»:

«Հուսով եմ, որ ներկայացված բանաձեւը, թերեւս, այս անգամ կընդունվի, քանի որ Իսրայելի բնակչության մեծամասնությունը ՝մոտ 80 տոկոսը, ասում է, թե ամոթ է, որ Իսրայելը մինչ օրս չի ընդունել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը»,-հայտնել է նա:

Ժորժետ Ավագյանը կարծում է, որ երբ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, շատ երկրներ եւ հատկապես՝ Միացյալ Նահանգները, կհետեւեն նրա օրինակին:

Իսրայելի խորհրդարանի Կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովը օգոստոսի 1-ին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Սրան նախորդել էր հուլիսի 5-ին Քնեսեթի որոշումը՝ բանաձևը ուղարկել նշված հանձնաժողով` ոլորտային ուսումնասիրությունների համար: