Կիրո Մանոյան. Բանակցային գործընթացում Հայաստանի վրա ճնշում կա.

(1in.am) Միջազգային ճգնաժամային խումբը զեկույց է հրապարակել, որում անդրադարձել է ապրիլի 2-5-ը ԼՂ հակամարտության գոտում ծավալված մարտերին: Զեկույցի հեղինակները նշում են, որ էսկալացիայի կրկնությունը կլինի ավելի կործանարար, մասնավորապես՝ կգործարկվեն մեծ հեռահարության «Երկիր-Երկիր» դասի հրթիռներ:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս կանխատեսումը բավական իրատեսական է համարում: «Իսկապես, ապրիլի սկզբի գործողությունները պետք է ասել, որ ինչ-որ տեղ նաև սահմանափակ էին»,- ասաց նա՝ հավելելով, որ էսկալացիայի կրկնության դեպքում երաշխիք չկա, որ նման սահմանափակում կլինի:

Նրա խոսքով՝ քանի որ հետևանքներն իսկապես անկանխատեսելի են ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլ նաև տարածաշրջանի համար, ուստի համանախագահող երկրները չեն ցանկանում, որ նման գործողություններ վերսկսվեն:

Անդրադառնալով Ֆրանսիայում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպմանը՝ Կիրո Մանոյանն ասաց. «Կարծում եմ՝ բանակցային գործընթացում Հայաստանի վրա ճնշում կա, և դրա արձագանքներն են, որ մենք հաճախ լսում ենք, թե մեզ մոտ պետք է սկսել պատրաստել, այսպես կոչված, համապարփակ պայմանագիրը, որը եթե պատրաստեն՝ առանց հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության գալու, ապա դա կլինի այս բանակցությունների տրամաբանության խախտում, ինչն անընդունելի է, և կնշանակի հարցի փուլային լուծում»:

Ինչ վերաբերում է հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայմանը, ապա ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն համարում է, որ մենք հույս չենք կարող դնել խաղաղապահների վրա. «Խաղաղապահները լավագույն դեպքում միայն կարող են ասել, թե որ կողմը խախտեց զինադադարը, դրանից ավելի նրանք չեն արել որևէ այլ վայրում»:

Մանրամասները՝ տեսանյութում: