Կիրո Մանոյան. Եթե Թուրքիան Գերմանիայի հետ հարաբերությունների մակարդակն իջեցնի, իրեն կվնասի: Բունդեսթագի բանաձեւը պարունակում է ակնկարկ այսօրվա Թուրքիայի պատասխանատվության մասին:

(yerkir.am) Երեկ իսկապես շատ կարևոր օր էր. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` նկատի ունենալով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:

«Գերմանիայի նման ազդեցիկ եվրոպական պետությունն է այսպիսի որոշում կայացնում, թեև Գերմանիայի նախագահը դեռևս անցյալ տարի էր խոսել այդ մասին ու ասել, որ եղածը Ցեղասպանություն է: Թուրքիան ամեն ճիգ ու ջանք գործի դրեց, որ նման որոշում չկայացվի, սակայն, Գերմանիայի խորհրդարանը համարյա միաձայն որոշեց որդեգրել այդ բանաձևը»,- ասաց նա:

Մանոյանի խոսքով`այդ բանաձևում կան մի շարք կարևոր շեշտադրումներ: «Խոսվում է Թուրքիայի այսօրվա սերնդի պատասխանատվության մասին և ակնկալվում, որ այսօրվա Թուրքիան էլ պատասխանատվության բաժին ունի: Անդրադարձ կա Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, և Գերմանիան հանձն է առնում այդ ուղղությամբ աշխատանք տանել և իր կառավարությանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել»,- ասաց նա:

Մանոյանի կարծիքով` Գերմանիան մի շարք այլ պետությունների կարևոր բան է ցույց տալիս: «Հիշենք, որ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Իսրայելը նման որոշում չեն կայացրել»,- նշեց նա:

Մանոյանի բնորոշմամբ՝ Թուրքիայի հակազդեցությունը խուճապահար կեցվածք ունեցողի հակազդեցություն է: «Դեսպանը հետ կանչվեց: Թուրքական մամուլը նույնպես խուճապի մեջ է, գերմաներեն վերնագրերով նյութեր են հրապարակվում, թե Հիտլերի թոռներն իրենց մեղադրում են Ցեղասպանության մեջ»,- հայտնեց նա և ընդգծեց՝ այս առիթով Եվրահանձնաժողովը Հայաստանին ու Թուրքիային կոչ է արել, որ լրջորեն հետամուտ լինել իրենց հարաբերությունների կարգավորմանը:

Ըստ Մանոյանի՝ սա ավելի շատ ուղղված է Թուրքիային, սակայն այդ երկրի պահվածքն անփոփոխ է: «Թուրքիան կրկնում է, որ Հայաստանի հետ հարաբերությունները չեն կարգավորվի, քանի դեռ Ղարաբաղի հարցը կա: Թուրքիայի կողմից որևէ դրական բան ակնկալել չի կարելի»,- ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևին հաջորդի ժխտումը քրեականացնող բանաձևի ընդունում, Մանոյանը պատասխանեց, որ Գերմանիայի կողմից նման նախաձեռնություն ակնկալելուց առաջ պետք է սպասենք, թե Ֆրանսիայում ինչ կլինի: Ընդ որում` հավելեց, որ եթե Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը մնար Գերմանիայի կառավարության որոշմանը, այդպես էլ կմնար:

Անդրադառնալով Գերմանիա-Թուրքիա հարաբերություններին` Մանոյանը նշեց. «Ինչպես բոլոր նման բանաձևերի դեպքում, Թուրքիան ինչ էլ անի, ինքան էլ նեղանա, այդ հարաբերությունները կշարունակվեն այնպես, ինչպես կան: Եթե Թուրքիան հարաբերությունների մակարդակն իջեցնի, կնշանակի, որ իր շահերին է հարվածում»:

Բունդեսթագի բանաձեւը պարունակում է ակնկարկ այսօրվա Թուրքիայի պատասխանատվության մասին

(news.am) Հայոց ցեղասպանության մասին հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից ընդունված բանաձեւը պարունակում է որոշակի ակնարկ, որ այսօրվա Թուրքիան պատասխանատվության իր բաժինն ունի: Այս մասին հունիսի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայ դատի գրասենյակի ու ՀՅԴ քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով Թուրքիան գործադրել է բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի կանխի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը, սակայն Գերմանիայի խորհրդարանը գրեթե միաձայն ընդունել է փաստաթուղթը: Բանաձեւը, նրա կարծիքով, կարեւոր է նրանով, որ ընդունում է Գերմանիայի մասնակցությունը Թուրքիայի կատարած հանցագործություններին, նաեւ բարձրացնում թուրք ժողովրդի ներկա սերնդի պատասխանատվության հարցը: «Այս բանաձեւով Գերմանիան օրինակ է ծառայում մի շարք այլ երկրների համար, որոնք դեռ նման որոշում չեն կայացրել»,- շեշտեց Կիրո Մանոյանը: Այս հարցում Թուրքիայի հակազդեցությունը, հավելեց նա, իրականում խուճապային բնույթ ունի: