Ապրիլից հետո Հայ դատի օրակարգի հիմնական հարցը դարձել է Արցախը

(artsakhtimes.am) Օրերս Ստեփանակերտում կայացավ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը, որը Արցախում էր համախմբել աշխարհի տարբեր երկներում գործող Հայ Դատի գրասենյակների ներկայացուցիչներին: «Արցախթայմսի» զրուցակիցն է Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատրյանը, ում հետ զրուցեցինք Հայ Դատի օրակարգային առաջնահերթությունների մասին:

Արդյո՞ք ապրիլը օրակարգ է փոխել և հնարավո՞ր է ներկա հանգրվանում հայոց ցեղասպանության հարցը, որպես գործիք դիտարկել արցախյան հիմնախնդրի լուծման ճանապարհին:

Բականաբար ապրիլյան քառօրյա պատերազմը շատ բան փոխեց առաջնահերթությունների իմաստով, բայց և չպետք է մոռանանք, որ Արցախը միշտ էլ եղել է Հայ Դատի մնայուն օրակարգի վրա: Այդ առումով աշխատանքներ էին տարվում երեք ուղղությամբ, առաջին՝ Արցախի ինքնորոշման իրավունքի շեշտադրում այն երկրներում, որտեղ որ ապրում ենք, հետո Արցախի ճանաչման գործընթացը, և ինչպես գիտեք այդ ուղղությամբ լուրջ հաջողությունների ենք հասել մանավանդ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ավստրալիայի պարագայում, շատ հատկանշական է նաև Ուրուգվայի փաստը: Եվ երրորդ գլխավոր ուղղությունը դա ադրբեջանական հակահայ քարոզչությանը հակազդելն է, և ոչ միայն հակազդելը, այլ նաև ազդեցիկ միջոցներ կիրառելով, նախահարձակ մոտեցումներ ցուցաբերելը: Պայքար է պետք ադրբեջանական հսկայական միջոցների դեմ, որոնք կիրառվում են հայկական քարոզչության դեմ, երբեմն այն շրջադարձելով, փաստերը խեղաթյուրելով, շատ հաճախ զոհը ներկայացնելով որպես ագրեսոր, մինչդեռ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության շնորհիվ է, որ զինադադարը խախտվեց և Արցախում նորից պատերազմ եղավ: Ադրբեջանին թվում էր, թե ինքը կարող է դաս տալ հայկական կողմին, բարեբախտաբար համարժեք պատասխան ստացավ և հուսով եմ հասկացավ որ Արցախը հեշտ մարսվող պատառ չէ իր համար: Կասկած չկա, որ ապրիլից հետո մեր օրակարգի հիմնական հարցը դարձել է Արցախը: Այդ կապակցությամբ մի քանի ուղղություններով աշխատանքներ են տարվում, բացի այն ընդհանրական ուղղություններից: Այդ քառօրյա պատերազմից հետո մեր հիմնական ուղղություններից մեկն այն է՝ ցույց տալ աշխարհին, որ Ադրբեջանն ինքն է առաջինը խախտել զինադադարը: Պետք է ասեմ, որ Ադրբեջանը վերջին օրերին հսկայական ներդրումներ է կատարել, միլիոնավոր դոլարներ ծախսել վարձկան ընկերություններ վարձելով և քարոզչական աշխատանքներ է ձեռնարկել արևմտյան աշխարհում, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներ, Եվրոպա, հայկական կողմին ներկայացնելու համար, որպես ագրեսիայի նախաձեռնող: Երկրորդ խնդիրն այն է, որ Ադրբեջանն այսօր փորձում է աշխարհին համոզել, որ սա իր պետական իրավունքն է, որ Արցախի և մյուս ,,գրավյալ,, շրջանների վերադարձն ու պաշտպանությունը իր ներքին խնդիրն է: Այս ուղղությամբ մենք օգտագործել ենք Արցախի մարդու իրավունքների վերաբերյալ զեկուցագիրը, որով փորձում ենք նոր էջ բացել, գիտակցելով դրա հետ կապված դժվարությունները: Մենք հստակ ու ներկայանալի փաստերով պետք է կարողանանք ապացուցել միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը ռազմական ոճիր է գործել, վայրագ գործողություններ սանձազերծելով խաղաղ և անպաշտպան բնակչության դեմ: Սա միջազգայնորեն դատապարտելի հարց է, որի ուղղությամբ այսօր աշխատանքներ են տանում ՀՅԴ Հայ Դատի գրասենյակները:

Հաշվի առնելով գերտերությունների քաղաքական շահերը, մենք պետք է կարողանանք ճիշտ օգտվել և այս պատերազմում Ադրբեջանի գործած ոճրի վերաբերյալ միջազգային ասպարեզում, թե՛ հանրային կարծիք ձևավորել, և թե՛ հասնել նրան, որ Մինսկի խմբի համանախագահներն ու իրենց երկրները դատապարտեն այդ ոճիրը, միաժամանակ, իհարկե, գիտակցելով նրանց որդեգրած կեղծ հավասարության սկզբունքը: Հստակ է, որ արտաքուստ կոչ անելով երկու կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները, ներքուստ լավ էլ գիտակցում են, տեղյակ են ագրեսոր կողմի մասին և մենք պետք է հասնենք նրան, որ համանախագահողները ընդունեն ու դատապարտեն ագրեսոր կողմին: Իհարկե գիտենք, որ համանախագահող երեք երկրներն էլ քաղաքական շահեր ունեն Ադրբեջանի հետ և, որ այդ երկրները Ադրբեջանին սիրաշահելու խնդիր ունեն: Ու չենք կարող ասել, թե նրանց գործունեությունը ամբողջությամբ արդար է, բայց և այնպես ներկա պարագայում Մինսկի խմբի ձևաչափը լավագույնն է: Պարզապես, մենք պետք է կարողանանք շատ ճիշտ ու համաժամանակյա աշխատանքներ տանենք: Պետք է հասնենք Ադրբեջանի վարքագծի միջազգային դատապարտմանը և Արցախը Ադրբեջանի մաս կազմելու հարցի բացառմանը: Ինչ վերաբերվում է այսօր ցեղասպանության հարցը գործիք դարձնելուն Արցախյան հիմնախնդրի լուծման ճանապարհին, այնքան էլ համաձայն չեմ, պարզապես, այդ երկուսը պետք է փոխկապակցված լինեն և միմյանց լրացնող: Այո Թալիշի դեպքերը վկայակոչելով, մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ հայերի հանդեպ իրականացված ցեղասպանությունը շարունակվում է: Այսօր, թե Թուրքիան և թե Ադրբեջանը չեն հրաժարվել հայերին ցեղասպանելու իրենց ծրագրից:

Այս օրերին անկախ ամեն ինչից, արցախցիների տեսադաշտում է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, արցախյան հասարակությունը նույնպես մտահոգ է նրա ճակատագրով: Ի՞նչ կասեք այս ուղղությամբ:

Այո, այսօր մենք չպետք է անուշադրության մատնենք Կարո Փայլանի պարագան: Շատ լավ գիտակցելով, որ Թուրքիան ժողովրդավար երկիր չէ, ունենալով Հրանտ Դինքի օրինակը, ուստի պետք է համայն հայությունը տարբեր երկրներում, տարբեր ուղղություններով փորձի ապահովել Կարո Փայլանի և ոչ միայն նրա, նաև այն քուրդ համարձակ պատգամավորների անվտանգությունը: Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը մայիսի 9-ին նամակ է ստացել Անկարայում ԱՄՆ դեսպանատնից, Կարո Փայլանի դեմ հարձակումների վերաբերյալ հրապարակային դատապարտումներով հանդես գալու եւ նրա անվտանգության մասին ԱՄՆ անունից պաշտոնական մտահոգություն արտահայտելու վերաբերյալ մեր հանձնախմբի նախաձեռնությանն ի պատասխան, որը մի կողմից ողջունելի է, որ Կարո Փայլանը փաստորեն ԱՄՆ կառավարության տեսադաշտում է, բայց մենք կարծում ենք, որ այդ պատասխանը շատ հեռու է Կարո Փայլանի նկատմամբ հարձակումների դատապարտումից: Ամեն ինչ պետք է անենք Հրանտ Դինքի օրինակը չկրկնվելու համար: