Պետք է հստակ օրակարգով կառուցենք մեր հարաբերությունները դաշնակից եւ հարևան երկրների հետ

(ԱՊԱՌԱԺ) Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությանը խրախուսող որոշ գործոններ կարող են լինել ինչպես Անկարայից հնչող քաղաքական աջակցության կոչերը, այնպես էլ տարբեր երկրներից խոշոր հարձակողական զենքերի վաճառումը՝ մասնավորապես Ռուսաստանի, Թուրքիայի, Իսրայելի եւ այլ պետությունների կողմից. այս տեսակետը «Ապառաժ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրա Նավոյանը, ով Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի շրջանակներում օրերս Արցախում էր: <<Ռուսաստանն ու Ադրբեջանն ունեն զենքի պայմանագիր, սակայն դա չի նշանակում, որ այդ զենքը պետք է օգտագործվի Հայաստանի կամ Ղարաբաղի դեմ։ Այլ հարց, որ Ադրբեջանը հարձակողական զենքի խոշոր պայմանագրերը կարող է ընկալել Թուրքիայի քաղաքական հայտարարությունների ֆոնի վրա աջակցություն իր ծրագրերին, ինչպես ժամանակին Մ.Սահակաշվիլին ԱՄՆ-ի քաղաքական հայտարարությունները, որոշ վրացական ստորբաժանումների եւ մարզումների ամերիկյան հրահանգիչների հայտարարություններն ընկալեց որպես արտոնություն կամ խրախուսանք՝ Հարավային Օսիայի վրա հարձակվելու»։ Յուրա Նավոյանի կարծիքով՝ մենք պետք է կարողանանք նոր արդյունավետությամբ կառուցել մեր քաղաքականությունը թե՛ ներսում, թե՛ դրսում։ «Որեւէ երկիր, անգամ բարեկամ երկիր, չի կարող մեր փոխարեն լուծել մեր խնդիրը։ Մենք հստակ օրակարգի վրա պետք է կառուցենք մեր հարաբերությունները մեր դաշնակից, հարեւան եւ հեռավոր երկրների հետ,- շեշտում է Յ․Նավոյանը,- հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ սպասարկման օրակարգը պետք է կատարելագործել՝ ելնելով իրավապայմանագրային հենքից։ Հայ-ռուսական միջպառլամենտական հանձնաժողովի միջկառավարական հանձնաժողովի նիստն ամիսներ շարունակ տեղի չի ունենում։ Իսկ երբ տեղի էլ է ունենում, վերածվում է ռուսական կողմի համանախագահողի գովերգման երեկոյի, այլ ոչ թե միջխորհրդարանական նիստի»։ Յ․Նավոյանի կարծիքով՝ մենք լիարժեքորեն չենք օգտվում հայ-ռուսական հարաբերությունների ընձեռնած հնարավորություններից եւ պետք է կատարելագործենք մեր օրակարգը Ռուսաստանի հետ։ «Տարին երկու անգամ Երեւանում եւ Մոսկվայում գումարվող հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստերում Հայաստանը, որպես գործընկեր երկիր, կարող է ցանկացած հարց օրակարգ բերել, արձանագրել եւ հետագայում, ինչպես պետական գերատեսչություններով, այնպես էլ սփյուռքի հնարավորություններով, հետամուտ լինել համայնքի բարձրացրած հարցերին>>,- նկատել է Յու․Նավոյանը:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Նավոյանը նշել է, որ Հայաստանը սերտորեն իրավապայմանագրային հենքի վրա կապված է Ռուսաստանի հետ, սակայն ինչպես ցանկացած երկկողմ հարաբերություններում, այնպես էլ հայ-ռուսական հարաբերություններում, ոչ միայն կարող են առաջանալ հարցեր, այլ այդ հարցերը կան ամեն օր եւ ամեն ժամ:

«Ռուսաստանն ունի պայմանագրեր Հայաստանի հետ՝ իբրեւ միջազգային իրավունքի սուբյեկտի: Ղարաբաղի մասով Ռուսաստանը մասնակցում է բանակցություններին իբրեւ եռանախագահներից մեկը: Եվ երբեմն շփոթ է լինում, որ շփման գծում հակամարտության վերսկսման դեպքում Ռուսաստանն իբրեւ ռազմավարական դաշնակից պետք է ուղղակիորեն ընգրկվի հակամարտությանը։ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են Ռուսաստանին ներքաշեն որոշակի հրապարակային նման գործողությունների, որպեսզի կասկածի տակ դնեն Ռուսաստանի՝ միջնորդի իրավունքը եւ հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը, նաեւ ՀԱՊԿ-ի կենսագործունեությունը: Իլհամ Ալիեւը, մտքում ուենենալով ռազմական լուծման որոշակի պլաններ, կարող է Ռուսաստանին իբրեւ գործիք օգտագործել>>,- նշել է նա։

Նրա համոզմամբ՝ պատերազմի վերսկսումը, կամ ռազմական գործողությունների բորբոքումը ձեռնտու չէ ինչպես Հայաստանին, այնպես էլ Ռուսաստանին:

Խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլի եւ Հայաստանի ու Արցախի վրա դրանց հնարավոր ազդեցության շուրջ՝ Յուրա Նավոյանը նշել է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը սահմանում է, որ Ռուսաստանի նպատակն է սահմանների երկայնքով ունենալ բարյացակամ տրամադրված երկրներ եւ, ըստ էության, ամեն ինչ ուղղված է դրան։

«ՀԱՊԿ-ում եւ ԵՏՄ-ում Հայաստանը, որպես բարյացակամ երկիր եւ բարի քաղաքականություն վարող երկիր, գրավում է շատ կարեւոր տեղ. դա ամրագրված է նաեւ հայ-ռուսական միջպետական համաձայնագրերով ու Հայաստանում Ռուսաստանի բազայի առկայությամբ։ Իսկ դա ժամանակակից միջազգային հարաբերություններում միջպետական հարաբերությունների հնարավոր բարձրագույն մակարդակն է։ Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում, եւ համաձայն ընդունված ռոտացիոն կարգի՝ նոյեմբերին Հայաստանում նախատեսվող ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում Հայաստանի ներկայացուցիչն ընտրվելու է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար։

Հայաստանը միացավ Եվրասիական տնտեսական միությանը, եւ ըստ էության նաեւ լիարժեք այս օրակարգը ձեւավորող պետություններից մեկն է: Այլ հարց է, թե ինչ ինտենսիվությամբ կամ արդյունավետությամբ է զարգանում տնտեսական միավորումը։ Բոլոր այս հարթություններում չկա Թուրքիայի դերակատարություն եւ իրավիճակային ռուս-թուրքական հարաբերություններով չեն պայմանավորված ահա այս երեք հարթություններում Հայաստանի համագործակցությունը Ռուսաստանի հետ»,- ասում է Յու․Նավոյանը։

«Թուրքիան եւ Ադրբեջանն առանձին-առանձին եւ միասնաբար ուզում են Ռուսաստանին ցույց տալ, որ առանց իրենց այս տարածաշրջանում, իսկ Թուրքիայի պարագայում Մերձավոր Արեւելքում, շատ դժվար է լինելու Ռուսաստանի համար, այդ պատճառով ավելի լավ է Ռուսաստանն իրենց հետ ունենա հնարավոր լավ հարաբերություններ։ Նրանք ամեն կերպ փորձում են կարեւորել իրենց նշանակությունը,- հավելում է քաղաքական գործիչը,- եւ երկրորդ՝ եւ՛ Թուրքիան, եւ՛ Ադրբեջանը, դարձյալ առանձնաբար եւ միասին, ուզում են Ռուսաստանին իրենց մատուցել իբրեւ Հյուսիսային Կովկասում իրավիճակի կայունացման գործոն։ Այսինքն՝ ռուս-թուրքական ու ռուս-ադրբեջանական լավ հարաբերություններն իբրեւ Հյուսիսային Կովկասում եւ Ռուսաստանի ներսում ազգամիջյան հարաբերությունների կայունացման գործոն>>։

«Ինքնաթիռի խոցվելուց հետո Ռուսաստանը գնաց կտրուկ քայլերի, եւ ներկայիս սառեցված հարաբերությունների պայմաններում Թուրքիան ցանկանում է իր կարեւորությունն ընդգծել։

Մենք տեսնում ենք, որ քառօրյա պատերազմի եւ հետագա օրերին Անկարայից նման կոչեր հնչում էին, որ Թուրքիան շատ կարեւոր է Ռուսաստանի համար ։ Սակայն Մոսկվան այդ կոչերը որոշակիորեն անտեսեց։ Պետք է նկատի ունենալ այն, որ Թուրքիան կշարունակի այս քաղաքականությունը։ Այն, ինչ դրսեւորում էր Ղրիմի մասով, Սիրիայի եւ Ղարաբաղի մասով դա արդեն ժամանակը ցույց կտա։ Սակայն ակնհայտ է, որ Ալիեւի ռազմատենչ ծրագրերը նկատի ունենալով՝ Թուրքիան, ինչո՞ւ չէ՝ նաեւ մի շարք երկրներ, կարող են մղել Ալիեւին արկածախնդրության: Որոշակի ուժեր կան, որոնք պետք է լուծեն իրենց հաշիվները Ռուսաստանի հետ>>,- նշել է Նավոյանը։

Անդրադառնալով Ռուսաստանում «Ռուս-հայկական համագործակցության» աշխատանքներին՝ Յուրա Նավոյանը նշել է, որ իրենց ամենօրյա աշխատանքների մաս է կազմում ԼՂՀ-ն՝ իբրեւ կենսունակ եւ կայացած պետություն ներկայացնելը, Արցախի ամենօրյա իրական կյանքը Ռուսաստանի քաղաքական, քաղաքագիտական եւ լայն հանրությանը ներկայացնելը: Գրասենյակը սերտորեն աշխատում է Ռուսաստանի քաղաքագիտական, վերլուծական հաստատությունների հետ, ներկայացնում է Արցախի խնդիրը: Կազմակերպում են գիտաժողովներ, հանդիպումներ։ Իրականացնում են «Զգույշ․պատմական փաստեր են» ծրագիր, որն ուղղված է պատմության կեղածարարության դեմ, որի շրջանակներում կազմակերպում են շնորհանդեսներ՝ ադրբեջանական կեղծարարության, հակամարտության նենգափոխման եւ պատմական փաստերի կեղծման դեմ։

Ստեղծել են մատենաշար՝ «Ռուս-հայկական համագործակցության գրադարան» անունով, որի առաջին հատորը հրատարակվել է ղարաբաղյան թեմայով։ Կազմակերպում են նաեւ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, հասարակական գործիչների եւ լրագրողների այցեր Արցախ։

Հարցազրույցը՝ Լ. Թեւոսյանի