Ուրուգւայի փոխնախագահը այցելեց Ս. Ամենափրկչեան վանք

(ԱԼԻՔ ՕՐԱԹԵՐԹ) Կիրակի՝ Ապրիլի 24-ի երեկոյեան ժամը 4:30-ին, Ս. Ամենափրկչեան վանք այցելեց Ուրուգւայի փոխնախագահ Ռաուլ Ֆեռնանդօ Սենդիկ Ռոդռիգէսը: Նրան ընկերակցում էր Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Ուրուգւայի լիազօր եւ արտակարգ դեսպանը:
Պատւիրակութեանը դիմաւորեցին Սպահանի հայոց թեմի թեմակալ առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանը, ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները:
Փոխնախագահը ծաղիկ մատուցեց Ապրիլեան նահատակների յուշարձանի առջեւ եւ իր յարգանքի տուրքը մատուցեց անմեղ զոհերի յիշատակին: Նա անդրադարձաւ Հայոց Ցեղասպանութեանը եւ ոգեկոչեց Ապրիլ 24-ի 101-րդ տարելիցը:
Հիւրերն այցելեցին Ս. Ամենափրկչեան վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցի եւ «Խաչատուր Կեսարացի» թանգարան: Թանգարանում, Հայոց Ցեղասպանութեան ցուցասրահի առջեւ Սրբազան Հայրը 100-րդ տարելիցի խորհրդանիշ Անմոռուկը փակցրեց փոխնախագահի կրծքին եւ հայ ժողովրդի անունից շնորհակալութիւն յայտնեց Ուրուգւայի պետութեանը, որ եղաւ աշխարհում առաջինը, ով 1965 թւականին՝ պաշտօնապէս ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը:
Փոխնախագահն իր հերթին Ուրուգւայի դրօշ-կրծքանշան կախեց Սրբազան Հօր կրծքին:
Հանդիպման աւարտին, Թեմական խորհրդի կողմից յուշանւէր յանձնւեց Ուրուգւայի փոխնախագահին:

Հանրային կապի գրասենեակ, ազգային
առաջնորդարան, Նոր Ջուղա