ՀՀ-ն իրականացնում է տարածաշրջանային կազմակերպություններում ընդգրկման և փոխլրացման քաղաքականություն. Նավոյան

(panorama.am) Միջազգային կազմակերպություններում Հայաստանի քաղաքականությունը հիմնված է հնարավոր ընդգրկվածության խորացման և փոխլրացման դրույթների վրա: Այս մասին ընդգծել է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը՝ ապրիլի 19-20-ին Սոչիում տեղի է ունեցած «Քաղաքացիական հասարակության և ժողովրդական դիվանագիտության դերը Շանհայան համագործակցության կազմակերպության հետագա զարգացման և ընդլայնման գործում» առաջին միջազգային ֆորումի ժամանակ: Տեղեկացնում են «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունից:

Յ. Նավոյանը նշել է, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների միջև երկխոսության զարգացման և դրանց ներուժի համադրման օգտին, պատրաստակամ է ընդգրկվել համատեղ խոշոր տնտեսական ծրագրերում:

Զեկուցողը կարևոր է համարել նաև հակամարտությունների կանխարգելման և դրանց խաղաղ կարգավորման համար տարածաշրջանային կազմակերպությունների ջանքերի համատեղումը:

Անդրադառնալով օրերս Շանհայան համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ստացած երկխոսության գործընկերոջ կարգավիճակին, Յուրի Նավոյանը նշել է, որ այն կնպաստի կազմակերպության անդամ երկրների հետ բազմակողմ հարաբերությունների խորացմանը, վստահության և փոխընբռնմման ամրապնդմանը: Կարևոր է, որ այդ երկխոսությունը ընթանում է ոչ միայն միջկառավարական, այլ նաև հասարակական դիվանագիտության մակարդակով:

Սոչիի միջազգային ֆորումը երկօրյա քննարկումների արդյունքում ընդունել է հռչակագիր, որոշվել է ֆորումը մնայուն դարձնել:

Ֆորումի բացմանը ելույթներով հանդես են եկել ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Իգոր Մորգուլովը, ՌԴ Հանրային խորհրդի անդամ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը և ուրիշներ: