«Զարթօնք Արուեստի Միջոցով». Հոլիվուդի Հայ Դատի Յանձնախումբը Նշեց Հայոց Ցեղասպանութեան Տարելիցը

(ԱՍՊԱՐԷԶ) «Զարթօնք արուեստի միջոցով» խորագիրն է կրում Հայոց Ցեղասպանութեանը նուիրուած Հոլիվուդի Հայ Դատի յանձնախմբի ամէնամեայ մշակութային ձեռնարկը, որ այս տարի անցկացուեց Ապրիլի 15ին: Հոլիվուդի Ս. Կարապետ Հայց. առաքելական եկեղեցու հոգեւոր հովիւ Վիգէն Ա. քհնյ. Վասիլեանը Տէրունական աղօթքով ազդարարեց միջոցառման բացումը:

«Ցեղասպանութիւնից յետոյ հայ ազգը ոչ միայն գոյատեւեց, այլեւ զարթօնք ապրեց՝ իր ստեղծարար շնորհով, որ արտայայտութիւնն է գտել աշխարհի տարբեր անկիւններում», բացման խօսքում ասաց Հոլիվուդի Հայ Դատի յանձնախմբի համաատենապետ, հանդիսավար Լարա Երէցեանը: Նա անդրադարձաւ փաստին, որ Թուրքիան այսօր էլ շարունակում է հայերի նկատմամբ իր ցեղասպանական քաղաքականութիւնը, որ եւս մէկ անգամ դրսեւորուեց Արցախում՝ Ադրբեջանի միջոցով: Սակայն հայ զինուորը չվարանեց կեանքը զոհել յանուն հայրենիքի, եւ մենք կրկին յաղթեցինք թշնամուն, նշեց Լարա Երէցեանը: Ներկաները մէկ րոպէ լռութեամբ յարգեցին Արցախում, Ապրիլի սկզբին չորսօրեայ պատերազմի ժամանակ զոհուածների յիշատակը: Դուդուկահար Վարդան Յարութիւնեանի կատարմամբ՝ կոմիտասեան հնչիւնների ներքոյ ներկաները մեծ յուզումով ու ցաւով, բայց նաեւ հպարտութեամբ դիտեցին մերօրեայ հերոսների լոսանկարները, ովքեր եւս մէկ անգամ հաստատեցին հայի յարատեւման բանաձեւը: «Լարք» երաժշտանոցի ասմունքի խմբի մանուկներն ու պատանիներն էլ իրենց ձեւով ամրագրեցին այդ բանաձեւը՝ խանդավառ ու կրակոտ աչքերով ասմունքելով հայրենիքի, վերածնունդի, վերադարձի ու հայի մասին: «Լարք»ի փոխտնօրէնուհի, խմբի գեղարուեստական ղեկավար Թագուհի Արզումանեանի սաները՝ հայ դասականների ստեղծագործութիւնների իրենց կատարումով՝ «Հաւատում եմ քեզ» խորագրով, աւետեցին մերօրեայ Զարթօնքն ի դէմս նոր սերնդի հայրենասիրական ոգու, որ պատրաստ է յաղթահարել մեր ազգի առաջ մարտահրաւէրների այս փուլը նաեւ: Հայ մանուկների սրտաբուխ ելոյթից յետոյ յոտընկայս ծափահարութիւնները չէին դադարում, որ ուղղուած էին նաեւ Թագուհի Արզումանեանին, ով չի դադարում հիացնել նուիրական գործունէութեամբ՝ իր սաների մէջ ներարկելով հայրենիքի ու ազգի նկատմամբ սիրոյ ու պատասխանատուութեան զգացումը:

Հոլիվուդի Հայ կենտրոնի սրահում խանդավառուած մթնոլորտն առաւել թէժացրեց հայրենասիրական երգերի երիտասարդ կատարող Արաբօ Իսպիրեանը, ով նոր էր ժամանել Հայաստանից: «Ժողովուրդ ջան, տրամադրութիւնը թող բարձր լինի, որովհետեւ մեր տղաներն Արցախում պատրաստ են ամէն պահի արժանի հակահարուած տալ թշնամուն եւ խոստանում են, որ ամէն ինչ շատ լաւ է լինելու»: Տաղանդաւոր երգչի այս խօսքերին հետեւեցին յաղթանակողի հայրենասիրական երգերը, եւ Արաբոյին երգով ու պարով միացաւ ողջ դահլիճը:

Բարձր տրամադրութիւնը շարունակեցին Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանի նորաստեղծ «Ստաջիանա» ռոք համոյթի երիտասարդները՝ Վարդան Միքայէլեանի ղեկավարութեամբ: Մրցանակակիր երգչուհի Մարիա Գոզետն էլ «Ադանա» երգի իր ուրոյն կատարմամբ ներկաներին մի պահ տեղափոխեց պատմական հայրենիք:

Հայ Դատի Հոլիվուդի յանձնախմբի խորհրդի անդամներն էլ ներկայացնելով կազմակերպութեան նպատակները՝ խօսեցին քաղաքացիական մասնակցութեան անհրաժեշտութեան մասին: «Մեր զինուորները յաղթում են մարտի դաշտում, բայց դրանք պէտք է ամրագրուեն դիւանագիտական եւ քարոզչական դաշտերում: Այս առումով չափազանց կարեւոր է, որ իւրաքանչիւրս մասնակցենք այս ոլորտներում համակարգուած աշխատանք իրականացնող, Միացեալ Նահանգներում ամենաազդեցիկ ամերիկա-հայկական քաղաքական կառոյցի՝ Հայ Դատի յանձնախմբի աշխատանքներին», նշեցին Հոլիվուդի Հայ Դատի անդամները: Այդ ներգրաւումն արտայայտւում է օրինակ՝ քաղաքական ընտրութիւններին մասնակցութեամբ, ընտրուած թեկնածուներին մեր հարցերով դիմելով, հանրային եւ այլ հաւաքների մասնակցելով: «ԱՄՆի եօթ նահանգներ ճանաչել են Արցախի անկախութիւնը, եւ սա ինքնին մեծ յաղթանակ է, որ հնարաւոր է դարձել Հայ Դատի յանձնախմբի եւ համայնքի համագործակցութեամբ: Սա մեր մեծ ձեռքբերումներից է», յայտարարեցին յանձնախմբի Հոլիվուդի մասնաճիւղի խորհրդի անդամները:

«Զարթօնք արուեստի միջոցով» ձեռնարկին մասնակցում էին նաեւ նկարիչներ, որոնց աշխատանքները զարդարում էին սրահը: Ներկաներն առիթ ունեցան անձամբ ծանօթանալու ժամանակակից նկարիչներ Վահան Դէմիրճեանին, Լիւսի Սեմերջեանին ու Աւետիք Քրտիքաշեանին, «Մուրադեան» պատկերասրահն էլ ներկայացրել էր Սեմ Զումեանի, Էմիլ Կազազի, Գառզուի, Սարգիս Համալբաշեանի, Վահէ Բերբերեանի, Ռուբէն Աբովեանի աշխատանքները:

Ձեռնարկի այցելուները առիթ ունեցան ծանօթանալու նաեւ Հայ ֆելատելիստների միութեան անդամների կողմից ներկայացուած դրոշմանիշների բացառիկ նմուշների: «Ինչպէս երգը, պարը մշակոյթի մասն են, այնպէս եւ՝ դրոշմանիշները, որ մէկտեղում են հինը եւ նորը», նշեցին միութեան ներկայացուցիչները: Ցուցանմուշների շարքում էին Հայաստանի Առաջին Հանրապետութեան, Արեւմտեան Հայաստանի տարբեր նահանգների նկարներով բացառիկ դրոշմանիշներ, Վիլեամ Սարոյեանի, Յովհաննէս Այվազովսկու եւ այլ ոլորտների յայտնի հայ անհատների նկարներով նմուշներ՝ թողարկուած տարբեր երկրներում: Այցելուներն առիթ ունեցան նաեւ գնելու գրքեր, որ ներկայացնում էր «Սարդարապատ» գրատունը:

Յատկանշական էր, որ ձեռնարկի շուրջ երկու հարիւր այցելուների շարքում տարբեր տարիքային խմբի ներկայացուցիչներ էին, ովքեր նոյն ոգեւորութիւնն ապրեցին. «Մեզ համար հայ արուեստի իւրաքանչիւր ցուցադրութիւն տօն է», նշում էին հիւրերը՝ համոզմունք յայտնելով, որ մեր լեզուն եւ մշակոյթն է Սփիւռքում հայ ազգի պահպանման հիմնական գրաւականը:

Հայ Դատի Հոլիվուդի յանձնախմբի մշակութային միջոցառումը, կարելի է վստահաբար փաստել, համահունչ էր խորագրին: «Զարթօնք արուեստի միջոցով» ձեռնարկը նաեւ լաւագոյն առիթ էր միաւորելու Հոլիվուդում գործող հայկական կազմակերպութիւնների՝ Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան «Մուսա լեռ» մասնաճիւղը, ՀՕՄի Մայր մասնաճիւղը, ՀՄԸՄի Լոս Անջելեսի մասնաճիւղը, Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանը համահովանաւորն էին այս գեղեցիկ մշակութային տօնի: Հիւրերը նաեւ առիթ ունեցան ճաշակելու Լոս Անջելեսում յայտնի «Հանգրի Նոմադ Գուրմէ Ֆուդ Թրաք»ի (HungryNomadTruck.com) համադամ ուտեստները, որ տրամադրել էր Թինա Երէցեանը:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ