Եղիսաբեթ Չուլջյան. Ժամանակն է ներգրավվել ԱՄՆ նախագահական ընտրապայքարի մեջ եւ առաջ մղել հայկական հարցերը

(news.am) Պետք է ներգրավվել ԱՄՆ նախագահական ընտրապայքարի մեջ եւ առաջ մղել հայկական հարցերը: Այս մասին, նշել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Եղիսաբեթ Չուլջյանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Նախագահ Օբաման ժամանակին նախագահական իր արշավի ընթացքում, մեծ խոստումներ տվեց ամերիկահայ գաղութին, խոստումներ, որ որպես նախագահ ինքը պիտի ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, խոստումներ, որ պիտի Ամերիկան օժանդակությունը ցուցաբերեր Հայաստանին, որ պիտի պաշտպաներ Արցախի ազատ, անկախ իրավիճակը»,-ասել է Եղիսաբեթ Չուլջյանը: Նա հույս է հայտնել, որ Օբաման իր նախագահության շրջանում եւս մեկ հնարավորություն ունի Հայոց ցեղասպանության առումով իր խոստումը կատարելու հարցում:

«Հիմա ժամանակն է իրենց հարցադրումները տալ, իրենց պատասխանները լսել կարեւոր հայկական հարցերի գծով: Երկրորդ աշխատանքը այս ամենում այն, որ պետք է մասնակից դառնալ ընդհանուր ամերիկյան կարեւոր ընտրական պայքարի մեջ»,-ասել է Չուլջյանը:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին նույնպես անդրադարձել է այս թեմային՝ նշելով. «Երբ նայում ենք, որ Բարաք Օբամայի առաքելությունը եւ ԱՄՆ ինչ դեր ունեն աշխարհում մարդու իրավունքների հարցում, մենք ջանում ենք, որ նախագահը ցեղասպանության վերաբերյալ ընտրարշավի ժամանակ տված խոստումը պահի»:

Ինչ վերաբերում է 2016թ. նախագահական ընտրություններին, նա նույնպես ընդգծում է հայերին հուզող թեմաները բարձրաձայնելու հարցը: «Հարկավոր է նայել թեկնածուների՝ հայերին հուզող հարցերի շուրջ նախկին գործողություններին: Ոմանք նախկինում անդրադարձել են մեզ հուզող թեմաներին, սակայն, մի քանիսն էլ ընդհանրապես չեն շոշափել ցեղասպանության, Հայաստանի ֆինանսավորման Ղարաբաղի ֆինանսավորման, Ադրբեջանի կողմից սահմանը խախտելու թեմաները: Կարծում եմ հարկավոր է, որ Ամերիկայի հայ ընտրողները բարձրաձայնեն իրենց կարծիքը եւ հասկանալի դարձնեն մեր խնդիրները»,-ընդգծել է Արդունին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում 2016թ. նախագահական ընտրապայքարը շարունակում է անակնկալներ մատուցել՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու բերնի Սանդերսը Նյում Հեմշերում հավաքել է ձայների մեծամասնությունը՝ ձայների քանակով առաջ անցնելով Հիլարի Քլինթոնից: Իսկ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփն էլ նոր մրցակից է ձեռք բերել՝ հանձին Օհայոյի նահանգապետ Ջորջ Քասիքի:

Նյու Հեմշերիի նախնական ընտրություններ արդյունքները ստիպեցին նախագահի թեկնածուներ Քրիս Քրիստիին եւ Քայլի Ֆիորինային դուրս գալ ընտրապայքարից: