Ալիեւը Սերժ Սարգսյանի հետ չհանդիպելու համարձակություն չունեցավ

(ԱՌԱՎՈՏ) «Մենք պետք չունեինք Ալիեւին սպասելու, որ այդպես ասեր, որովհետեւ դրանից ավելի չի լինի, քանի Ալիեւը կա: Ալիեւը դժգոհ է բանակցությունների ընթացքից, առաջարկված լուծումից: Այնպես չի, որ մենք, որպես Դաշնակցություն, խանդավառված ենք այդ լուծումով, բայց Ալիեւը կտրուկ դեմ է, օրինակ, ինքնորոշման իրավունքի սկզբունքից եւ փորձում է ամեն կերպ ԵԽԽՎ-ի եւ այլ հարթակներ տանելով՝ շրջանցել այդ գործընթացը»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ Սերժ Սարգսյանի եւ Ալիեւի՝ Բեռնում կայացած հանդիպման մասին Ալիեւի հայտարարության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահն այդ հանդիպման հետ կապված հայտարարել էր, թե դա ձեւական բնույթ է կրել:

Կիրո Մանոյանի խոսքերով՝ Ալիեւից կարելի էր ակնկալել, որ չմասնակցեր այդ հանդիպմանը, բայց դա էլ չարեց. «Դրա համարձակությունն էլ նա չունեցավ, որովհետեւ պիտի մեղադրվեր: Բայց ամեն դեպքում մեղադրվում է, որովհետեւ ինքը փոխադարձ վստահություն հաստատելու այդ նախաձեռնություններին դեմ է, բոլոր գործնական առաջարկներին դեմ է: Իսկ իր այդ վերջին հայտարարությունը ցույց է տալիս, որ ինքը պարզապես իրականության մեջ այդ հանդիպումից դժգոհ է, որովհետեւ որեւէ արդյունք չստացավ այդ հանդիպումից: Նորմալ չէ, որ ինքն է բնութագրում այդ հանդիպումը ձեւական: Նորմալ կլիներ, որ մենք բնութագրեինք այդպես: Իսկ երբ ինքն է դա ասում՝ որպես մասնակից, դերակատար, դա արդեն ցինիզմ է: Կարծում եմ, ցույց է տալիս, որ ինքն ընդհանրապես այս հարցում լուրջ չի: Անհրաժեշտ է, որ միջազգային համայնքն արդեն կտրուկ կեցվածք դրսեւորի: Օրինակ, պետք է ցույց տան, որ այսպես թե այնպես Ղարաբաղի անկախությունը կճանաչեն, եթե Ադրբեջանը շարունակի այս վերաբերմունքն ունենալ: Այս ձեւով, եթե մենք էլ աշխատանք տանենք, միջազգային հանրությունն էլ հասկացնի Ադրբեջանին, որ ամեն ինչ չափ ու սահման ունի, չի կարելի կամայականորեն տասնամյակներ այս հարցը քաշքշել, ի վերջո արդյունք կլինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ