ԱՄՆ Կոնգրեսում կանցկացվի Լեռնային Ղարաբաղին նվիրված փակ քննարկում

(news.am) Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հունվարին կազմակերպելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը նվիրված դռնփակ քննարկում, որին հրավիրված է նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանը:

«Մենք կցանկանայինք, որ բաց լսում լիներ, բայց այս մասին դեռեւս չի հայտարարել հանձնաժողովի նախագահը»,- ասաց Չուլջյանը:

Նշենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը եւ անդամ Էլիոթ Էնգելը դեռ շաբաթներ առաջ նամակով կոչ են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին` Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ցուցաբերած կեղծ հավասարության ձախողված քաղաքականությունը փոխելու կառուցողական, հաշվետվողականության վրա հիմնված մոտեցմամբ: