«Վերադարձի ժամանակը»

«ԱԼԻՔ» – «Վերադարձի ժամանակը» լրագրող-վերլուծաբան Նայիրի Հոխիկեանի հեղինակած ֆիլմաշարի 5-րդ մասը՝ «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ առաջին անգամ յանձնւեց իրանահայ հանդիսատեսի դատին՝ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան յարկի ներքոյ:
Ֆիլմաշարի այս հատւածը կրում էր «Սասունցիների պարը» խորագիրը: Այստեղ հեղինակը արտացոլել եւ լուսարձակի տակ էր առել թաքուն կամ ինչպէս յաճախ ենք ասում ծպտեալ հայերի գոյութեան իրական փաստը Արեւմտահայաստանի Սասուն էրգրում:
151126a03bՃակատագրերի իրական եւ յուզիչ պատմութիւններ, հարազատների հանդիպումներ… Ճակատագրեր, որոնք 100 տարի անց էլ, յուզում են մարդկանց հոգիները:
Մինչ ցուցադրութիւնը «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախագահ Արամ Շահնազարեանը ամփոփ խօսքով ներկայացրեց ֆիլմի հեղինակին եւ խօսեց ֆիլմաշարի մասին:
Պէտք է նշենք, որ ցուցադրութիւնը մեծ ընդառաջում գտաւ հանդիսատեսի կողմից, դա էր վկայում փաստա-վաւերագրական ֆիլմի աւարտին ներկաների յուզախառն ու բուռն ծափահարութիւնները, ովքեր աւելի ուշ մօտենում էին հեղինակին՝ շնորհաւորելու եւ ֆիլմաշարից հարցեր ուղղելու:
Վերջում արտայայտւեց «Հայ Դատն այսօր» 12-րդ խորհրդաժողովի հրաւիրեալ-զեկուցաբեր նախկին դիւանագէտ Արման Նաւասարդեանը եւ ապա՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:
Սրբազան Հայրը իր խօսքում բարձր գնահատեց Նայիրի Հոխիկեանի մասնագիտական աշխատանքը եւ խօսեց նման փաստագրութիւնների ու ազգային հոգեկերտւածքի մասին:

Լուսանկար՝ Արամ Շահնազարեան, Նայիրի Հոխիկեան