«Հայաստանի անկախությունը գերագույն արժեք է». Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Մոսկվայում

(ԱՌԱՎՈՏ) Մոսկվայի հայկական և ազգերի մշակույթի թանգարանում, որը գտնվում Հայկական եկեղեցական համալիրի տարածքում, տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձին: Դրան մասնակցեցին հոգևոր, հասարակական և մշակույթի գործիչներ, ուսանողներ, ՌԴ մայրաքաղաքի մտավորական հասարակայնությունը: Մոտ երկու հարյուր մասնակցով միջոցառման կազմակերպիչը Հայկական թանգարանն էր: Դրա ժամանակ ներկայացվեց երկու զեկուցում: Թանգարանի գիտաշխատող Հայկ Մարտիրոսյանը հայերեն լեզվով նկարագրեց հայկական պետականության կայացման պատմական փուլերը:

Յուրի Նավոյան «Անկախ հայկական պետությունը ամեն մի հայի հիմնական այցեքարտն է»

«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը իր զեկուցումը նվիրեց հայերի, տարածաշրջանային քաղաքականության և միջազգային հարաբերություններում հայկական գործոնի ներկայացման համար անկախ հայկական պետության ժամանակակից նշանակությանը: «1991 թ. սեպտեմբերի 21–ին Հայաստանի Հանրապետությունը ստեղծվեց իբրև հայկական պետական ավանդույթների վերածնման խորհրդանիշ և որպես հայերի ինքնակազմակերպման ձև: Հայերիս համար դա ունի նաև հոգեբանական նշանակություն: Հարուստ մշակութային ժառանգություն ունեցող և համաշխարհային մշակույթում ներդրում կատարած ազգը մոտ հազար տարվա ընթացքում զրկվել էր իր պետականությունից», նշեց զեկուցողը:

Պատմական իրադարձությունների արդյունքում, հատկապես 1915 թվականից հետո, հայերը տարածվեցին ողջ աշխարհում: «Այսօր հենց անկախ հայկական պետությունն է հանդիսանում ամեն մի հայի հիմնական այցեքարտը` ուր էլ որ նա գտնվի: Հայկական պետությունը թույլ է տալիս, որ հայերը իրենց միասնական ազգ զգան, – ասաց Նավոյանը: – Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է հայ ազգի կայուն զարգացումը»:

Հայերը դարեր շարունակ եղել են տարբեր կայսրությունների և պետությունների օրինակելի քաղաքացիներ` պահպանելով իրենց ինքնությունը, նշեց զեկուցողը: «Դրա հետ մեկտեղ նրանք զրկված են եղել հայկական պետության քաղաքացի լինելու և սեփական, հայկական բանակում ծառայելու հնարավորությունից: 1991 թ. սեպտեմբերի 21–ին նրանք ձեռք բերեցին այդ հնարավորությունը», ասաց Նավոյանը:

Այսօր Հայաստանը, իբրև միջազգային իրավունքի սուբյեկտ, լիարժեքորեն մասնակցում է միջազգային հարաբերություններին և դաշնակցային հարաբերություններ է զարգացնում Ռուսաստանի հետ: Այդ հարաբերությունները իրոք ռազմավարական բնույթի են, քանի որ ընդգրկում են կենսագործունեության բոլոր ոլորտները և երկարաժամկետ են:

Խոսելով Հայաստանի անկախության մասին, Յուրի Նավոյանը նշեց, որ այն կայանում է դժվար աշխարհաքաղաքական և միջազգային հարաբերությունների որոշակի ամպամածության պայմաններում: Հայաստանը, մաս կազմելով որոշ ռազմա-քաղաքական և տնտեսական միությունների, նրա խոսքերով, միաժամանակ հավասարակշռություն է պահպանում համաշխարհային քաղաքականության հիմնական կենտրոնների հետ և վարում է անկախ և ինքնուրույն քաղաքականություն:

Զեկուցողը հատուկ ընդգծեց, որ Հայաստանի անկախության հայեցակարգում հատուկ տեղ է հատկացված Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին:

«Ցանկանում եմ խոսել նաև Ռուսաստանի համար Հայաստանի նշանակության մասին: Հենց Հայաստանի դիրքորոշումը իննսունական թվականներին թույլ տվեց Ռուսաստանին մինչև օրս գտնվելու Հարավային Կովկասի տարածաշրջանում: Ավելին, Հայաստանի դիրքորոշումը կարող է ազդել ողջ տարածաշրջանի արտաքին կողմնորոշման վրա: Ինձ թվում է, և այս կարծիքը բաժանում են շատ քաղաքագետներ, որ Հայաստանը որոշակի իմաստով հանդիսանում է Ռուսաստանի չգնահատված գործընկերը», իր տեսակետը հայտնեց Նավոյանը:

Ըստ նրա, այսօր ավելի բովանդակալի օրակարգի կարիք կա, որի նախաձեռնողը կարող է լինել ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Հայաստանը: «Հայ-ռուսական քաղաքական և տնտեսական օրակարգը պետք է լրացնել նոր որակի ծրագրերով, որպեսզի Հայաստանն ու Ռուսաստանը կարողանան համատեղ հաղթահարել միջազգային հարաբերությունների ներկայիս ոչ պարզ փուլը», համարում է Յուրի Նավոյանը:

Լինելով ամենաբազմաքանակը, Ռուսաստանի հայ համայնքը բոլոր առումներով հանդիսանում է կապող օղակ Ռուսաստանի և Հայաստանի միջև: Դրանք ամենօրյա բարեկամական կապերն են, դրամական փոխանցումները, որակով տնտեսական ծրագրերը, մշակութային նախաձեռնությունները, միջպետական ծրագրերի արդյունավետ իրացմանը ցուցաբերվող աջակցությունը: Դրա շնորհիվ այսօր Ռուսաստանի հայությունը Հայաստանի սոցիալ-տնտեսական կայուն զարգացումը ապահովող զգալի գործոն է դարձել:

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի անկախությունը գերագույն արժեք է ողջ հայության համար: Այն որևէ զիջման ենթակա չէ, որովհետև հայությունը զարգանալու է միայն ինքնակազմակերպված ձևով, ազգային պետության տեսքով, – նշեց զեկուցողը: – Իսկ ազգային պետությունը, լինելով միջազգային իրավունքի սուբյեկտ, կարող է իրավահավասարության հիմունքով գործընկերներ ընտրել և որոշակի տնտեսական ու ռազմա-քաղաքական միությունների անդամ լինել»:

Զեկուցողների և միջոցառման մասնակիցների միջև հարց ու պատասխանից հետո տեղի ունեցավ տարբեր ժամանակների հայկական ազգային տարազների ցուցադրություն, որը ներկայացրեց «Տերյան» կենտրոնը: Այնուհետև մասնակիցները ծանոթացան Մոսկվայի հայկական թանգարանի ցուցադրությանը, ուր ներկայացված է հայ ժողովրդի ողբերգական ու հերոսական պատմությունը:

Հայաստանի անկախությունը ազգային ինքնուրույնության կարևոր գործոն է

«Քսանչորս տարի առաջ Հայաստանը անկախ պետություն դարձավ: Անձամբ ինձ համար սա կարևոր օր է, – ասում է Քնարը, Հաղորդակցության ուղիների Մոսկվայի պետական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանողուհին: – Մենք մեր Հայրենիքն ունենք, դրա գիտակցությունը մեզ ապագայի վստահություն է տալիս և ազգային ինքնուրույնության դրսևորման գործոն է»:

Շինարարական ինստիտուտի շրջանավարտ Անահիտը ծնվել է 1991 թ.: «Մենք մեր Հայրենիքի հետ միասին վստահորեն դեպի լուսավոր ապագա ենք շարժվում, – ասում է նա: – Այժմ ես Հայաստանից հեռու եմ ապրում, բայց երբ մեկնում եմ այնտեղ, զգում եմ, որ այնտեղ հատուկ օդ է, հատուկ մարդիկ են: Դա անհամեմատելի է: Ինձ համար սեպտեմբերի 21–ը ոչ միայն տոնական օր է օրացույցում, այլ հոգեվիճակ»:

Հայ ժողովուրդը նվաճել է իր ազատության իրավունքը, նշում է Հայկական թանգարանի աշխատակից Աշոտ Ավետիսյանը: «Ես վստահ եմ, որ հայ-ռուսական գործընկերությունը և բարեկամությունը, ազգային և պետական շահերը միշտ որոշիչ են լինելու ժամանակակից աշխարհակարգում, – իր տեսակետը ներկայացրեց մեր զրուցակիցը: – Անկախությունը նպաստում է գործընկերությանը և հակառակը»:

Ելենա Խրուստալևա

«Կավկազսկի ուզելի» թղթակից

Նկար՝ Յուրի Նավոյան