Նախաձեռնութեամբ շրջանի Հայ Դատի «Արձագանգ» քարոզչական յանձնախմբի՝ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած գիտաժողովի Հայաստանից ժամանած դասախօսների հետ ժողովրդական հանդիպում՝ Նոր Ջուղայում

(ԱԼԻՔ) Շրջանի Հայ Դատի «Արձագանգ» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ՝ ուրբաթ, մայիսի 22-ի երեկոյեան, Նոր Ջուղայում, Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիի սրահում, կազմակերպւել էր ժողովրդական հանդիպում, որտեղ ներկաներն առիթ ունեցան հանդիպելու Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած «Հայոց Ցեղասպանութիւն, պատմութիւն, դատապարտում եւ փոխհատուցում» խորագրով գիտաժողովի շրջագծում Հայաստանից ժամանած հինգ զեկուցաբերներ՝ «Մոդուս Վիւենդի» հասարակական ուսումնասիրութիւնների կենտրոնի ղեկավար, նախկին դիւանագէտ Արա Պապեանին, պատմ. գիտ. դոկտոր (ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտ) Էդւարդ Դանիէլեանին, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ (ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտ) Արմէն Մարուքեանին, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր (ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտ) Գէորգ Ստեփանեանին եւ «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն» գիտա-հետազօտական հիմնադրամի թուրքերէն բաժնի պատասխանատու, պատմ. գիտ. թեկնածու Մելինէ Անումեանին։
Ծրագրին ներկայ էին քահանայից դասի, ազգային մարմինների, միութիւնների եւ հայոց ազգային դպրոցների ներկայացուցիչները եւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի հայ համայնքների անդամները։
Սկզբում կազմակերպիչ յանձնախմբի անունից բարի գալստեան խօսքով հանդէս եկաւ Սօսէ Պօղոսեանը, որից յետոյ նախ Արա Պապեանը դասախօսեց «Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան վերականգնումը, հիմնախնդիրներն ու հեռանկարները» նիւթի շուրջ, ապա Մելինէ Անումեանը ելոյթ ունեցաւ «Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը երիտթուրքերի դատական վաւերագրերում» թեմայով։
Իւրաքանչիւր ելոյթի աւարտին, ներկաներն իրենց յուզող հարցերի պատասխաններն ստացան դասախօսներից եւ առիթ ունեցան իրենց տեսակէտներն արտայայտելու արծարծւած թեմաների շուրջ, որոնցով առաւել մանրամաս քննարկւեցին դասախօսական թեմաները։

Թղթակից (Նոր Ջուղա)