Հայաստանի համար ՀՀ-ԵՄ հռչակագիրը Ռիգայում դրական արդյունք կլինի

(168.am) Մեր զրուցակիցն է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը։

– Պարոն Դեմիրճյան, Եվրամիության նախագահող երկրի` Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսն օրերս ասել էր, որ Ռիգայի գագաթաժողովի հռչակագրի մաս կարող է կազմել նաև Հայաստանի հետ նոր համաձայնությունը, բնականաբար` հաշվի առնելով ՀՀ-ի` ԵՏՄ անդամակցությունը։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանն ու Եվրոպական միությունը դեռ չեն սկսել համաձայնագրի մշակման պաշտոնական բանակցությունները, խոսքը հենց համաձայնագրի՞ ստորագրման, թե՞ հռչակագրի մասին է, ի՞նչ նկատի ուներ Լատվիայի ԱԳ նախարարը` Ձեր կարծիքով։

– Վերջին մի քանի ամիսների ընթացքում, հատկապես Եվրանեսթի ԽՎ Երևանում անցկացված լիագումար նիստից հետո, Հայաստանն ու Եվրոպական միությունը կարողացել են սեպտեմբերի 3-ից հետո հարաբերություններում նոր էջ, նոր տրամադրվածություն բացել։ Երկու կողմերը, ինչպես բազմիցս ասել եմ, վերահաստատել են համաձայնագիր ստորագրելու իրենց հանձնառության մասին։

Բացի Լատվիայի ԱԳ նախարարից, վերջին մի քանի ամիսների ընթացքում անընդհատ խոսվել է այն մասին, որ կողմերը պետք է ինչ-որ բան ստորագրեն Ռիգայում, որը պետք է խթանի Հայաստան-ԵՄ հարաբերությունները և ծրագրերը` հատկապես Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչի ուղղությամբ։ Այսինքն` դա կարող է լինել հռչակագիր այն մասին, որ ապագայում լինելու է նման համաձայնագիր Հայաստանի և Եվրոպական միության միջև։ Առայժմ այսքանը, ավելի հստակ բան չկա, թե ինչ պետք է լինի։

– Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել էր, որ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի հանդեպ Մոսկվայի արձագանքը կլինի կոշտ ու սկզբունքային, և, որ այդ հանդիպումն ունի ակնհայտ հակառուսական ուղղվածություն։ Այսինքն` չի՞ բացառվում, որ Ռուսաստանը սահմանափակի ՀՀ-ԵՄ նոր ծրագրերի իրականացումը, քանի որ Մոսկվան արդեն կոշտ արձագանքներով է սպառնում Եվրոպական միությանը։

– Ամեն ինչ կարող է պատահել Ռիգայում։ Ինչպես որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի հայտարարությունը չէինք կարող սպասել, այնպես էլ նորանոր նման հայտարարություններ չենք կարող սպասել և կանխավ ասել այդ մասին։ Այն, որ ռուսական ճնշումներ կան, այո, բնականաբար կան, այն, որ ընդհանրապես ՌԴ-ն ԵՄ-ին լավ աչքով չի նայում, դա էլ գաղտնիք չէ, և այն, որ ռուսները ցանկանում են ԱլԳ տարածաշրջանի երկրներին իրենց անմիջական ձեռքի, վերահսկողության տակ առնել, դա ևս նորություն և զարմանալիք չէ։

Բայց, խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին, պետք է նկատի ունենալ, որ Հայաստանն արդեն ԵՏՄ անդամ է, և պարզապես Հայաստանի դեպքում խոսքը քաղաքական բարեփոխումների մասին է, ՀՀ-ԵՄ լավ հարաբերությունների մասին, որը պետք է ամրագրվի համաձայնագրում։ Ներկայումս դրանից ավելին չկա, որպեսզի Ռուսաստանն այն ընկալի` որպես սպառնալիք, և խոչընդոտի։

– Այսինքն` այն, ինչ պետք է ստորագրվի, Ասոցացման համաձայնագրից շատ ավելի ցածր է լինելու։

– Ընդհանուր առմամբ լինելու է Ասոցացման համաձայնագիրն առանց տնտեսական բաղադրիչի, որովհետև դա է բացառում ՀՀ-ի` ԵՏՄ անդամակցությունը։

– Ըստ Ձեզ, այդ նոր համաձայնագիրը սպառնալիք չի՞ համարի Ռուսաստանը։ Չէ՞ որ խոսքը բարեփոխումների, քաղաքական հարաբերությունների մասին է։

– Չեմ կարծում, որ այդ համաձայնագիրը Ռուսաստանը կընկալի սպառնալիք իր շահերի դեմ, քանի որ, ինչը կարևոր է Ռուսաստանի համար, այսինքն` տնտեսական հարաբերությունները, Հայաստանը ԵՄ-ի հետ չի ունենալու հատուկ պայմանավորվածություններ։ Ընդհանուր բարեփոխումների փաթեթի մասին է խոսքը, որոնք Հայաստանն ամբողջացրել է արդեն վաղուց։ Տեսնենք` հստակ բան չկա, բնականաբար։ Հասկանալի է, որ տարածաշրջանը, Արևելյան հարևանության երկրները ճնշման տակ են թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպական միության կողմից։ Ունենք Վրաստանի օրինակը, Մոլդավայի օրինակը, Բելառուսն արդեն ռուսական արբանյակ է դարձել և ԵՄ-ի հետ գրեթե կապ չունի, Հայաստանն արել էր ամեն ինչ, սակայն տեղի ունեցավ սեպտեմբերի երեքը, Ուկրաինայում իրավիճակն անորոշ է, մնում է Ադրբեջանը, որը չի ցանկանում ԵՄ-ի հետ որևէ կապ ունենալ, բացի էներգետիկ հարաբերություններից։

– Թեև Ֆեդերիկա Մոգերինին և Յոհաննես Հանը հայտարարում էին, որ ԵՄ-ն վերանայում է Հարևանության քաղաքականությունը, այսօր ևս այդ քաղաքականությունը` հատկապես ԱլԳ ապագան, անորոշ է, քանի որ բոլոր երկրները զարգացման տարբեր ուղիներ են որդեգրել։

– Այո, կարելի է այդպես համարել, և հենց այս պատճառով է, որ Եվրոպական միությունը պետք է վերանայման ենթարկի Արևելյան հարևանության ծրագիրը և յուրաքանչյուր երկրի համար պետք է առանձնացնի փոփոխություններ և առաջարկներ, բարեփոխումներ։ Սրանք պետք է քննարկման դրվեն, այսօր պետք է քննարկվի` ինչ էր ծրագիրը, ինչ է, և ինչ նոր հնարավորություններ կան` հաշվի առնելով վերջին շրջանի հսկա փոփոխութունները, որովհետև առանց Ուկրաինայի ամբողջական մասնակցության, ԱլԳ-ն այնքան էլ ձեռնտու չէ Եվրոպական միությանը, քանի որ Ուկրաինան այս երկրների շարքում ամենամեծն ու ամենահզորն էր, և ծրագիրը մշակվել էր` հաշվի առնելով Ուկրաինայի մասնակցությունը։

– Պարոն Դեմիրճյան, այնուամենայնիվ Ռիգայում կայանալիք գագաթաժողովի օրակարգի վերաբերյալ հակասական տեղեկություններ են տարածվում։ Կարծիքներ կան, որ օրակարգը հագեցած չի լինելու, պարզապես արդյունքներ են ամփոփվելու, ապա խոսվում է Հայաստանի հետ համաձայնագիր կնքելու հարցն օրակարգում ներառելու մասին, երբ Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու հարցը դեռ առկախված է։ Ի վերջո, ի՞նչ կարելի է սպասել Ռիգայից։

– Եթե Ռիգայից Հայաստանը դրական մոտեցմամբ վերադառնա, ապա շատ լավ կլինի, դրական մոտեցում ասելով` նկատի ունենք այն, որ ամրագրվի, որ ԵՄ-ն ցանկանում է Հայաստանի հետ կապերը շարունակել և ոչ թե` խզել, խոսք լինի ապագայի համաձայնությունների մասին։ Կարծում եմ, սա բավարար կլինի` հաշվի առնելով տարածաշրջանի և ոչ միայն` Հայաստանի պատկերը, որովհետև եվրոպացիները սկսել են հասկանալ, որ, դժբախտաբար, առանց Եվրոպական միություն-Ռուսաստան կապերը բարելավելու, տարածաշրջանն ընդհանրապես այս կախյալ վիճակի մեջ պետք է մնա, և բևեռացումներ տեղի կունենան, կշարունակվեն։

Նկար – Պետո Դեմիրճյան 2013ի հոկտեմբերին, Քիշնեւում, ԱլԳ Քաղաքացիական Հասարակության Ֆորումին ԵՄից մասնակցելու ընտրված՝ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի ներկայացուցիչ: