Կիրո Մանոյան. Թուրքիան պարտություն է կրել քարոզչական պայքարում

(news.am) Այս պահին Թուրքիան պարտություն է կրել քարոզչական պայքարում։ Այս մասին ապրիլի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ «Հայ Դատի» գրասենյակի՝ քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը։

Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին համաշխարհային արձագանքը գերազանցեց սպասելիքները. Դրան նպաստեցին բազմաթիվ իմպուլսներ, օրինակ, Հռոմի Պապի ելույթը եւ Թուրքիայի ոչ ադեկվատ արձագանքը։ «Իհարկե այնտեղ նույնպես ներկա էին նախագահներ, սակայն ակնհայտ է, որ միջազգային հանրության արձագանքը այնպիսին չէր, ինչպիսին որ թուրքերը սպասում էին»,- ընդգծեց Մանոյանը։

Նա հավելեց, որ այս տարի պլանավորվում են փոխհատուցման խնդիրներին վերաբերող գործընթացներ։ «Առաջինը ՄԻԵԴ-ում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործընթացն է, որի հարցում որոշումը կայացվելու է աշնանը։ Երկրորդ գործընթացը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի դիմումն է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով վերադարձնել պատմական Կիլիկիայի տարածքում գտնվող Սիսի նստավայրը եւ կալվածքը»,- հիշեցրեց Մանոյանը։

Նա նշեց, որ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը փաստաթղթերի իրավական փաթեթ է պատրաստում։ «Սեպտեմբերին կկայանա Պետական հանձնաժողովի 6-րդ նիստը, եւ ես վստահ եմ, որ կներկայացվի փաստաթղթերի եւ իրավական պահանջների փաթեթի զեկույցը»,- եզրափակեց ՀՅԴ «Հայ դատի» գրասենյակի ղեկավարը։

Հայաստանը կարող է անելանելի վիճակում հայտնվել արձանագրությունների պատճառով

Հաշվի առնելով Անկարա-Բաքու հարաբերությունները՝ շատ քիչ հավանական է, որ Թուրքիան կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները։ Այս մասին ապրիլի 29-ի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայ դատի գրասենյակի՝ քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է վավերացնել արձանագրություններն այն պահին, երբ դրանք կվավերացնի Թուրքիան։ «Մենք՝ ՀՅԴ-ն դեմ ենք այդ մոտեցմանը, այսինքն՝ արձանագրություններին, հետեւաբար ասում ենք, որ պետք է հնարավորինս շուտ հետ կանչել Հայաստանի ստորագրությունը այդ արձանագրություններից»,- ասաց Մանոյանը։

Նա անհանգստություն հայտնեց այն կապակցությամբ, որ Հայաստանը կարող է հայտնվել անելանելի դրության մեջ։ «Եթե հանկարծ Թուրքիան, Հայաստանին նեղ դրության մեջ գցելու նպատակ ունենալով, վավերացնի արձանագրություններից մեկը, որը ինչ-որ քայլեր կատարելու ժամկետներ չի պարտադրում, այդ դեպքում դժվար կլինի աշխարհին բացատրել, թե ինչու մենք չենք վավերացնում այդ փաստաթուղթը։ Երկու արձանագրությունները մեկ ամբողջություն են կազմում, եւ մեկն առանց մյուսի իմաստ եւ արժեք չունի»,- ընդգծեց Մանոյանը։

Գերմանիան այն պետությունը չէ, որ ենթարկվի թուրքական ճնշումներին և սպառնալիքներին. Կիրո Մանոյան

(tert.am) ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկության հետաձգմանն ասաց, որ կարծում է, թե Գերմանիան այն պետությունը չէ, որ ենթարկվի թուրքական ճնշումներին և սպառնալիքներին:

Նա նկատեց, որ Գերմանիայի Նախագահը իր խոսքում հայտարարել է, թե կատարվածը համարում է Ցեղասպանություն, ինչպես նաև բոլոր կուսակցություններն են այդպես համարել:

«Գործընթացը շարունակվում է, և երևի իրենք փորձում են այնպես անել,որ գործընթացն անխոցելի լինի և ոչ մեկ չկարողանա առարկել»,- ասաց Կիրո Մանոյանը և հավելեց, որ Գերմանիայում այնպիսի մթնոլորտ է ստեղծված, որ հնարավոր չէ հետ քայլ անել: Նա նշեց, որ այստեղ ոչ թե հայի և թուրքի խնդիրն է, այլ՝ ճշմարտության և ճշմարտությունը խեղաթյուրելու:

Ինչ վերաբերում է Բելառուսի պահվածքին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում, նա ասաց, թե կարծում է, որ Բելառուսն այն երկիրն է, որի կեցվածքն այնքան էլ կարևոր չէ թե՛ մեր, թե՛ աշխարհի համար: