«Թուրքիան մեծ ճնշման տակ է»

(yerkir.am) ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը Yerkir.am-ի հետ զրույցում, գնահատելով ապրիլի 24-ի նախօրեին Հայոց ցեղասպանության ճանաչման ազդեցության գործընթացները, հատկապես` Վատիկանում Հռոմի պապի ելույթից հետո, ասաց, որ Հայաստանը հասել է մի հանգրվանի, երբ տարբեր նախաձեռնություններ, մեկը մյուսին հաջորդելով, մեծ ալիք են ստեղծել, և այդ համատեքստում դժվար է ասել, թե որևէ իրադարձություն որ քայլերի արդյունքում հնարավոր դարձավ:
«Վատիկանում տեղի ունեցածը` Պապի ուղերձը, հայ կաթողիկոսների ելույթները բավական մեծ լսարան ունեցան: Հռոմի պապն անդրադարձավ ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլ նաև մյուս ցեղասպանություններին և ժխտման քաղաքականության վատ հետևանքներին: Անշուշտ, Թուրքիայի անտրամաբանական պահվածքը ինչ-որ տեղ նպաստում է, որպեսզի մենք մեր աշխատանքների համար ավելի շատ արդյունք ստանանք, քան եթե չլիներ Թուրքիայի այս ձևի հակազդեցությունը, որը կոտրել-անցել է տրամաբանական և էթիկական բոլոր չափանիշները»,- ասաց Կիրո Մանոյանը` հավելելով, որ Թուրքիան շատ մեծ ճնշման տակ է գտնվում:
Նրա խոսքով` ապրիլի 20-ին Թուրքիայի կառավարության նիստ է լինելու, որը նախագահելու է երկրի նախագահը, իսկ դա սովորական բան չէ, և օրակարգում քողարկված ձևով կլինի Հայոց ցեղասպանության հարցը, թեև նրանք հայտարարում են, որ քննարկելու են Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումների կազմակերպչական հարցերը: