Կիրո Մանոյան. Միջազգային լրատվամիջոցներում Հայոց ցեղասպանության նկատմամբ աննախընթաց հետաքրքրություն կա

(yerkir.am) Արդեն հայտնել ենք, որ ապրիլի 12-ին Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ է մատուցվել, որի ընթացքում կաթոլիկ եկեղեցու քհանայապետը պատմական հայտարարություն է արել՝ նշելով. «Հայերի կոտորածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է»:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ, բացի Հռոմի պապի արտասանած «ցեղասպանություն» տերմինից, պատարագի ընթացքում կարևոր էր նաև հայաստանյան եկեղեցու երկու Վեհափառների խոսքը՝ ուղղված ողջ աշխարհին: «Հռոմի պապի արտասանած «ցեղասպանություն» տերմինը աննախադեպ չէ: Դա տեղի է ունեցել Հովհաննես-Պողոս պապի և Գարեգին Երկրորդ կաթողիկոսի համատեղ հայտարարություն մեջ նաև: Ֆրանցիսկոս պապի` կիրակի օրվա ուղերձում կար հղում դրան»,- ասաց Մանոյանը՝ հավելելով. «Այստեղ նորությունն այն է, որ Հռոմի պապն անդրադարձավ նաև մյուս քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանություններին, որոնք միևնույն ժամանակ կատարվեցին Օսմանյան կայսրության կողմից: Պապը Հայոց ցեղասպանությունը համարեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և անդրադարձավ ժխտման քաղաքականությանը»:

Կիրո Մանոյանի բնորոշմամբ ՝ նաև կարևոր էր ու աննախընթաց այն, որ Հայ Առաքելական եկեղեցու Վեհափառ հայրապետները հնարավորություն ունեցան աշխարհին ուղղելու իրենց խոսքը՝ արտահայտելով հայ ժողովրդի զգացողություններն ու ակնկալիքները: «Արամ Առաջինը շատ լավ հռետոր է, բայց նվազ կարևոր բաներ չասաց նաև Գարեգին Երկրորդ կաթողիկոսը՝ անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմանը, Արցախին և այլն: Երկու կաթողիկոսներն էլ հարազատորեն ներակայացրեցին հայության մտածումները, զգացումներն ու ակնկալիքները աշխարհից»:

ՀՅԴ Բյուրոյի անդամն անդրադարձավ նաև Թուրքիայի՝ իր դեսպանին հետ կանչելու հանգամանքին՝ նշելով. «Դա ավելի շատ պետք է իրենց մտահոգի, իրենք այդ քայլով հավելյալ ուշադրություն հրավիրեցին Հայոց ցեղասպանության հարցի վրա, ցույց տվեցին, որ իրենք իրականում խուճապի են մատնված և չգիտեն` ինչ անեն, պարզապես ուզում են իրենց դժգոհությունը արտահայտած լինել: Թուրքիայի վարչապետի այն դիտարկումը, թե Հռոմի պապը կողմերից մեկի ցավին է անդրադարձել, իսկ մյուսին` ոչ, նույնն է, ինչ նարինջն ու խնձորն իրար հետ համեմատելը, որովհետև եթե Օսմանյան կայսրության մեջ մուսուլմանները նույնպես սպանվել են, դրա հետ հայերը կապ չունեն, հայերը չեն դրա մեղավորը»,- ասաց Մանոյանը:

Նա նշեց նաև, որ Հայոց ցեղասպանությանն ընդառաջ տեղի ունեցող իրադարձությունները (Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան, System of a Down-ի նախատեսված այցը, պետական նախաձեռնությունները և այլն) նույն մեխին են խփում, և իսկապես արդեն աննախադեպ հետաքրքրություն կա միջազգային լրատվամիջոցներում Հայաստանի և Հայոց ցեղասպանության նկատմամբ: