Տեր-Պետրոսյանը փորձում է հայաստանյան քաղաքական օրակարգի մաս կազմել

(azatutyun.am) Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի նախագիծ է հրապարակել՝ նշելով, որ չնայած Հայաստանը աջակցում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, սակայն Ցեղասպանության ճանաչման խնդիրը չպետք է դարձնի իր արտաքին քաղաքականության հիմնաքար և Թուրքիայի առջև չպետք է դնի Եղեռնը ճանաչելու պահանջ՝ դա դիտելով վերջինիս ներքին գործը:

«Չորրորդ իշխանություն» թերթում այսօր հրապարակված 13 կետանոց նախագծում նաև կարդում ենք. – «Հանրապետությունը միաժամանակ հարկ է համարում ընդգծել, որ մտադիր չէ Հայկական սփյուռքին թելադրել իր օրակարգը, որովհետև հայ ժողովրդի աշխարհացրիվ զավակները, որպես տարբեր երկրների քաղաքացի, հարկատու և ընտրող, իրավունք ունեն ճնշում բանեցնելու իրենց կառավարությունների վրա և նրանցից պահանջելու՝ ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը»:

Ըստ Տեր-Պետրոսյանի, Հայաստանը պետք է դիմի եվրոպական երկրներին, որպեսզի նրանք Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չդիտեն Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի շուրջ ընթացող բանակցություններում:

Առաջին նախագահի խոսքով, Հայաստանը պետք է պատրաստ լինի 2009 թվականի ցյուրիխյան արձանագրությունների հիման վրա դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ «վերապահություն ունենալով միայն Ցեղասպանության եղելությունը քննելու նպատակով ստեղծվելիք հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման նպատակահարմարության վերաբերյալ»:

Տեր-Պետրոսյանը գրում է․ – «Նկատի ունենալով որոշակի առումով հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան կարգավորման խնդիրների փոխկապակցվածությունը, Հայաստանը պատրաստ է, Մադրիդյան սկզբունքների հիման վրա, խաղաղ բանակցությունների միջոցով լուծել նաև այդ հակամարտությունը՝ պայմանով, որ մինչև կարգավորման ժամանակացույցի գործադրումը հստակեցվեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի նպատակով ծրագրված հանրաքվեի անցկացման պայմանները, ժամկետներն ու իրավական հետևանքները, ինչպես նաև Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման նպատակով երկրամասում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հետ կապված հարցերը»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը պատրաստակամություն է հայտնում իր նախագծի վերաբերյալ լսել ու հաշվի առնել բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկները:

Սա ուշագրավ է նաև այն պատճառով, որ մեկ ամիս առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ առաջարկել էր նախագահ Սերժ Սարգսյանին հանդիպել ու մտքեր փոխանակել Հայոց ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզում հավուր պատշաճի ներկայացնելու շուրջ՝ մինչև այդ քննադատության ենթարկելով Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված համահայկական հռչակագիրը:

Սերժ Սարգսյանը, կտրականապես մերժելով քննադատությունը, հայտարարեց, թե պատրաստ է այնուամենայնիվ հրավեր ուղարկել՝ եթե Տեր-Պետրոսյանը համարի, որ առանձնազրույցի կարիք և ցանկություն կա: ՀԱԿ-ի խոսնակ Արման Մուսինյանն ի պատասխան հայտարարեց, որ Տեր-Պետրոսյանը լիովին բավարարված է Սարգսյանի պատասխանով և նրա հետ առանձնազրույցի անհրաժեշտություն այլևս չի տեսնում:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, թե այս հրապարակումներով Տեր-Պետրոսյանը փորձում է հայաստանյան քաղաքական օրակարգի մաս կազմել: Այլապես Հայ ազգային կոնգրեսը այլևս դուրս է այդ օրակարգից:

«Իր նույն ՀՀՇ-ական գաղափարախոսությունն է, որ այսպես ասած, համահայկական մոտեցումեր և լուծումներ չկան հարցերին: Կա Հայաստան, չակերտյալ ես կասեի՝ պետական, որովհետև դա խեղված պետական մտածողություն է և իսկական ազգային պետական մտածողություն չէ: Եվ կան մնացածը՝ սփյուռքը և այլն: Եվ այն մոտեցումը, որ սա կարող էր լավ լինել, որպեսզի Հայաստանը լավ երևա, կարծում եմ, Հայաստանը թույլ երևալով՝ անպայման լավ չի երևա: Իր 8 տարվա իշխանությունը ցույց տվեց դա, բայց ինքը չի համոզվել: Դա էլ իր իմանալիքն է», – նշեց Մանոյանը:

Սարգիս Հարությունյան