Հունաստանում արբանյակային կապով կհեռարձակվի Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը

Հունաստանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարիլիցին նվիրված ոգեկոչման գլխավոր արարողությունը կկայանա ապրիլի 19-ին Աթենքի կենտրոնական հրապարակում` Սինթաղմայում: Այդ օրը հունական պետության եւ հայ համայնքի նախաձեռնությամբ կկայանա միջոցառում, որին կմասնակցեն Հունաստանի խորհրդարանի, կառավարության ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ, մշակութային եւ հասարակական գործիչներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախմբի նախագահ Քերոբ Էքիզյանը շեշտում է, որ նախատեսվում են հույն քաղաքական գործիչների ելույթներ նույնպես: «Տեղի կունենա հատուկ եւ շատ ուժեղ միջոցառում, որից հետո մասակիցները դափնեպսակ կտեղադրեն Աթենքի խորհրդարանի դիմաց անհայտ զինվորի հուշարձանի առջեւ: Այս միջոցառումը լուսաբանվելու է Աթենքի առաջատար լրատվամիջոցներով»,- ասաց Էքիզյանը:

Ապրիլի 24-ին Աթենքում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի առջեւ տեղի կունենա հիշատակի միջոցառում: Բազմաթիվ հույն քաղաքական գործիչներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը թե՛ հիշատակի միջոցառմանը, թե՛ հաջորդիվ կայանալիք բողոքի ակցիային դեպի Հունաստանում Թուրքիայի դեսպանատուն:

«Հունաստանում արբանյակային կապով կհեռարձակվի Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Մայր տաճարում կայանալիք մեկուկես միլիոն նահատակների սրբադասման արարողությունը: Այդ կերպ հունահայերն ու Հունաստանը կմասնակցեն սրբադասման արարողությանը»,- ասաց Էքիզյանը` հավելելով, որ այդ օրը Հունաստանի հայկական բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան պատարագ:

Հիշատակի միջոցառումները միայն ապրիլ ամսով չեն ավարտվի: Ողջ տարվա ընթացքում Հունաստանի խոշորագույն քաղաքներում կանցկացվեն Հայոց ցեղասպանությանը նվիրցված միջոցառումներ` գրքի շնորհանդեսներ, ցուցահանդեսներ, գիտաժողովներ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ