Իրենք թքած ունեն արձանագրությունների վրա

(tert.am) ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված առաջարկին, որ կազմվի Հայոց ցեղասպանության հռչակագրում վերաձևակերպումների համար իրավասու անձանց շրջանակ, ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը բոլորին ձեռ է առնում: Նրա տրամաբանությամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդն էլ, նշելով, որ ԱՄՆ-ի համար շատ կարևոր է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվի, մոռանում է իր անմիջական շեֆի՝ ավելի վաղ ասածը, որ դա հնարավոր չէ, քանի դեռ ԼՂ հիմնախնդիրը չի կարգավորվել:

-Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը, անդրադառնալով նրան, որ հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ Ազգային ժողովից հետ կանչելով գործընթացն ավարտված է, նշեց, որ Հայաստան-Թուրքա հարաբերությունների կարգավորումը կարևոր էր երկու երկրների և տարածաշրջանի խաղաղության համար, ավելացրեց, որ ԱՄՆ-ը խթանելու է դրան ուղղված ջանքերը, որ Հայաստանը դուրս չի եկել գործընթացից, և որ ԱՄՆ-ի համար շատ կարևոր է, որ այն շարունակվի:

-Ամերիկյան կողմն առաջին իսկ օրվանից այդ արձանագրությունների և դրանց միջնորդ երկրների հովանավորն է, և ես կասեի՝ պատասխանատուն, որ առ այսօր դրանք կյանքի չեն կոչվել, որովհետև իրենց չի հաջողվել Թուրքիային համոզել, որ իսկապես առանց նախապայմանների սկսի։ Բայց իրենք մերժում են, իրենք էլ թքած ունեն, որ կա ինչ-որ գործընթաց, որովհետև չկա գործընթաց: Իր շեֆը մի քանի առիթներով՝ և՛ Թուրքիայում, և՛ մի քանի այլ վայրերում հայտարարել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կնորմալանան, երբ լուծվի Ղարաբաղի հարցը, կամ՝ պետք է, որ Թուրքիան մասնակից լինի Ղարաբաղյան հարցի կարգավորմանը: Սրանք լրիվ հակառակ տրամաբանությունն են այն կեցվածքին, որ ԱՄՆ-ը ուներ, երբ արձանագրությունները ստորագրվում էին: Հայաստան-Թուրքիա բնականոնացման որևէ գործընթաց չկա, և ինչ-որ չափով փորձել համոզել, շահագրգռել Հայաստանին՝ իբր մնալ այս գոյություն չունեցող գործընթացի մեջ, զուտ խաբկանք է:

-Շեֆ ասելով՝ նկատի ունեք Ջոն Քերիի՞ն:

-Այո:

-Ասում եք, որ ԱՄՆ-ն է հայ-թուրքական՝ Ցյուրիխյան արձանագրությունների հիմնական ջատագովն ու շարժիչ ուժը, սակայն կան վերլուծաբաններ, որոնք նշում են, որ իրականում ջատագովը Ռուսաստանն էր, և Արևմուտքը ներքաշվեց դրա մեջ:

-Չեմ կիսում այդ տեսակետը, շատ հստակ և զուտ՝ ամերիկյան նախաձեռնություն էր, նույնիսկ բառերը, որ օգտագործում էին, որ արձանագրություններում տեղ են գտել… Մոսկվան, հակառակը, ոչ թե սկզբից ևեթ ներքաշվեց, այլ՝ անակնկալի եկավ: Մենք երբեմն սկսում ենք մոռանալ, կամ սխալ ենք հաշվում այն փաստը, որ եթե մեր Նախագահը այդ մասին հայտարարեց Մոսկվայում, դա երբեք էլ չի նշանակում, որ Մոսկվայի խորհրդով էր դա արված: Շատ թափանցիկ է դա, այդպես մտածելու համար, ես, հակառակը, կարծում եմ՝ Նախագահը որոշել էր դա արդեն՝ Միացյալ Նահանգների կողմից խրախուսված և Մոսկվայում հայտարարեց՝ պարզապես Մոսկվային և նաև բոլորին տեղյակ պահելու համար, որ ինչ-որ գործընթաց է սկսվելու:

Հատկապես պետք է հիշենք, որ այդ օրերին իրենց արտաքին գործերի նախարար Լավրովն այդ այցելության հաջորդ օրերին գնալու էր Թուրքիա և արծարծելու էր նաև Ղարաբաղի հարցը։ Այսինքն՝ Մոսկվան Ղարաբաղի հարց էր քննարկում Թուրքիայի հետ, իսկ մի շաբաթ անց՝ Բաքու էր գնալու Ռուսաստանի այն ժամանակվա Նախագահը՝ Մեդվեդևը, ով Ադրբեջանի հետ ստորագրեց ռազմավարական համագործակցության հռչակագիր: Կարծում եմ՝ այդ քայլերին ի պատասխան էլ մեր Նախագահը Մոսկվայում հայտարարեց, որ Թուրքիայի հետ ինչ-որ գործընթաց է սկսվում: Մենք պետք է հիշենք նաև այն ելույթները, որ այդ ժամանակ տեղի ունեցան ռուսական Դումայում, երբ Հայաստանի Նախագահին ասում էին՝ «այդ ի՞նչ է՝ մեր ափսեից ուտում եք, բայց մեր մորուքն եք փետում»՝ Թուրքիայի հետ էս դիվանագիտական գործընթացները սկսելով: Ճիշտ է՝ վերջը Ռուսաստանը Թուրքիային այլ գործընթացների մեջ ներքաշելու համար, Արևմուտքից ինչ-որ ձևով այս կողմ պոկելու համար ցույց տվեց, որ, իբր, գործընթացի հովանավորն է: Պետք է նաև հիշենք, որ արձանագրությունների ստորագրումից հետո՝ 2010-ի հունվարին, երբ Լավրովը ամփոփում էր 2009 թվականին իր գլխավորած նախարարության աշխատանքները, հարց տրվեց Հայաստան-Թուրքիա արձանագրությունների մասին, և ասաց, որ ընդամենը ներկա է եղել ստորագրմանը, որովհետև հրավիրել էին: Եվ համոզված եմ, որ սա շատ ճշմարիտ է և իրականությանը համապատասխանում է:

Այնպես որ, դա զուտ ամերիկյան ծրագիր է, ու ԱՄՆ-ը ուզում է նման ծրագրով խուսափել իր պատասխանատվությունից՝ ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա սահմանին, ԱՄՆ Նախագահի իրավարար վճիռ և այլն: Եվ երկրորդ՝ դրանով փորձել տարածաշրջանում պակասեցնել Իրանի և Ռուսաստանի ազդեցությունը:

Դրա համար եմ ասում, որ տրամաբանության որևէ հիմք չկա ասելու, որ Ռուսաստանն էր դրա պատասխանատուն:

-Վիկտորիա Նուլանդը, արդ, չի էլ թաքցրել, որ շարունակելու են նման նախաձեռնությունները: Այս դեպքում Հայաստանն ի՞նչ պետք է և ի՞նչ կարող է անել:

-Ինչ որ պետք է անեին, մինչև հիմա թող անեին, ինչի՞ են սպասում… Կրկնում եմ՝ իր շեֆը հայտարարում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չեն կարգավորվի, մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի: Նոր բաները պարզապես մեզ Հայաստանի շահերից չբխող արձանագրությունների մեջ պահելն է… Հայաստանը վայրկյան առաջ այդ արձանագրություններից պետք է ձերբազատվի:

-Մենք անընդհատ ասում ենք՝ ԱՄՆ-ը կընդունի՞, Օբաման կարտասանի՞ «Ցեղասպանություն» բառը անգլերենով, իսկ Ռուսաստանից ինչո՞ւ սպասելիքներ չկան։ Ի վերջո, մեր ռազմավարական դաշնակիցն ու ԵԱՏՄ գործընկերը ևս չի ընդունել Հայոց ցեղասպանությունը:

-Որովհետև Ռուսաստանի Նախագահը եկել է Ծիծեռնակաբերդ, ծառ է տնկել… Ռուսաստանի երկու նախագահ եկել են, խնդիր չունեն, իսկ Միացյալ Նահանգների Նախագահը, հակառակ, որ խոստացել էր մինչև նախագահ լինելը, փորձում է այլ եզրույթներ օգտագործելով՝ խուսափել Ցեղասպանություն բառից, ինչը վիրավորական է: Այսինքն՝ «Մեծ եղեռն» ասել, որպեսզի «Ցեղասպանություն» չասվի, սա վիրավորական է: Եթե Օբաման գա Ծիծեռնակաբերդ, ծառ տնկի, կարծում եմ՝ բոլորը կբավարարվեն, ինչպես որ Ռուսաստանի նախագահներն են արել:

-Իսկ ինչպես կգնահատեք Նուլանդի՝ Ծիծեռնակաբերդ այցելելը, սա նման բարձրաստիճան ամերիկացի դիվանագետների համար ընդունվա՞ծ պրակտիկա է:

– Դարձյալ երբ իր շեֆը՝ պետքարտուղարը, այցելել է, դրանից հետո զարմանալի բան չկա, որ պետքարտուղարին ենթակա պաշտոնյաները այցելեն: Եվ նա ասել էր, որ «անձնապես եմ այցելում». ես ամերիկացիների այդ մեկնաբանությունը չեմ հասկանում:

-Լևոն Տեր-Պետրոսյանի ցուցակի հետ կապված…

-Լևոն Տեր-Պետրոսյանի ո՛չ ցուցակին, ո՛չ նամակին չեմ ուզում անդրադառնալ, որովհետև ձեռ է առնում բոլորիս, դրա համար կարծում եմ, որ նրան չարժե պատասխանել: