Դասախօսական հերթական երեկոն’ «ՀՈՒՍԿ» հաստատութիւնում

Դասախօսական հերթական երեկոն’ «ՀՈՒՍԿ» հաստատութիւնում

«ԱԼԻՔ», Ա. Շահնազարեան – Դեկտեմբերի 17-ի երեկոյեան Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի՝ «ՀՈՒՍԿ»-ի կենտրոնատեղիում կայացաւ հերթական դասախօսական երեկոն: Օրւայ դասախօսն էր Կովկասեան ուսումնասիրութիւնների կենտրոնի տնօրէն դոկտ. Մեհդի Հոսէյնին, որը անդրադարձաւ Կովկասի ծայարայեղական խմբաւորումների մասնակցութեանը եւ դերակատարութեանը սիրիական ճգնաժամին:

Դասախօսը նախ ներկայացրեց ռուս-չեչէնական յարաբերութիւնների զարգացման ընթացքը՝ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ, ապա անդրադարձաւ այն իրադարձութիւններին, որոնք տեղի ունեցան չեչէնական երկու պատերազմների միջեւ ընկած ժամանակահատւածում, որոնց արդիւնքում Հիւսիսային Կովկաս ներթափանցեցին վահաբիական-սալաֆիական ծայրայեղական խմբաւորումները եւ նրանց կից քարոզիչները, որոնք ախտահարեցին տեղի երիտասարդութեանն ահաբեկչութեան վիրուսով:
Դոկտ. Հոսէյնին անդրադարձաւ նաեւ 2001 թւականի սեպտեմբերի 11-ի դէպքերից յետոյ ստեղծւած իրավիճակին, որն օգտագործելով Մոսկւան մէկը միւսի յետեւից վերացնել չեչէն անջատողականների ղեկավարներին: Արդիւնքնում ասպարէզը մնաց նորաթուխ վահաբիական-սալաֆիական երիտասարդ ծայրայեղական ակտիւիստներին, որոնք շատ արագ վերածւեցին միջազգային ահաբեկիչների, իսկ սիրիական ճգնաժամը նրանց դրսեւորւելու լաւագոյն հնարաւորութիւնն ընձեռեց:

Նա յատուկ ընդգծեց, այն դերակատարութիւնը, որ ունի Թուրքիան այս ահաբեկիչներին Սիրիա տեղափոխելու գործում: Ըստ նրա՝ Հիւսիսային Կովկասի, Ադրբեջանի եւ Միջին Ասիայի երկրների երիտասարդ ծայրայեղականները Սիրիա են տեղափոխւում Թուրքիայի վրայով, այդ երկրի կառավարութեան անմիջական իմացութեամբ: Այս աշխատանքում Անկարայի հետ համագործակցում են Ադրբեջանի եւ Վրաստանի իշխանութիւնները, որոնք նպաստում են դրանց տարանցման գործին:

Անդրադառնալով Սաուդական Արաբիայի ցայտուն ներկայութեանը Հիւսիսային Կովկասում, դոկտ. Հոսէյնին կարծիք յայտնեց, որ այն տեղի է ունենում ռուսական իշխանութիւնների իմացութեամբ եւ թոյլտւութեամբ: Սա այն դէպքում, երբ տեղական իշխանութիւններն ամէն գնով փորձում են նւազագոյնի հասցնել Իրանի ներկայութիւնը տարածաշրջանում, որի հետ ի դէպ կապւած են պատմական դարաւոր կապերով: Դասախօսն աւելացրեց, որ գրեթէ նոյն վիճակն է նաեւ Ադրբեջանում, որի իշխանութիւնները փորձում են օգտագործելով վահաբիական-սալաֆիական գործօնը՝ նւազագոյնի հասցնել Իրանի ազդեցութիւնը: «Արդիւնքում Ադրբեջանն այսօր վերածւել է վահաբիական ծայրայեղականների տաքուկ բնի»,- ասաց նա:

Դասախօսութեան աւարտին դոկտ. Հոսէյնին պատասխանեց ներկաների հարցերին: