Եւրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահի հանդիպումները Վրաստանում

Պաշտոնական հանդիպումների նպատակով, նոյեմբերի 10-12 -ին, հերթական անգամ Վրաստան էր այցելել Եւրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը: Թբիլիսի այցելության ժամանակ Հայ Դատի հանձնախմբի նախագահը EAFJD logoհանդիպել է Վրաստանի Արտաքին գործոց, Վրաստանի Հաշտության եւ քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ Վրաստանի Սոցիալ դեմոկրատական կուսակցության նախագահ Գիյա Ժորժորլիանիի հետ:

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել այն հարցին, որ գրեթե ողջ ջավախահայ բնակչությունը չի տիրապետում վրացերեն լեզվին: Նշվել է, որ պետական լեզվի չիմացության պատճառով բնակչության այս հատվածը պետության հետ հարաբերվելու, օրենքները հասկանալու ու իր իրավունքները պաշտպանելու դժվարություն ունի, եւ փաստորեն մյուսների նկատմամբ հայտնվել է խտրական վիճակի մեջ: Այս կացության հաղթահարման նպատակով Գասպար Կարապետյանն առաջարկել է հայոց լեզուն տարածաշրջանում ընդունել որպես երկրորդ վարչական լեզու՝ այն ժամանակամիջոցի համար, մինչեւ որ շրջանի հայությունը կտիրապետի վրացերենին:

Արծարծվել է նաեւ Վրաստան-Հայաստանի վիզային դրության հետ կապված իրավիճակը, ինչը մեծ դժվարություններ է ստեղծել այն ջավախահայերի համար, ովքեր Ռուսաստան մեկնելու նպատակով ստիպված են եղել ընդունել Հայաստանի քաղաքացիություն եւ այժմ դժվարություն ունեն վերադառնալու Ջավախք՝ իրենց հարազատ օջախներ:
Վրացական կողմին առաջարկվել է այս հարցի լուծման հստակ մեխանիզմ:

Արված առաջարկի ուղղությամբ պատկան մարմինները այնուհետեւ նախաձեռնել են քննարկումներ:
Հարց է բարձրացվել նաեւ այն մասին, որպեսզի գյուղատնտեսության ոլորտին եւ ընդհանրապես զարգացման նպատակով, պետական բյուջեից եւ Եւրոպական միության կողմից արվող հատկացումներից համամասնորեն բաժին հանվի նաեւ Ախալքալակի եւ Նինոծմինդայի շրջաններին:

Այնուհետեւ Ջավախքում հանդիպումներ են կայացել Ախալքալակի շրջանից Վրաստանի խորհրդարանի պատգամավորի, Ախալքալակի Սակրեբուլոյի /տեղական խորհրդի/ նախագահի, ինչպես եւ շրջանային վարչության ղեկավարի հետ: Տեղում առավել մանրամասնորեն քննարկվել են Թբիլիսիում արծարծված հարցերը: Որոշվել է համատեղ աշխատել տվյալ հարցերի լուծման ուղղությամբ:

Վրաստանի կենտրոնական իշխանության պաշտոնյաների հետ եւս ձեռք է բերվել պայմանավորվածություն մոտ ժամանակներում կրկին հանդիպելու եւ բարձրացված հարցերի լուծման ընթացքին անդրադառնալու վերաբերյալ: